Irani shurj iradardzwutyunnery

Իրանի շուրջ խաղադրույքները բարձրանում են․ հնարավոր է նոր լայնածավալ պատերազմ

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին մոտենում է «բիֆուրկացիայի կետին», երբ զարգացումները կարող են գնալ մի քանի ուղղություններով, և դրանցից առավել վտանգավոր տարբերակը ցամաքային ռազմական գործողությունների մեկնարկն է, որը, ըստ էության, որևէ մեկը չի բացառում։ Այս մասին նշել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ Իրանի մասնատման սցենարը փաստացի դուրս է եկել օրակարգից։ Քաղաքագետը նշում է, որ չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի կոչերին, Իրանի ներսում չի ձևավորվել այնպիսի ներքին շարժում, որը կարող էր նպաստել այդ սցենարի իրականացմանը։ Այդ ֆոնին Միացյալ Նահանգներում աճում է դժգոհությունը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, և նախագահ Դոնալդ Թրամփը ունի սահմանափակ ժամանակ արտաքին քաղաքական հաջողություն ցուցադրելու համար։ «Ապրիլ, մայիս, հունիս՝ մոտ երեք ամիս կա, որպեսզի ինչ-որ հաղթանակ առնվազն կարողանա վաճառել հասարակությանը», — նշել է նա՝ հիշեցնելով նաև հուլիսի 4-ի՝ ԱՄՆ անկախության օրվա խորհրդանշական նշանակությունը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ցամաքային ռազմական գործողությունների սցենարը այս պարագայում ունի ավելի շատ «կազինոյի տրամաբանություն», երբ կողմը, արդեն կորուստներ ունենալով, շարունակում է բարձրացնել խաղադրույքները՝ փորձելով փոխհատուցել նախորդ ձախողումները։

Ավելին նույնիսկ ռազմական գործողությունների հաջող ընթացքի պարագայում, դա կլինի միայն գործի կեսը։ Մելքոնյանը ընդգծում է, որ տարածք գրավելը դեռ չի նշանակում հաղթանակ։ Նա օրինակ է բերում Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ հիշեցնելով, որ Կիևի մերձակայքում ռազմավարական հաջողությունները չհանգեցրին երկարաժամկետ վերահսկողության։ «Խնդիրը ոչ միայն գրավելն է, այլ նաև պահելը», — շեշտել է նա՝ հավելելով, որ նույն խնդիրը կարող է առաջանալ նաև ԱՄՆ-ի դեպքում։

Նրա գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է հանգեցնել առավել ծանր հետևանքների, քանի որ շարունակական էսկալացիան մեծացնում է ընդհանուր կորուստների ռիսկը։ Միևնույն ժամանակ, Մելքոնյանը նշում է, որ նման սցենարի պայմաններում միակ շահառուն կարող է լինել Իսրայելը, մինչդեռ մյուս կողմերը կկանգնեն լուրջ մարտահրավերների առաջ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս բարձր է գնահատում հնարավոր ցամաքային ռազմական սցենարների ռիսկը։ Նա նշում է, որ թեև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Վաշինգտոնը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողությունների, իրականում տարածաշրջանում ամերիկյան զինվորական ներկայության աճը հակառակն է հուշում։

Ոսկանյանի խոսքով՝ լրացուցիչ զորքերի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է, և նման զարգացումը ինքնին վկայում է, որ պատերազմը չի ընթանում այն սցենարով, որը նախապես նախատեսել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

Իրանագետը նշում է, որ Իրանում արդեն քննարկվում են հնարավոր հակաքայլերը՝ հատկապես այն դեպքում, եթե սկսվեն ցամաքային ռազմական գործողություններ։ Նրա փոխանցմամբ՝ փորձագիտական շրջանակներում դիտարկվում են «անհամաչափ պատասխանների» տարբերակներ, որոնք կարող են էապես փոխել ուժերի բալանսը տարածաշրջանում։ Այդ սցենարներից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից ցամաքային միջանցքի բացում դեպի Քուվեյթ՝ Իրաքում գործող իրանամետ ուժերի աջակցությամբ։ Նպատակը կարող է լինել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ առաջխաղացումը և դրանց գրավումը։Ոսկանյանը նշում է նաև երկրորդ հնարավոր ուղղությունը, որը վերաբերում է Իրաքի քրդական ինքնավարությանը։ «Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում  հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը», — նշում է նա։

Այսպիսով, տարածաշրջանում զարգացումները կարող են արագ անցնել նոր, առավել վտանգավոր փուլ, որտեղ ցամաքային գործողությունները կընթանան միանգամից մի քանի ուղղությունով։

Scroll to Top