Կա՞ իմպիչմենթի հնարավորություն․ ընդդիմադիր վարչապետի թեկնածուն դատապարտվել է

Կա՞ իմպիչմենթի հնարավորություն․ ընդդիմադիր վարչապետի թեկնածուն դատապարտվել է

Երևանի քրեական դատարանը հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Եթե դատարանը նշանակեր 6 տարվա ազատազրկում, ապա Համբարձումյանը կօգտվեր համաներման դրույթներից, սակայն հիմա նա  կկրի պատիժն ամբողջությամբ։

Գործուղման մեջ գտնվող Համբարձումյանը հայտարարություն տարածեց և նշեց, որ փախչելու միտքն անգամ բացառում է․ «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել:  Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։ Նա նաև հավելել է․« 7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, մեկնաբանելով դատական որոշումը, նշեց․ «Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ՝  քաղաքական հետապնդում է, որը պայմանավորված է թե՛ իր քաղաքական մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ, թե՛ ՔՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով,  թե՛ իր իմպիչմենտի թեկնածու լինելու փասով»։ Ըստ նրա՝ այս դատավճիռը ևս մեկ անգամ ցույց է տալիս գործող իշխանության  վախը իմպիչմենտի գործընթացից։

«Այս ամենը որևէ բացասական ազդեցություն իմպիչմենտի գործընթացի վրա չի կարող ունենալ: Ավելին, կարծում եմ, թե՛ մեր քաղաքացիները, թե՛ մեր գործընկերները կհասկանան և ևս մեկ ապացույց կտեսնեն, որ այս գործընթացը այլընտրանք պարզապես չունի», — ասաց նա:

Մամիջանյանը պնդեց նաև, որ շարունակում է հավատալ իմպիչմենտի գործընթացի կենսունակությանը։ «Նայենք հարցի գործընթացի էվոլյուցիան․  հունիսի 7-ին այս գործընթացը, երբ նախաձեռնվում էր, շատ-շատերը դրա հաջողությանը չէին հավատում, իսկ այսօրվա դրությամբ դա միակ գործընթացն է, որը ունի ամբողջական, ընդդիմադիր,խորհրդարանական  և զգալի արտախորհրդարանական աջակցություն: Իսկ թե դրա մասին ինչ հայտարարություններ են անում իշխանությունները կամ դրանց լրատվականները, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ավելին ասեմ, այն ՔՊ-ականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացի տակ, այդ օրը առավոտը փռփուռը բերաններին պաշտպանելու են Փաշինյանին։ Այլ բան անհնար է սպասել գործող ռեպրեսիվ մեխանիզմի պարագայում», — եզրափակեց Մամիջանյանը: 

Scroll to Top