Բաքուն ստանում է Հայաստանի վրա ազդելու նոր լծակ

Բաքուն ստանում է Հայաստանի վրա ազդելու նոր լծակ

Թուրքիան Ադրբեջանի միջոցով  նպաստում է Հայաստանի վրա ազդեցության ուժեղացմանը՝ ստեղծելով տնտեսական կախվածություններ։ Նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։ 

Մեկնաբանելով ղազախական ցորենի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը և ՀՀ իշխանությունների արձագանքը՝ Մելիքյանը նշեց, որ նման կեցվածքը բնական է, քանի որ իշխանությունը ադրբեջանական քայլերի մեջ տեսնում է քաղաքական աջակցության տարրեր: «Ցանկացած նմանատիպ մի փոքրիկ քայլ ադրբեջանական կողմից շատ արագ արձագանք պիտի ստանա։ Փաշինյանի գնահատանքը կարելի է վերափոխել հետևյալ կերպ՝ «Շնորհակալ եմ քարոզարշավի ընթացքում այս նման մեծ աջակցության համար»», — ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ շեշտել է, որ նախընտրական տրամաբանության մեջ Ալիևը միացել է Փաշինյանի քարոզարշավին, և ոչ միայն Ալիևը, այլև կուլիսային նաև Թուրքիան:  

Այսպիսի քայլերը, նրա կարծիքով, դառնում են նախընտրական շրջանում  լրացուցիչ արգումենտներ իշխանության համար, իբր իրենք խաղաղություն են բերել: Մելիքյանը շեշտել է, որ սա սինխրոնացված քայլ է Բաքվից։ «Նախ ի՞նչ գնով է գալիս այդ ցորենը… սա ի՞նչ է ադրբեջանական կողմից, եթե ոչ իրենց աջակցությունը և օգնությունը հոգևարքի մեջ գտնվող հայկական իշխանություններին», — նշում է Մելիքյանը:  Նա հիշեցրեց, որ Ալիևը մեկ ելույթի ընթացքում խոսեց և՛ ցորենի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման մասին, և՛ այսպես կոչված  Զանգեզուրի միջանցքի մասին։ «Եթե իշխանությունը գնահատում է ելույթի մի մասը, ապա պարտավոր է արձագանքել նաև մյուս մասին՝ այդքան չարչրկված միջանցքի տրամաբանության բացակայության մասին, — ասել է նա: 

Ըստ նրա՝ այս քայլով Բաքուն ոչ միայն աջակցեց գործող իշխանությանը, այլ նաև Հայաստանի վրա ազդելու նոր լծակ ստացավ։  Դիվանագետը զգուշացնում է․ այսօր ղազախական ցորենն է գալիս Ադրբեջանի տարածքով, վաղը կգա ադրբեջանական ցորենը, հետո գազը, և հետո ադրբեջանցիները՝ սա շղթայի սկիզբն է: «Կամաց-կամաց պատրաստվում է այդ ամենավերջին արարը [ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում]՝ պայմանավորվածություն, որը ավելի քան համոզված եմ կուլիսների ետևում ձեռք է բերված», — ասել է Մելիքյանը:

Scroll to Top