Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միակ նպատակն ունեն՝ մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում ևս մեկ ժամկետով: Այս մասին հայտարարել է իրավաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը ամեն կերպ փորձում է պարտադրել հասարակությանը իրեն ձեռնտու օրակարգ, հատկապես՝ ընտրություններից առաջ։ «Մինչ այս գործընթացների սկսվելը հանրության օրակարգում բոլորովին այլ հարցեր էին՝ դեպի ուր է գնում Հայաստանը, ինչ հաջողությունների է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության տարիներին, ինչ սպասելիքներ կան ապագայում։ Քննարկվում էին միլիոնավոր դոլարների յուրացման սկանդալները, իշխող վերնախավի շարունակական հարստացումը։ Նման օրակարգում Փաշինյանը պարտվող է, քանի որ չունի համոզիչ հակափաստարկներ։ Իսկ հիմա տեսեք, թե ինչի շուրջ է խոսքը՝ ՀԷՑ-ի ազգայնացում, այսպես կոչված «ահաբեկչության» պատմություն, Կաթողիկոսի հնարավոր ձերբակալություն։ Այսինքն՝ նա մի կողմից թիրախավորում է դիմադրության բոլոր հնարավոր օջախները, իսկ մյուս կողմից՝ շեղում է հանրային ուշադրությունը դեպի իրեն ձեռնտու թեմաներ», — նշել է Վարոսյանը։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով՝ երկրում ստեղծված մթնոլորտը, այդ թվում՝ խորհրդարանում պարբերաբար տեղի ունեցող ծեծկռտուքները, ձեռնտու են բոլոր քաղաքական դերակատարներին, սակայն առավելապես՝ իշխող ուժին։
«Խորհրդարանական մեծամասնությունը ունի բոլոր լծակները իրավիճակը փոխելու համար, սակայն չի դիմում այդ քայլին, որովհետև սկանդալներն ու բախումները դարձել են ուշադրություն գրավելու միջոց։ Այս գումարման խորհրդարանը չի աչքի ընկել որևէ լուրջ և արդյունավետ բարեփոխմամբ՝ պարզապես որովհետև նման ցանկություն կամ մոտիվացիա չի եղել», — ընդգծել է նա։
Ըստ Բադալյանի՝ Եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու զանգվածային ձերբակալությունները տեղավորվում են իշխանությունների նախընտրական ռազմավարության շրջանակում՝ ուղղված հասարակության մեջ բևեռացման խորացմանն ու «նախկինների» և «ներկաների» պայքարը կրկին օրակարգ վերադարձնելուն։ Սակայն, ինչպես նշում է նա, իրավապահ մարմինները մինչ օրս որևէ համոզիչ ապացույց չեն ներկայացրել բռնի հեղաշրջման պատրաստման մասին։
Ինչ վերաբերում է «ահաբեկչության» մեղադրանքների հիմքում դրված ձայնագրություններին՝ Վարոսյանը և Բադալյանը դրանք համարում են անհիմն և ծիծաղելի։
«Հայաստանում բոլորը գիտեն, որ գաղտնալսվում են։ Մարդ, ով իսկապես ահաբեկչություն է ծրագրում, երբեք նման բան բարձրաձայն չի քննարկի։ Եթե վերլուծենք հրապարակված բոլոր ձայնագրությունները, կտեսնենք, որ խոսքը ծրագրերի մասին չէ, այլ ցանկությունների ու մտորումների՝ որոնք ամբողջությամբ տեղավորվում են 2018-ի իրադարձությունների տրամաբանության և նպատակների մեջ։ Այս ձայնագրություններում քննարկվող իշխանափոխության սցենարը պարզապես այդ նույն իշխանափոխության կրկնությունն է», — նշել է Վարոսյանը։
Իր հերթին, Բադալյանն ավելացրել է, որ այդ ձայնագրությունները իրենց բովանդակությամբ հիշեցնում են սովորական կենցաղային զրույցներ՝ այնպիսին, ինչպիսին կարելի է լսել Հայաստանի ցանկացած խոհանոցում։

