Վաշինգտոնյան գագաթնաժողովը տարածաշրջանում որոշակի կայունության ժամանակահատված է ապահովել, ինչի կարևոր ցուցիչներից մեկն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում էականորեն նվազել են հնարավոր էսկալացիայի և Ադրբեջանի կողմից բխող անվտանգային ռիսկերի վերաբերյալ քննարկումները։ Նման կարծիքի է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գագաթնաժողովի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի երկրորդ դրական հանգամանքն այն է, որ որոշակիորեն փոխվել է նաև ընդհանուր մթնոլորտը՝ այն դարձել է ավելի համագործակցային։ Քաղաքագետը համաձայնեց, որ Ադրբեջանի դեպքում իրավիճակը միանշանակ գնահատել հնարավոր չէ՝ Բաքուն շարունակում է շրջանառել և ակտիվ պահել իր ագրեսիվ օրակարգերից որոշները, այդ թվում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Միաժամանակ, ըստ նրա, առկա են նաև խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված որոշակի գործողություններ։
Գրիգորյանի գնահատմամբ՝ այդ գործողությունները կարող են պայմանավորված լինել նաև Ադրբեջանի այլ նպատակներով, սակայն դրանց գործնական արդյունքը, այնուամենայնիվ, ավելի դրական է, քան հակառակ սցենարը։
«Ամեն դեպքում սեփական տարածքը տրանզիտի համար բացելը և նմանատիպ այլ որոշումներ, ավելի դրական մթնոլորտ ենստեղծում»,– նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի համար ավելի շահեկան է այս իրավիճակը։
«Ավելի լավ է, բնականաբար, որպեսզի Ադրբեջանի տարածքով տարածքը բաց լինի, ինչ-որ շփումներ լինեն, առևտուր լինի, քան էսկալացիայի վտանգ լինի»,– ասել է Գրիգորյանը։
Միաժամանակ նա զգուշացնում է, որ Վաշինգտոնյան գործընթացի վերջնական արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ նախատեսվող պայմանավորվածությունները գործնականում իրականացվեն։ Նրա համոզմամբ՝ հատկապես կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի կունենա TRIPP-ի գործարկումից հետո։ Գրիգորյանի խոսքով՝ գործընթացի իրական արդյունքները հնարավոր կլինի գնահատել ոչ միայն TRIPP-ի գործարկման փաստով, այլև դրանից հետո ձևավորվող տարածաշրջանային ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման պարագայում։ «Այս գործընթացի վերջնական արդյունքները մենք կարող ենք գնահատել, երբ ոչ միայն TRIPP-ը կգործարկվի, այլ նաև երբ TRIPP-ից հետո տեսնենք, թե ինչ է գործարկվում և ինչ չի գործարկվում»,– նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա տարիներին Հայաստանի համար առանցքային նշանակություն կունենա այն, թե արդյոք տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կստեղծի իրական և բազմակողմ տնտեսական ու տրանսպորտային հնարավորություններ Հայաստանի համար։ Մասնավորապես, եթե TRIPP-ի գործարկմանը զուգահեռ Հայաստանը հնարավորություն ստանա Ադրբեջանի տարածքով հասանելիություն ունենալ դեպի Իրան և Ռուսաստան, ինչպես նաև դեպի իր սեփական տարածքի տարբեր հատվածներ, իսկ հայ-թուրքական սահմանը ևս բացվի, ապա գործընթացը կարելի կլինի գնահատել որպես հաջողված։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, եթե նախատեսվող հնարավորությունները չիրականանան կամ իրականացվեն մասնակիորեն, ապա Վաշինգտոնյան գործընթացի վերաբերյալ գնահատականները կարող են էապես տարբեր լինել։
Այս համատեքստում քաղաքագետը կարևորում է ոչ միայն ենթակառուցվածքների ֆիզիկական գործարկումը, այլև դրանց իրական հասանելիությունն ու Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունների ծավալը։
Գրիգորյանն ընդգծում է, որ անկախ հետագա զարգացումներից՝ տարածաշրջանում հաստատված ներկայիս հարաբերական կայունությունն ինքնին կարևոր ձեռքբերում է Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ 2020-2025 թվականների ընթացքում Հայաստանի պետական կյանքում և հասարակության մեջ անվտանգության սպառնալիքներն ու հնարավոր էսկալացիայի ռիսկերը գերակա խնդիր էին։ Այդ պատճառով անվտանգության իրավիճակի բարելավումը հնարավորություն է տալիս պետությանը և հասարակությանը կենտրոնանալ նաև այլ առաջնահերթությունների վրա։
Ըստ քաղաքագետի՝ անվտանգության իրավիճակի բարելավումը Հայաստանի համար կարևոր է նաև այն պատճառով, որ այն հնարավորություն է տալիս դուրս գալ մշտական անվտանգային ճգնաժամի տրամաբանությունից և պետական ու հասարակական ռեսուրսներն ուղղել այլ խնդիրների լուծմանը։

