ԱՄՆ-ի և Իրանի միջև իրական բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Թեև որոշ ժամանակահատվածներում կարող են նկատվել բանակցային ակտիվության փորձեր, ներկայիս պայմաններում Իրանը շահագրգռված չէ բանակցություններ սկսելու հարցում։ Այս մասին նշել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա կասկածի տակ է դրել նաև այն առաջարկները, որոնք վերագրվում են ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ ներկայացված պայմանների մեծ մասը որևէ «խելամիտ պետություն» չի ընդունի։ Միևնույն ժամանակ, դեսպանը ենթադրել է, որ որոշ դրույթների շուրջ Իրանը նախկինում կարող էր համաձայնություն տալ, սակայն պատերազմը ամբողջությամբ փոխել է իրավիճակը։
Միջուկային թեմա․ «Իրանը չի խախտել պարտավորությունները»
Դեսպանը առանձնահատուկ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին՝ նշելով, որ Թեհրանի հիմնական պարտավորությունը՝ միջուկային զենք չունենալը, չի խախտվել։
Նրա խոսքով՝ դեռ 2003 թվականին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի կողմից ընդունված որոշումը արգելում է միջուկային զենքի ստեղծումը, և այդ դիրքորոշումը շարունակում է գործել։ Բացի այդ, Աղաջանյանը հիշեցրել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի անդամ է, ի տարբերություն Իսրայելի։
Նա նաև նշել է, որ Իրանի կողմից իրականացվող ուրանի հարստացումը չի խախտում միջազգային պարտավորությունները, իսկ նախկինում քննարկվող որոշ փոխզիջումներ, օրինակ՝ հարստացված ուրանի մասի փոխանցումը միջազգային կառույցներին, ներկայիս պատերազմական պայմաններում այլևս արդիական չեն։
Պատերազմի գինը և ԱՄՆ-ի կորուստները
Աղաջանյանի գնահատմամբ՝ հակամարտության ավարտը կախված է այն բանից, թե երբ ԱՄՆ-ի համար պատերազմի տնտեսական և քաղաքական գինը կգերազանցի դրա շարունակման օգուտը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները արդեն իսկ կրում են զգալի կորուստներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական ոլորտում։ Դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմը կարճ ժամանակահատվածում սպառել է հրթիռների զգալի պաշարներ, ինչը լուրջ մարտահրավեր է նրանց ռազմական կարողությունների համար։
«Մենք տեսնում ենք, որ բացի այն, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների կորուստ են ունենում ամենօրյա ռեժիմով, նրանք չեն կարողանում ապահովել այս գործողությունների համար հրթիռների բավարար արտադրություն։ Ըստ հենց իրենց մասնագետների՝ նրանք առաջին երկու օրվա ընթացքում արդեն օգտագործել են 800 հրթիռ, մինչդեռ այդ հրթիռների տարեկան արտադրությունը կազմում է 700-750 հատ։ Այսինքն՝ նրանք երկու օրում սպառել են մեկ տարվա արտադրությունը», — նշեց Աղաջանյանը։
Բացի նյութական կորուստներից, նա ընդգծել է նաև քաղաքական հեղինակության անկումը՝ նշելով, որ ընթացիկ գործողությունները արդեն կարելի է համարել ձախողված։
«Իրանը հիմա չի գնա բանակցությունների»
Դեսպանի գնահատմամբ՝ ներկայիս պայմաններում Իրանը շահագրգռված չէ բանակցություններ սկսելու հարցում։
«ԱՄՆ-ն անընդհատ պնդում է մեկ ամիս զինադադարի և այդ ժամանակահատվածում բանակցություններ վարելու առաջարկը, բայց իրանական կողմին դա բացարձակապես ձեռնտու չէ, նախ իր երկրի մոբիլիզացիոն տրամադրությունները անկման չբերելու, երկրորդ հնարավորություն չտալու թշնամուն ուժերի համակենտրոնացմանը», -ն՛եց դեսպանը։
Միաժամանակ, Աղաջանյանը հավելեց, որ ցանկացած պատերազմ ի վերջո ավարտվում է բանակցություններով, սակայն դրա համար պետք է ընտվի ճիշտ պահ։ Նրա խոսքով՝ այժմ այդ պահը Իրանի համար դեռ չի հասունացել, իսկ ամերիկյան կողմը, չնայած կորուստներին, դեռ պատրաստ չէ իրական զիջումների։
Այս համատեքստում դեսպանը եզրափակել է, որ տարածաշրջանում լարվածությունը կպահպանվի, իսկ բանակցային գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը կհասնեն փոխադարձաբար ընդունելի պայմանների։

