Պատերազմը փոխել է ոչ միայն նպատակները, այլև ուժերի հարաբերակցությունը

Պատերազմը փոխել է ոչ միայն նպատակները, այլև ուժերի հարաբերակցությունը

Իրանը այս փուլում առաջնորդվում է հստակ հաշվարկով՝ շարունակել պայքարը մինչև այն պահը, երբ բանակցությունները կսկսվեն իր համար առավել ընդունելի պայմաններով։Այս  մասին ասել է իրանցի քաղաքական մեկնաբան  Փույա Հուսեյնին։

Նրա խոսքով՝ հնարավոր է նաև կոմպրոմիսային տարբերակ, սակայն դրա իրականացման հավանականությունը մեծապես կախված է պատերազմի դադարեցման պահին կողմերի զբաղեցրած դիրքերից։ «Ով ավելի ուժեղ դիրքում լինի պատերազմի ավարտին, նա էլ կթելադրի բանակցային օրակարգը»,— նշում է վերլուծաբանը։

Չիրագործված նպատակներ և փոխված օրակարգ

Վերլուծաբանը հիշեցնում է, որ պատերազմի սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր առավելագույն նպատակների մասին՝ Իրանում վարչակազմի փոփոխություն և երկրի լիակատար ենթարկում։ Սակայն, Հուսեյնիի խոսքով, 28 օր անց այդ նպատակներից ոչ մեկը չի իրագործվել։

Փոխարենը, ըստ նրա, Վաշինգտոնի ուշադրությունը տեղափոխվել է այլ ուղղությամբ՝ առավելապես կենտրոնանալով Հորմուզի նեղուցի վերահսկման վրա։

«Եթե սկզբնական նպատակները չեն իրականացվել, դժվար է խոսել հաղթանակի մասին»,— ընդգծում է նա՝ հավելելով, որ ձեռքբերումների թվում կարելի է նշել միայն առանձին ռազմական գործողություններ, որոնք զրոյացվեցին  Իրանում կառավարչական վերադասավորումների արդյունքում։ Նրա պնդմամբ՝ կառավարման  համակարգը շարունակում է կայուն գործել։

«Հեգեմոնիայի» հարցականի տակ դրված իմիջը

Հուսեյնին ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ի գլոբալ դերի վրա՝ նշելով, որ պատերազմը կասկածի տակ է դրեց Վաշինգտոնի՝ որպես համաշխարհային հեգեմոնի դիրքը։

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ը չի կարողանում լիարժեք վերահսկել Հորմուզի նեղուցը և ստիպված է օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից ու դաշնակիցներից, ապա առաջանում են լուրջ հարցեր նրա ռազմական և քաղաքական կարողությունների վերաբերյալ։

«Ի՞նչ գերտերություն է այն, որը չի կարող պաշտպանել իր ռազմաբազաները կամ ապահովել դաշնակիցների անվտանգությունը»,- հարցադրում է վերլուծաբանը՝ մատնանշելով, որ տարածաշրջանում տեղակայված բազմաթիվ ամերիկյան օբյեկտներ դարձել են թիրախ։

Դիմադրության գործոնը և ուժերի նոր բալանսը

Հուսեյնիի կարծիքով՝ պատերազմը ցույց է տվել մի կարևոր հանգամանք․ ԱՄՆ-ը չի կարող անվերապահորեն իրականացնել իր բոլոր ռազմաքաղաքական նպատակները, եթե բախվում է կազմակերպված և լուրջ դիմադրության։

Նա նաև անդրադառնում է Վաշինգտոնի լայն աշխարհաքաղաքական հավակնություններին՝ ընդգծելով, որ տարբեր տարածաշրջանների նկատմամբ վերահսկողության ձգտումը մինչ այժմ չի հանդիպել համարժեք հակազդեցության։ Սակայն Իրանի դեպքում, ըստ նրա, իրավիճակը այլ է։

«Այս պատերազմը ցույց տվեց, որ լուրջ դիմադրության պայմաններում հնարավոր չէ հասնել բոլոր ցանկալի արդյունքներին  նույնիսկ  այնպիսի հզոր ռեսուրսների պարագայում, ինչպիսիք ունի ԱՄՆ-ը»,- եզրափակում է իրանցի վերլուծաբանը։

Scroll to Top