Հայաստանում նոր ատոմային հզորությունների ընտրության շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն մոդուլային ռեակտորների տարբերակը մասնագիտական համայնքում բազմաթիվ հարցեր է առաջացնումլ։ Այս մասին նշում է էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը՝ արձագանքելով քաղաքական հայտարարություններին, ըստ որոնց Հայաստանը կարող է ընտրել փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը։
Փորձագետի խոսքով՝ մոդուլային ատոմակայանների գործնական շահագործման փորձը աշխարհում սահմանափակ է։ Այս պահին նման փորձ ունեցող երկրներն ընդամենը մի քանիսն են․ Ռուսաստանը՝ լողացող ատոմակայանի ձևաչափով, և Չինաստանը, որն արդեն ունի գործող փոքր կայան և նախատեսում է առաջիկա տարիներին արտադրական շահագործման հանձնել շուրջ 125 մեգավատ հզորությամբ նոր մոդուլային ռեակտոր։ Այդ նախագիծը, ըստ Ավետիսյանի, ջրա-ջրային ռեակտորի փոքր մոդել է, ինչն տեխնոլոգիական առումով ծանոթ է հայ մասնագետներին, քանի որ նույն տեսակին է պատկանում նաև գործող Մեծամորի ատոմակայանը։
Միևնույն ժամանակ, փորձագետը ընդգծում է, որ Հայաստանում մոդուլային տարբերակ ընտրելու վերաբերյալ պաշտոնական հրապարակված որոշում դեռ չկա։ Թեև հնչում են հայտարարություններ, հանրությանը հասանելի հստակ փաստաթուղթ չկա, և անհայտ չէ՝ բանակցությունները ում հետ, ինչի մասին և ինչ փուլում են։
Ավետիսյանը նշում է, որ մասնագիտական հանրության զգալի մասը զգուշավոր է մոդուլային տարբերակի նկատմամբ՝ առաջին հերթին փորձի պակասի պատճառով։ Նրա գնահատմամբ՝ գործող էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 600 մեգավատ հզորությամբ նոր ռեակտոր, որը կապահովի էներգետիկ համակարգի անընդհատությունը։ Նա նաև հիշեցնում է, որ ատոմային էներգետիկան համարվում է ցածր ածխածնային աղբյուր և կարևոր դեր ունի կանաչ անցման տրամաբանության մեջ։
Փորձագետի խոսքով՝ մոդուլային լուծման վերաբերյալ շարունակում են բաց մնալ մի շարք առանցքային հարցեր՝ ինչպես են աշխատելու մի քանի մոդուլները համակցված, ինչպիսի գործառնական ռեժիմ է նախատեսվում, և ինչ տեխնիկական ռիսկեր կարող են առաջանալ։ Տեսականորեն այդ հարցերի պատասխանները կարող են լինել դրական, սակայն, նրա ձևակերպմամբ, ատոմային էներգետիկան «չի սիրում անհայտներ» և պահանջում է արդեն փորձարկված, գործող համակարգեր։
Ավետիսյանը շեշտում է, որ նման նախագծերը ցանկալի է կիրառել այն դեպքում, երբ տվյալ տեխնոլոգիան արդեն մի քանի տարի գործարկված է այլ երկրներում, և հնարավոր է գնահատել առաջացած խնդիրներն ու դրանց լուծումները։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի առանձնահատկությունների պատճառով՝ բարձրադիր դիրք, սառեցման ջրի հարցեր և անվտանգության հետ կապված այլ տեխնիկական գործոններ։
Փորձագետը նաև ընդգծում է, որ քննարկումը պետք է դուրս գա միայն «ատոմային ռեակտոր ունենալու» հարցից և վերաբերի ընդհանուր էներգետիկ ռազմավարությանը։ Արհեստական բանականության, արդյունաբերության և տարածաշրջանային էներգետիկ նախագծերի զարգացումը ենթադրում է մեծ և կայուն հզորություններ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ Իրանի և Վրաստանի ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ արևային էներգիան կարող է լրացնել համակարգը, սակայն չի կարող ապահովել այն կայունությունը, որը տալիս են ավանդական բազային հզորությունները։ Նույնը վերաբերում է կուտակիչներին, որոնք ներկայումս շարունակում են մնալ թանկ լուծում, թեև ապագայում տեխնոլոգիական զարգացումը կարող է փոխել իրավիճակը։
Ավետիսյանի գնահատմամբ՝ երկարաժամկետ կայուն էներգետիկ համակարգի տեսանկյունից ատոմային և ջերմաէներգետիկան շարունակում են մնալ առանցքային, իսկ դրանց միջև ընտրության դեպքում՝ բոլոր գործոնները հաշվի առնելով, առավել նախընտրելի է ատոմային տարբերակը։

