Նոյեմբերի 11․ Կհեռացվի՞ արդյոք Հայաստանն ՀԱՊԿ-ից

Նոյեմբերի 11․ Կհեռացվի՞ արդյոք Հայաստանն ՀԱՊԿ-ից

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցը կարող է քննարկվել, սակայն Հայաստանի հեռացման հարցի բարձրացումը քիչ հավանական է։ Այս մասին նշել է քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե նման որոշում կայացվի, դա կլինի միայն գործընթացի սկիզբը, քանի որ կազմակերպության կանոնադրությամբ հեռացման գործընթացը պետք է տևի առնվազն վեց ամիս։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ երկու ամիս առաջ հայտարարել էր, որ գագաթնաժողովի օրակարգում ներառվելու է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը։ Երկանյանի կարծիքով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու հնարավորության մասին է։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը նույնպես հաստատել էր այդ հարցի առկայությունը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նոյեմբերի 11-ը Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կվերանայի կազմակերպության նկատմամբ իր վերաբերմունքը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումներն ու միջազգային իրավիճակը։

Երկանյանը հիշեցրեց, որ Հայաստանի արտգործնախարարն ի պատասխան հայտարարել է, որ Երևանի դիրքորոշումը վերանայելու որևէ հիմք չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ նշել էր, որ միայն կողջունի, եթե ՀԱՊԿ-ն ինքը որոշում կայացնի Հայաստանի հեռացման մասին։ Այդ դեպքում, Փաշինյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը ստիպված չի լինի ինքնուրույն կայացնել այդ բարդ որոշումը։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։

Անդամավճարների չվճարումը՝ սահմանափակումների իրավական հիմք

Երկանյանը հիշեցնում է, որ Հայաստանը գրեթե երեք տարի չի վճարում ՀԱՊԿ անդամավճարները, որոնք կազմում են կազմակերպության ընդհանուր բյուջեի մոտ 10 տոկոսը։ Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, հայտնի չէ։ Սակայն, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, հարցն առաջին հերթին ոչ թե գումարի չափն է, այլ Հայաստանի սկզբունքային որոշումը՝ չվճարել անդամավճարները։

Երկանյանի խոսքով՝ անդամավճարների չվճարումը ՀԱՊԿ կանոնադրության խախտում է, իսկ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է համապատասխան միջոցներ կիրառելու հնարավորություն, եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները։ Մասնավորապես, կազմակերպությունը կարող է պետությանը զրկել իր մարմիններում քվեարկելու իրավունքից, ինչպես նաև այդ մարմիններում քվոտային պաշտոններ զբաղեցնելու համար իր քաղաքացիների թեկնածություններ առաջադրելու հնարավորությունից։

Սակայն, ինչպես ընդգծում է Երկանյանը, այս երկու սահմանափակումներն իրականում արդեն առկա են՝ ոչ թե ՀԱՊԿ որոշման, այլ Հայաստանի ինքնուրույն քայլերի հետևանքով։ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ միացյալ շտաբից և վաղուց արդեն կազմակերպության քվոտային պաշտոններում իր ներկայացուցիչների թեկնածություններ չի առաջադրում։

Հետևաբար, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման առավելագույն արդյունքը կարող է լինել արդեն ստեղծված իրավիճակի իրավական արձանագրումը։ Այսինքն՝ նոր սահմանափակումներ կարող են չառաջանալ, իսկ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովը կարող է այդ հարցով սահմանափակվել։ Այնուամենայնիվ, Երկանյանը չի բացառում, որ քննարկման առարկա դառնա նաև Հայաստանի հեռացման հարցը։

Հայաստանի հեռացումը քիչ հավանական է

Երկանյանի խոսքով՝ տեսականորեն Հայաստանի հեռացման հարցը կարող է քննարկվել նաև ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածը նախատեսում է, որ կանոնադրությունը համակարգված կերպով խախտող պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից և հեռացվել կազմակերպությունից։

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ ցանկության դեպքում Հայաստանի դիրքորոշումն ու գործողությունները կարող են մեկնաբանվել որպես կանոնադրության համակարգված խախտում։ Ընդ որում, եթե քննարկվի Հայաստանի հեռացման հարցը, Երևանը չի կարողանա ազդել որոշման վրա, քանի որ նման հարցերը քննարկվում են առանց այն պետության մասնակցության, որի հեռացման հարցն է դրված։

Սակայն, ինչպես նշում է Երկանյանը, այստեղ առանցքային են երկու քաղաքական հարցեր։ Առաջինը՝ արդյոք Ռուսաստանին ձեռնտու է վերջնականապես խզել հարաբերությունները Հայաստանի հետ, թե Մոսկվան կնախընտրի պահպանել ներկայիս անորոշ իրավիճակը՝ մինչև պարզ դառնա հարաբերությունների հետագա ընթացքը։ Երկրորդը՝ արդյոք ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները կաջակցեն Ռուսաստանի հնարավոր նախաձեռնությանը։

Երկանյանի կարծիքով՝ մյուս անդամների աջակցությունն ամենևին երաշխավորված չէ։ Որպես օրինակ՝ նա մատնանշում է Եվրասիական տնտեսական միությունում ստեղծված իրավիճակը, երբ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը կողմ էին քվեարկել այն առաջարկին, որով Ռուսաստանի սահմանափակումները Հայաստանի ապրանքների նկատմամբ առաջարկվում էր ճանաչել որպես արհեստական տնտեսական խոչընդոտներ։ Ռուսաստանն այդ որոշման ընդունումը կանխելու համար ստիպված էր օգտվել վետոյի իրավունքից։

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ այս օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ չէ, որ անվերապահ աջակցություն է ստանում նույնիսկ իր դաշնակիցներից։ Հետևաբար, չի բացառվում, որ ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները նույնպես չաջակցեն Հայաստանի հեռացման նախաձեռնությանը կամ դեմ արտահայտվեն դրան։

Scroll to Top