«Սակագնային փուչիկը» պայթելու է․ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է 

«Սակագնային փուչիկը» պայթելու է․ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է 

Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման պայմաններում Հայաստանում բնական գազի ձեռքբերման արդյունքում տարեկան շուրջ 20 մլրդ դրամ ավելցուկային դրամական միջոցներ է կուտակվել: Այս մասին հայտնել է փորձագետ Վահե Դավթյանը։

Հղում անելով սեփական աղբյուրներին՝ Դավթյանը նշեց, որ օգոստոս ամսվա դրությամբ այդ ավելցուկը հասնում է 40 մլրդ դրամի: Ակնհայտ է, շորունակում է նա, որ այդ միջոցները կարող են հիմք ծառայել երկրում գազի սակագնի իջեցման համար, սակայն իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով:

«2024 թ.-ին որոշում է կայացվում չիջեցնել գազի սակագները, իսկ նշված կուտակված միջոցներն ուղղվում են Երևանում գազի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, մինչդեռ դա պետք է իրականացվեր նոր բաժանորդների միացման վճարների հաշվին: Այդ վճարները, բնականաբար, շարունակվում են կուտակվել, իսկ 2024 թ.-ի հուլիսին ՀԾԿՀ-ն որոշում է կայացնում այդ գումարների մի մասն ուղղել Կիրանցում նոր գազատարի շինարարությանը՝ խդիր, որը ևս չի լուծվում», — պնդում է փորձագետը:

Ըստ նրա՝  2024 թ. դեկտեմբերի որոշմամբ ՀԾԿՀ-ն այդ կուտակված գումարից շուրջ 13 մլրդ դրամ ուղղում է էլեկտրաէներգիայի սակագնի դեֆիցիտի փակմանը: Նույն որոշմամբ ՋԷԿ-երի համար գազի սակագինը սահմանվում է անտրամաբանական ցածր՝ 46 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, մնացած տարբերությունն էլ սուբսիդավորվում է վերոնշյալ գումարից:

«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձևավորվել սակագնային այդ դեֆիցիտը: Խնդիրը արտաքին էներգետիկ քաղաքականության տիրույթում է: 2024 թ.-ին Հայաստանը Իրանից ներկրել է պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գազ, ինչի հետևանքով 2025 թ.-ի սակագնում առաջացել է 13 մլրդ ՀՀ դրամի ճեղքվածք: Եվ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, խնդրի մասին ուղիղ խոսելու ու դրան լուծումներ փնտրելու փոխարեն, իշխանությունները կոծկում են այս իրավիճակը՝ նախընտրելով գնալ տնտեսական հաշվարկից զուրկ՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման ճանապարհով», — պնդում է նա:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում, նշում է Դավթյանը,  էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի գործող կանոնների շնորհիվ: «Մասնավորապես, ազատականացման արդյունքում շուկա մուտք գործած սպառողները ավելի քիչ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, քան նախկինում, իսկ շուկա մուտք գործած արտադրողները ավելի թանկ են վաճառում իրենց էլեկտրաէներգիան: Այս իրավիճակն իսկապես աբսուրդային է, սակայն հենց դրա արդյունքում ձևավորված տարբերությունը փաստացի հատուցվում է շարքային սպառողների կողմից, այսինքն՝ 1,1 մլն սպառող ավելի թանկ է վճարում, որպեսզի մոտ 300 սպառող օգտվի էժան էլեկտրաէներգիայից», — ասաց նա:

Դավթյանն ընդգծում է, ոև դազմիցս խոսել է այն մասին, որ շուկայի ազատականացումը էներգետիկ անվտանգության ուղիղ ռիսկ է Հայաստանի համար՞ իսկ բերված տվյալները դա ապացուցում են ՛՛գետնի վրա՛՛: «Ստեղծված իրավիճակում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Հավանաբար, նույն սխեմաների կիրառմամբ դրանք կպահպանվեն նաև եկող տարի, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները: Սակայն արհեստականորեն սակագների պահպանումը չի կարող երկարաժամկետ բնույթ կրել: ՛՛Սակագնային փուչիկը՛՛ վաղ թե ուշ պայթելու է՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական ռիսկերի», — ասաց նա:

Scroll to Top