Իրանի դեմ պատերազմ սկսելու-չսկսելու որոշում Թրամփը դեռևս չունի

Իրանի դեմ պատերազմ սկսելու-չսկսելու որոշում Թրամփը դեռևս չունի

Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։ 

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը՝ պատմության մեջ առաջին անգամ զորավարժության ընթացքում մասնակիորեն փակում Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային ևս մեկ զորավարժություն, նշում է նա։ 

«Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար», — ասաց փորձագետը։ 

Նրա գնահատմամբ՝  դատելով թե՛ փոխնախագահ Վենսի, թե՛ Սպիտակ տան խոսնակի և թե՛ Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից, բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտե։ Այս պահին, կարծում եմ՝ դա չգիտե նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի», — նշում է նա։ 

Scroll to Top