Հայաստանը պաշտոնապես դիմել է Վրաստանին՝ գազատարի մի հատվածի տեղափոխման խնդրանքով։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ նման որոշման հիմքում անվտանգության ռիսկերն են ՝ գազատարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում, որը դեռևս 1990-ականներից ականապատված է։ Այս պայմաններում ոչ միայն անհնար է ապահովել նվազագույն անվտանգության չափանիշներ, այլև իրականացնել անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և վերանորոգում, նշվում է հիմնավորման մեջ։ Իսկ թե ինչու իրականում նման փոփոխություններ անելու անհրաժեշտություն առաջացավ մեկնաբանեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
Խնդիրը գաղտնի համաձայնություններն են
Նրա գնահատմամբ՝ խոսքը ոչ թե անվտանգության, այլ քաղաքական պայմանավորվածությունների մասին է։ Մանվելյանի խոսքով՝ իշխանությունների ներկայացրած պատճառաբանությունը, թե գազատարի տվյալ հատվածը գտնվում է ականապատ գոտում, «բացարձակ չի համապատասխանում իրականությանը»։ Մանվելյանը համոզված է, որ իրական պատճառը կապված է Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությունների հետ։
«Նայեք՝ այդ իրենց պատճառաբանությունը, որ իբր գտնվում է ինչ-որ ականապատ հատվածում, բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Պատճառը մեկն է․ կա գաղտնի համաձայնություն ադրբեջանական կողմի հետ՝ նրան նվիրաբերելու այսպես կոչված «անկլավները», որոնք օրինական հիմք չունեն, որովհետև Հայաստանի տարածքում ոչ մի անկլավ էլ չկա», — նշել է նա։
Մանվելյանի պնդմամբ՝ հենց այդ «անկլավների» տարածքով է անցնում գազատարը, և իշխանությունները հասկանում են, որ տարածքների փոխանցման դեպքում Ադրբեջանը կստանա լուրջ լծակներ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։
Տարածքային վերահսկողության վտանգները
Քաղաքագետը ընդգծել է, որ նույնիսկ գազատարի տեղափոխումը չի լուծում հիմնական խնդիրը։ Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե որքանով այն կտեղափոխվի՝ 2, 5 կամ նույնիսկ 10 կիլոմետր, ենթակառուցվածքը միևնույնն է կհայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ՝ ուղղակի կամ անուղղակի ձևով։
Մանվելյանի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ ցանկացած պահի ադրբեջանական կողմը կարող է վնասել գազատարը։
Նա նաև զգուշացրել է, որ խնդիրը միայն գազատարով չի սահմանափակվում։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է նաև երկաթգծին և Հայաստան–Վրաստան ավտոճանապարհին, որոնք ևս կարող են հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Սա արդեն նշանակում է, որ ոչ միայն գազատարն է հայտնվում վտանգի տակ, այլ նաև երկաթգիծը և ճանապարհը, որ գնում է դեպի Վրաստան։ Այսինքն՝ Հայաստան-Վրաստան ճանապարհը կարող է հայտնվել ադրբեջանցիների անմիջական վերահսկողության տակ», — նշել է նա։
Նախապատրաստություն տարածքների հանձնման համար
Մանվելյանը համոզված է, որ ներկայումս ընթացող գործընթացները նախապատրաստական փուլ են՝ ուղղված հերթական տարածքային զիջումների։ Նրա խոսքով՝ Վրաստանին ուղղված դիմումը հենց այդ քաղաքականության դրսևորումն է։
Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործընթացները տեղի են ունենում նախընտրական շրջանում, երբ, նրա խոսքով, իշխանությունները հայտարարում են ինքնիշխանության և անկախության մասին, սակայն իրականում կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները։
Նա ընդգծել է, որ գազատարի տեղափոխումը պահանջելու է լրացուցիչ ֆինանսական ծախսեր՝ այն դեպքում, երբ այդ ենթակառուցվածքը շուրջ 35 տարի գործել է առանց խնդիրների։
Այսպիսով, Մանվելյանի գնահատմամբ, գազատարի տեղափոխման նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես լայն քաղաքական գործընթացի մաս, որը կունենա երկարաժամկետ հետևանքներ Հայաստանի համար։
