Բաքուն ձգտում է հաստատվել որպես միջին տերություն տարածաշրջանում

Բաքուն ձգտում է հաստատվել որպես միջին տերություն տարածաշրջանում

Ադրբեջանի վերջին քայլերը՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների հետ եղած բոլոր արգելքները հանելը, մի քանի նպատակ են հետապնդում՝ ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ քարոզչական։ Նման կարծիքի է  տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ 

Պետրոսյանը ընդգծեց, որ հենց այս բեռնափոխադրման միջոցով իրականացված քայլը պատահական չէ։ Փորձագետի խոսքով՝ Բաքուն այս քայլով փորձում է ազդել TRIPP նախագծի շուրջ ընթացող բանակցությունների վրա և Միացյալ Նահանգների աչքում դրական պատկեր ձևավորել։ «Ադրբեջանը քարոզչական առումով փորձում է օգտագործել այս իրավիճակը՝ Միացյալ Նահանգների այսպես ասած աչքը շոյելու նպատակով», — ասել է նա։

Պետրոսյանի գնահատմամբ՝ TRIPP թեման և դրա կարգավորումների շուրջ ընթացող քննարկումները դեռ բավական երկարատև են լինելու, սակայն Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր ուղիներով, այդ թվում՝ ամերիկյան միջամտության միջոցով, ազդել բանակցությունների ընթացքի վրա և իր համար առավելագույն շահավետ լուծումներ ապահովել։

Փորձագետը նաև ընդգծել է, որ այս քայլերի ետևում թաքնված է խաղաղության գործընթացի շրջանակում ձևավորված «մրցակցային տրամաբանությունը»։ Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո ևս Բաքուն փորձում էր հանդես գալ որպես նախաձեռնող կողմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ գործընթացներում որպես առաջատար դիրքավորվելով։

«Այժմ էլ Ադրբեջանը փորձում է ստեղծել տպավորություն, թե խաղաղության կառուցման գործընթացում հենց ինքն է նախաձեռնողը։ Սա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանի համար խնդիրը միայն Հայաստանի հետ հարաբերությունները չեն, այլ տարածաշրջանային ավելի լայն քաղաքական դիրքավորման հարց», — նշել է Պետրոսյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ Բաքուն ձգտում է հաստատվել որպես միջին տերություն՝ հանդես գալով նախաձեռնողական դիրքերից հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ Միացյալ Նահանգներն ունեն ներգրավվածություն։ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով փորձում է աջակցել ԱՄՆ-ին՝ Սիրիայում հումանիտար ծրագրերի, Գազայում հրադադարի հսկողության, Իրաքում և այլուր՝ Իրանից գազի կախվածությունը նվազեցնելու հարցերում», — ասել է նա։

Ըստ Պետրոսյանի՝ այս համատեքստում պետք է դիտարկել նաև Ադրբեջանի վերջին քայլերը Հարավային Կովկասում։ «Մեր տարածաշրջանում ևս Ադրբեջանը փորձում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը աջակցելու միջոցով ամրապնդել իր դիրքերը՝ ցույց տալով, որ ինքը առաջանցիկ, ակտիվ և կիրառական քայլեր է իրականացնում խաղաղության գործընթացում առաջնորդ լինելու նպատակով», — ամփոփել է Արմեն Պետրոսյանը։

Scroll to Top