Ադրբեջանում քննվում է պետական հեղաշրջման փորձի գործը։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ դրա կազմակերպիչը համարվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ Ռամիզ Մեհթիևը։ Նրան մեղադրում են պետական դավաճանության, իշխանությունը զավթելու փորձի և ֆինանսական հանցագործությունների մեջ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Մեհթիևը, արտաքին, մասնավորապես ռուսական աջակցությամբ, փորձել է փոխել երկրի կառավարման համակարգը և ստեղծել Պետական խորհուրդ՝ նպատակ ունենալով սահմանափակել նախագահի լիազորությունները։
Հնարավո՞ր է Ալիևին զրկել իշխանությունից՝ հաշվի առնելով նաև արտաքին գործոնները։ Այս մասին իր կարծիքն է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ նման հնարավորությունը միշտ էլ կա, և այդ վախը կրտսեր Ալիևի մոտ միշտ էլ կար ու լինելու է․
«Ադրբեջանի հասարակությունը, նրա ճնշող մեծամասնությունը լինելով շիադավան, ամեն դեպքում իր վրա կրում է Իրանի ազդեցությունը: Հետևաբար նրանց դուր չի գալիս, որ Ալիևը Ադրբեջանն ամբողջությամբ դրել է սունի Թուրքիայի ոտքերի տակ, ինչը բնականաբար գնում է Ադրբեջանի սունիականացում և չի կարող դուր գալ Ադրբեջանի քաղաքական ուժերին և քաղաքացիներին»:
Բալասանյանը հավելեց, որ Ալիևին թվում էր, թե Արցախը կլանելով՝ ինքը կկարողանա լուրջ քաղաքական դիվիդենդներ շահել: Իհարկե, նշում է փորձագետը, Ալիևը շահեց որոշ դիվիդենդներ, սակայն դա միայն կարճ ժամանակով մեղմեց այն սոցիալական դժգոհությունը,որը գոյություն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում։
«Մենք հետևում ենք ինչ է կատարվում Ադրբեջանում՝ պատերազմի մասնակիցները գտնվում են ծանր վիճակում, զոհերի հարազատներին մինչ օրս չեն տրվել փոխհատուցումները, այնինչ նավթադոլարները գնում են միայն և միայն Ալիևների և Ալիև ազգանունը կրող մարդկանց գրպանները։ Այս ամենը մի բանի մասին է խոսում՝ Ադրբեջանի հասարակությունը, նրա ճնշող մեծամասնությունը որևէ ֆինանսական օգուտ չի ստանում Ալիևների կողմից Ադրբեջանի նավթահումքային ռեսուրսները անխնա մատնելուց: Հետևաբար նրա նկատմամբ կա շատ լուրջ ընդդիմություն», — նշեց նա:
Դրան գումարած՝ չնայած Ալիևի հայտարարած բարգավաճման հայտարարություններին և տեմպերին, տարեկան 80-100 հազար մարդ լքում է Ադրբեջանը, այսինքն արտագաղթը սարսափելի թվեր է կազմում:
«Մենք դրանում կարող ենք համոզվել՝ հետևելով, թե ինչ է այսօր կատարվում Արցախում։ Ըստ էության Արցախում այսօր ադրբեջանցիներ գրեթե չկան՝ բացի Ստեփանակերտում ստիպողաբար բնակեցված մի քանի շենքից և Շուշիում մի երկու նարդի խաղացողից: Եվ այստեղ առաջանում է հարց՝ իսկ այդ դեպքում իրենց «հայրենիքի համար» մարտնչող ադրբեջանցիները ու՞ր կորան, ինչո՞ւ հերթ չեն կանգնում Արցախում բնակություն հաստատելու համար», — հայտարարեց նա:
Բալասանյանը համոզված է, որ Արցախում բնավելու ցանկություն ադրբեջանցիները չունեն երկու պատճառով․
«Առաջինը՝ նոր սերունդ է մեծացել, որն ըստ էության Արցախն իրեն հայրենիքը չի համարել երբեք, և երկրորդը՝ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հայերը վերադառնալու են։ Սրանք հոգեբանական շատ դժվար բարդույթներ են, որոնց Ադրբեջանի հասարակությունը չի կարողանում հաղթահարել», — նշեց նա:
Այս հանգամանքը ևս նվազեցնում է այն դիվիդենտները, որոք Ալիևը ստացավ Արցախի զավթման հետևանքով։
Միջազգայնագետը պնդում է՝ ամեն ինչ էլ անցողիկ է, Հայաստանում գալու է նոր իշխանություն, ստեղծվելու է նոր իրավիճակ, երբ Ազգային ժողովը ընդունելու է օրենքը Արցախահայության վերադարձի հետ կապված, այդ մարդիկ վերադառնալու են, նաև միջազգային հանրությունն է պարտադրելու Ադրբեջանին վերադարձնել այդ մարդկանց:
«Ալիևը այս ամենը շատ լավ զգալով՝ սկսել է վհուկների որս իր երկրում: Եվ ես ավելին ասեմ․ մենք պետք է կարողանանք այս ամենը լարել և օգտագործել, վհուկների թիվը ավելացնել», եզրափակեց Բալասանյանը։

