Ադրբեջանով երթուղին՝ թանկարժեք քաղաքական փորձարկո՞ւմ

Ադրբեջանով երթուղին՝ թանկարժեք քաղաքական փորձարկո՞ւմ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրերս  տեղեկացրեց, որ ուսական ծագման ցորենը առաջին անգամ Հայաստան է տեղափոխվում երկաթուղով՝ անցնելով Ադրբեջանի տարածքով։ Նմանատիպ ճանապարհով մոտ ապագայում կժամանի նաև ղազախական ցորենը։ Այս զարգացումը սկսվեց Ալիևի Ղազախստան կատարած այցից, երբ նա հայտարարեց Հայաստան տրանզիտային փոխադրումների արգելքի վերացման մասին։

Ինչպե՞ս վերաբերվել այս նորությանը և ինչ տնտեսական ազդեցություն սա կարող է ունենալ Հայաստանի շուկայի վրա։ Այս մասին իր տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ղազախական ցորենը չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսականը 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը ներկրվող ցորենի մասով բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից», — ընդգծում է Սուրեն Պարսյանը։ «Մենք ներքին սպառման ցորենը կարողանում ենք ապահովել ընդամենը 30-35 %-ով, այսինքն՝ 65-70 %-ը ներկրում ենք, և այդ ներկրման 99 %-ը ապահովում է Ռուսաստանը։ Պետք է հասկանալ, որ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել աղբյուրները։ Ղազախական ցորեն բերելը, այլ երկրներից ցորեն բերելը թույլ կտա նվազեցնել կախվածությունը մեկ կետից»։

Պարսյանը հիշեցրեց նաև 2022 թվականի իրադարձությունները. «Երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց ցորենի արտահանման վրա, և դա վերաբերում էր նաև Հայաստանին։ Մեզ թույլ տվեցին ստանալ միայն այն քանակությունը, որն անհրաժեշտ է ներքին սպառման համար՝ ոչ ավելի»։ Նա ընդգծեց, որ այդ իրավիճակը ցույց տվեց մեր խոցելիությունը և անհրաժեշտություն առաջացրեց այլընտրանքային աղբյուրների որոնման. «Ուստի ղազախական ցորենի ներմուծումը նորմալ և կարևոր քայլ է»։

Ինչ վերաբերում է ծավալներին, Պարսյանը նշեց, որ Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 300 000 տոննա ցորեն՝ ինչպես սննդի, այնպես էլ այլ նպատակներով, օրինակ՝ օղու արտադրության համար։ Ղազախստանը կարող է ապահովել այդ ծավալի որոշակի մասը, բայց ամբողջությամբ փոխարինել ռուսական ցորենը դժվար է։ «Ենթադրենք՝ 50 000 տոննա ղազախական ցորենով փոխարինենք, դա կնվազեցնի կախվածությունը 15-20 %-ով», — պարզաբանեց նա։

Սուրեն Պարսյանը նկատեց նաև, որ ամբողջական փոխարինումը հազիվ թե հնարավոր լինի. «Ռուսական ցորենը ավելի էժան է, ավելի մեծ ծավալներով արտադրվում է, և Ռուսաստանն այնտեղ պետական մեծ աջակցություն է ցուցաբերում արտադրողներին։ Քիչ հավանական է, որ ղազախական ցորենի ներկրման ծավալների մեծացումը գների իջեցում բերի»։

Նա հիշեցրեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանը մոտ 10 %-ով ցորեն ներկրում էր Ուկրաինայից, բայց պատերազմի և լոգիստիկ դժվարությունների պատճառով հրաժարվեցինք այդ ուղղությունից և ավելացրինք ռուսական ծավալները։

Ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն

Անդրադառնալով տրանսպորտային և լոգիստիկ հարցերին՝ Պարսյանը նշեց. «Վերջին տարիներին մեր լոգիստիկ ծախսերը զգալիորեն աճել են, և այդ խնդիրները պարբերաբար բարձրաձայնվում են ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների կողմից»։ Նա հիշեցրեց, որ ռուսական ցորենը նախկինում տեղափոխվում էր Կրասնոդարից դեպի Փոթի նավահանգիստ, այնուհետև լաստանավով և երկաթուղով Երևան, ընդ որեւմ լաստանավային հատվածը շատ ծախսատար էր։ Ներկայումս ստեղծվել է նոր հնարավորություն, նոր ուղի, որը սկսվում է Ռուսաստանից, անցնում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով և հասնում Հայաստան՝ երկաթուղով, առանց լաստանավի օգտագործման։ «Եթե ցորենը տեղափոխվում է ՌԴ հարավային շրջաններից, հնարավոր է, որ ծախսերը մի քիչ կկրճատվեն, սակայն Ռոստովից կամ ավելի հեռու գծերից առաքումները կարող են նույնքան կամ նույնիկ ավելի թանկ լինել»։

Ղազախական ցորենի պարագայում, նշում է Պարսյանը, այն տեղափոխվում է Ղազախստանից՝ հասնելով Բաքու նավահանգստի միջոցով, այնուհետև երկաթուղով Թբիլիսի և վերջապես՝ Երևան։ «Երկաթուղային հատվածը ավելի երկար է, քան Փոթի-Երևան ուղին, ուստի տրանսպորտային ծախսերը ավելի բարձր կլինեն», — պարզաբանել է նա։

Պարսյանի գնահատմամբ՝  «չոր թվերով» տնտեսական մեծ առավելություն այս փոփոխությունը չի ապահովում. ոչ գների իջեցում կապահովվի, ոչ էլ էական խնայողություն։ «Սակայն իշխանությունները այս քայլը ներկայացնում են քաղաքական և անվտանգային հաղորդագրություն՝ ցույց տալու համար, որ Հայաստանը կարողացել է ապրանք բերել Ադրբեջանի տարածքով, ինչը նշանակում է, որ անվտանգությունն ամրապնդվել է, և խաղաղության գործընթացը առաջ է գնում», — ասում է Պարսյանը։

Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունների անհրաժեշտ է դիտարկել հիմնականում քաղաքական համատեքստում, այլ ոչ թե զուտ տնտեսագիտական:

Scroll to Top