Տնտեսական աճը Հայաստանում ներառական չէ․ աղքատությունը չի կրճատվում

Տնտեսական աճը Հայաստանում ներառական չէ․ աղքատությունը չի կրճատվում

Հայաստանում 2017–2025 թվականներին գրանցվել է շուրջ ութ տարվա անընդմեջ տնտեսական աճ՝ միջինը տարեկան մոտ 5.7%, սակայն աղքատության մակարդակը նվազել է շատ սահմանափակ չափով։

 ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ երբ երկարատև տնտեսական աճը չի վերածվում աղքատության զգալի կրճատման սա հետևանք սոցիալական թույլ քաղաքականության։

Նրա խոսքով՝ այդ տարիներին պետբյուջեի եկամուտները զգալիորեն աճել են, միջին աշխատավարձը մոտ 1.7 անգամ բարձրացել է, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները հիմնականում մնացել են անփոփոխ կամ աճել են աննշան չափով։ Միաժամանակ կուտակային գնաճը կազմել է մոտ 25–30%, ինչի հետևանքով սոցիալական վճարներից կախված բնակչության զգալի հատվածը փաստացի չի կարողացել հաղթահարել աղքատության շեմը կամ նույնիսկ էլ ավելի է աղքատացել։

Ասատրյանը նշում է, որ խնդիրը միայն սոցիալական քաղաքականությամբ չի սահմանափակվում։ Տնտեսական աճը Հայաստանում շարունակում է մնալ գերկենտրոնացված մի քանի ոլորտներում, որոնք ներառական չեն և չեն ապահովում լայն շերտերի մասնակցություն տնտեսական գործընթացներին։ Պաշտոնական տվյալներում արձանագրվող աշխատատեղերի աճը, ըստ նրա, զգալի մասով պայմանավորված է ստվերից աշխատողների դուրսբերմամբ, այլ ոչ թե իրական նոր աշխատատեղերի ստեղծմամբ։

ԿԲ նախկին նախագահը հիշեցնում է, որ կառավարությունը տնտեսական զարգացման քաղաքականությունը կառուցում է մի շարք կարևոր ուղղությունների վրա՝ ներդրումների ներգրավում, արդյունաբերության մրցունակության և տեխնոլոգիական մակարդակի բարձրացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, գործարար միջավայրի բարելավում։ Սակայն այս ուղղություններով առաջընթացը, նրա գնահատմամբ, դեռևս բավարար չէ, ինչը անմիջականորեն անդրադառնա խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա։

Ասատրյանը ընդգծում է, որ տնտեսական աճն ինքնին դրական է և Հայաստանի տնտեսության ծավալների մեծացումը կարևոր ձեռքբերում է, սակայն զարգացումը պետք է լինի ներառական։ Այն շերտերը, որոնք գտնվում են աղքատության շեմին կամ կախված են հիմնականում սոցիալական վճարներից, չեն կարող լիարժեք օգտվել կրթության, զարգացման և ապագային միտված հնարավորություններից ու հաճախ դուրս են մնում տնտեսական ակտիվ շրջանառությունից։

Փորձագետի գնահատմամբ՝ խնդիրների շրջանակը լայն է և ներառում է սոցիալական քաղաքականությունը, կրթության որակը, ցածր որակավորում ունեցող աշխատուժի սահմանափակ հնարավորությունները և աշխատանքային միգրացիայի երկարամյա հետևանքները։ Այս հարցերը տարիներ շարունակ բարձրացվում են, սակայն դրանց լուծումները դեռևս ամբողջական և բավարար չեն, ինչի պատճառով տնտեսական աճի արդյունքները հավասարաչափ չեն բաշխվում հասարակության տարբեր շերտերի միջև։

Scroll to Top