ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծած տարածաշրջանային խաղում էական դերակատարում ունեն Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Իրանի դեմ գործողություններ իրականացնող պետություններ։ Այս մասին նշեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց է համաձայնել այս «ավանտյուրային»․ սա նոր գործընթաց չէ։ «Ես նաև բազմիցս նշել եմ, որ Արցախը փաստացիորեն նվիրաբերվել է Ադրբեջանին՝ այս մեծ աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման նպատակով։ Դա այն բոնուսն էր, որի դիմաց Ադրբեջանը համաձայնեց մասնակցել այս խաղին», — պնդում է Աղաջանյանը։
Ըստ նրա՝ նույն Թուրքիան ևս մասնակցում է այս գործընթացներին՝ ոչ միայն իր պանթուրանական ծրագրերը առաջ տանելու համար։ «Հիշենք 2022 թվականի աշունը, երբ ռուսական կողմը բավականին ծանր վիճակում էր։ Այդ ժամանակ «Գորշ գայլերի» ղեկավարները Էրդողանին նվիրեցին «թուրքական աշխարհի քարտեզը», որտեղ հստակ երևում էին նրանց տարածքային հավակնությունները։ Այս համատեքստում Թուրքիան նույնպես ստացել է իր բոնուսները՝ մասնավորապես Սիրիայի հյուսիսային հատվածում վերահսկողություն և այնտեղ գործող քրդական ուժերի ազդեցության նվազեցում կամ վերացում որպես գործոն։ Մենք տեսանք, թե ինչպես այդ գործընթացները ներկայացվեցին ամերիկյան կողմից՝ բավական «գեղեցիկ» ձևակերպումներով, մինչդեռ իրականում այնտեղ տեղի են ունենում գործողություններ, որոնք ըստ էության ցեղասպանություն էին», — ասաց նա։
Այս պահին, շարունակեց նա, Բաքուն փորձում է ստեղծել պատվակ իր ներգրավվածությունը հիմնավորելու համար և Նախիջևանի դեպքը հենց այդ շարքից էր։
«Նախիջևանի դեպքը ակամայից դեժավյուի զգացում առաջացրեց։ Այն հիշեցրեց Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսած պատկերները։ Եթե հիշեք, ասֆալտի մեջ «գեղեցիկ» հորատված հրթիռի հետքն էր երևում՝ առանց որևէ լուրջ վնասի։ Նույն պատկերն էր նաև այստեղ․ ցույց էին տալիս հրշեջ մեքենաներ, որոնք չգիտես ինչու արդեն պատրաստ կանգնած էին օդանավակայանում; շտապօգնության անձնակազմը նույնպես այնտեղ էր և կարծես սպասում էր, թե երբ պետք է ինչ-որ բան տեղի ունենա։ Երբ պայթյունը տեղի ունեցավ, նրանք շտապ սկսեցին շարժվել դեպի դեպքի վայրը։ Այս ամենը, ըստ էության, տպավորություն է ստեղծում, որ գործ ունենք բեմականացված գործողության հետ, որի նպատակն էր պատրվակ ստեղծել կամ հիմնավորել Ադրբեջանի հնարավոր ներգրավումը գործընթացներին», — նշեց դիվանագետը։
Սակայն, նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտորեն գործընթացի մեջ կմտնենմիայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ արդյունքը երաշխավորված է, և որ այդ գործընթացը չի վնասի իրենց պետություններին կամ անձամբ իրենց ղեկավարներին՝ Էրդողանին և Ալիևին»։ Այդ պատճառով, նշում է Աղաջանյանը, այս երկրները նրանք հաճախ գործում են «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքով։ Արտաքուստ ստեղծում են այնպիսի տպավորություն, թե պատրաստում են հող հետագա գործողությունների համար, սակայն իրականում փորձում են խուսափել ռիսկերից և հնարավոր հարվածներից։
«Տարիների ընթացքում մենք բազմիցս տեսել ենք այդ մանևրները, նույնիսկ այնպիսի իրավիճակներ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները արտաքինից թվում էին չհամաձայնեցված, սակայն իրականում դրանք համակարգված քայլեր էին։ Այս ամենը արվում էր, որպեսզի հնարավոր լինի խուսափել անմիջական ներգրավումից, միևնույն ժամանակ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանություն են մարդիկ, որոնք հաճախ ենթակա են արտաքին թելադրանքների։ Այդ պայմաններում Հայաստանից հերթական «պատառը» պոկելը դառնում է հնարավոր», — ընդգծեց նա։
Սակայն գնալով մանևրելու հնարավորությունները նի ինչ-որ պահի կդառնան սահմանափակ։ «Պետք է հիշել, որ Արևմուտքը երբեք որևէ բան անվճար չի տալիս։ Այն բոլոր ռեսուրսները, որոնք տասնամյակների ընթացքում ներդրվել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում, արվել են կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով։ Եվ այդ ներդրումների «հաշիվը» մի օր փակվելու է։ Ավելին՝ այդ հաշիվը փորձելու են փակել մինչև վերջին կաթիլը, նույնիսկ ավելին վերցնելով։ Պարզապես այս պահին իրավիճակն այնպիսին է, որ Ամերիկան կարծես փորձում է աստիճանաբար դուրս գալ խաղից՝ պատասխանատվությունը թողնելով Իսրայելի վրա և հետագայում հաշիվ ներկայացնելով նաև արաբական երկրներին՝ տարածաշրջանում ռազմաբազաների վերականգնման համար։ Այդ պատճառով այսօր կարելի է տեսնել, որ Միացյալ Նահանգները փորձում է հայտարարություններ անել հաղթանակի մասին և միաժամանակ շեշտադրումները տեղափոխել այլ ուղղություններ, օրինակ՝ Կուբայի թեմայի վրա։ Հռետորաբանությունը, իհարկե, շարունակվելու է, բայց արդեն նկատվում են որոշակի հետքայլերի նշաններ», — եզրափակեց Աղաջանյանը։

