Ներկայիս ժամանակահատվածը՝ խաղադադար է, որի գլխավոր նպատակն է աջակցել Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։ Այս մասին խոսել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը քարտ բլանշ է տվել, այսինքն՝ սահմանին կրակոցներ, ռազմական գործողություններ չեն արվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դիրքերը նախընտրական շրջանում ամրապնդվեն, և նա կարողանա ընտրություններում հաջողության հասնի։ Նման աջակցության պատճառն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը անգնահատելի նվեր է Ադրբեջանի և նրա ավագ եղբոր՝ Թուրքիայի, համար իրենց ծրագրերը կյանքի կոչելու», — նշում է փորձագետը։
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կողմը փորձում է արդեն այսօր մանտանշել իր ապագա անելիքները, հնարավոր է նաև այսօրվա աջակցության գինը։ Հենց այս հանգամանքի հետ է կապված Ալիևի վերջին հայտարարությունը Սևանի մասին։
«Ալիևը ընդհանրապես տվյալ պարագայում ակնարկում է, թե ընտրություններից հետո ցանկացած արդյունքի պարագայում Ադրբեջանը որ ուղով է շարժվելու։ Այսինքն՝ նա մատնանշում է այն ուղղությունը, որով շարժվելու է Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում ընտրություններից հետո», — համոզված է Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ալիևի վերջին հայտարարությունները, ըստ էության, ունեն կրկնակի ենթատեքստ։ Երբ նա հայտարարում է, թե «հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների վերադարձից, քանի որ նրանք գալու են մեքենաներով, այլ ոչ թե տանկերով», իրականում այսպես կոչված «խաղաղասիրության» փաթեթավորմամբ հնչեցնում է թաքնված սպառնալիք։
Հակոբյանի խոսքով՝ այդ ձևակերպման մեջ կա ակնարկ․ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չպահպանի իշխանությունը և իշխանության գա այն ուժը, որը Բաքվի և Փաշինյանի բառապաշարով կոչվում է «ռևանշիստական», ապա նույն գործընթացները՝ ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձը», տեղի են ունենալու ոչ թե խաղաղ, այլ զինված ճանապարհով։
Այլ կերպ ասած՝ Ալիևը փաստացի կրկնում է Փաշինյանի ձևակերպումը՝ առաջարկելով հայ հասարակությանը այլընտրանք՝ «խաղաղություն Փաշինյանի հետ կամ պատերազմ ընդդիմության դեպքում»։

