2018 թվականին իշխանության գալուց ի վեր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը սեփական քաղաքական լեգիտիմությունը կառուցել է տարբեր փուլերում հասարակությանը ներկայացված խոստումների, քաղաքական առասպելների և վախերի վրա։ Այս մասին ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ փոխվել են նաև այդ լեգիտիմությունը հիմնավորող թեզերը։ Նրա խոսքով՝ իշխանության առաջին տարիներին հիմնական շեշտը դրված էր հեղափոխության արժեքների վրա, նախկին իշխանությունները ներկայացվեցին որպես գլխավոր չարիք, իսկ նրանց դեմ պայքարը՝ որպես պետության ժողովրդավարացման և նոր Հայաստանի կառուցման նախապայման։ Նախկին իշխանությունների դեմոնացումը հասարակության մի հատվածի համար դարձավ հիմք, որը թույլ էր տալիս չնկատել արդեն նոր իշխանության կողմից իրականացվող ժողովրդավարական սկզբունքներից հեռու քայլերը։
Քաղաքագետի խոսքով՝ հետագայում լեգիտիմության գլխավոր աղբյուրը փոխվեց։ 2020 թվականի պատերազմից և պարտությունից հետո իշխանությունը, ըստ Դանիելյանի, հասարակությանն արդեն կանգնեցրեց գոյաբանական վտանգի առաջ։ Հայաստանի հնարավոր կործանման կամ նոր պատերազմի սպառնալիքը դարձավ այն հիմնավորումը, որով իշխանությունը փորձում էր հասարակությանը համոզել, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը, Արցախից հրաժարումը և իրենց վերարտադրությունը անհրաժեշտ գին են երկրի անվտանգությունը պահպանելու համար։ «Իրենք իրենց լեգիտիմությունը կառուցում էին նրա վրա, որ իբր խաղաղություն են բերելու», — նշել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությունն օգտագործվեց նաև ընտրական գործընթացներում։ Իշխանությունը, ըստ նրա, հասարակությանը ներկայացնում էր ընտրությունը որպես խաղաղության և պատերազմի միջև ընտրություն՝ պնդելով, որ իրենց չընտրելու դեպքում նոր մեծ պատերազմ կլինի։
Այսօր, Դանիելյանի գնահատմամբ, ձևավորվում է իշխանության լեգիտիմության արդեն հաջորդ «փաթեթը»։ Խաղաղության խոստումներին ավելացել է Արևմուտքի աջակցության մասին կեղծ թեզը։ Հասարակությանը փոխանցվում է այն պատկերացումը, իբր Հայաստանը այնպիսի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, որ այդ երկրները պատրաստ են դառնախ ՀՀ անվտանգության երաշխավորը և թույլ չեն տա, որ Ադրբեջանը կամ Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա։
Քաղաքագետի համոզմամբ՝ այս պատկերացումը իրականության հետ չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին ռազմական պաշտպանության որևէ երաշխիք չի տվել։ Ավելին՝ Արևմուտքի քաղաքական աջակցությունը գործող իշխանությանը հայաստանյայն ներքին հարցերում չի կարելի նույնացնել Հայաստանի ռազմական պաշտպանության երաշխիքի հետ։
Ավելին՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում նույնիսկ ռազմաբազաների առկայությունը անվտանգության երաշխիք չի ծառայում, իսկ որոշ դեպքերում հակառակը՝ լրացուցիչ սպառմանիքներ է ստեղծում։ Այս համատեքստում նա հիշեցրեց Պարսից ծոցի երկրները, որտեղ ԱՄՆ-ն ուներ ռազմական բազաներ, հակահրթիռային համակարգեր և ռազմական ներկայություն, ինչը սակայն ամենևին չամրապնդեց այդ երկրների դիրքերը։ Այդ երկրներում ամերիկյան ներկայությունը ինքնաբերաբար չի նշանակում, որ ցանկացած պատերազմի դեպքում ԱՄՆ-ն պարտավորվելու է անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին, հավելեց Դնիելյանը։
Քաղաքագետը միաժամանակ կարևորում է տարածաշրջանային գործոնները և, մասնավորապես, Իրանի դերը Հայաստանի անվտանգության համակարգում։ Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակության շրջանում պետք է ձևավորվի ավելի իրատեսական պատկերացում այն մասին, թե որ երկրներն ինչ հնարավորություններ և պարտավորություններ ունեն Հայաստանի անվտանգության հարցում։
Դանիելյանի գնահատմամբ՝ իշխանության քաղաքականությունը վերջին տարիներին պետք է դիտարկել հենց այս փոփոխվող լեգիտիմացումների շղթայի համատեքստում։ Հեղափոխության շրջանում ստեղծվել էր նախկին իշխանությունների դեմ պայքարի, պատերազմից հետո՝ խաղաղության գնով զիջումների անխուսափելիության պատկերացում և «նոր Հայաստանի» գաղափարի շուրջ համախմբման անհրաժեշտություն, իսկ այսօր նույն քաղաքական համակարգը փորձում է իր նոր հիմնավորումը գտնել իրականում գոյություն չունեցող Արևմուտքի աջակցության և արտաքին անվտանգության խոստումների մեջ։
Ըստ քաղաքագետի՝ խնդիրը ոչ միայն իշխանության կողմից այս թեզերի առաջադրումն է, այլև այն, որ հասարակությանը դրանք հաճախ ընկալում է որպես արդեն իսկ հաստատված իրողություններ՝ առանց դրանց իրական հնարավորությունների և սահմանափակումների մասին լիարժեք պատկերացում կազմելու։

