Բռնություն ընտանիքում, անգործություն համակարգում․ ո՞վ է պաշտպանում երեխաներին

Բռնություն ընտանիքում, անգործություն համակարգում․ ո՞վ է պատասխան տալու

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին լուրերը գնալով ավելի ու ավելի հաճախ են տարածվում։ Սակայն, պետական ​​մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու երեխաներին, այս իրավիճակների մասին իմանում են մամուլից, երբ արդեն չափազանց ուշ է։ Ինչո՞ւ չի գործում սոցիալական պաշտպանության համակարգը, ո՞վ է պատասխանատու նման դեպքերի անտեսման և որևէ կանխարգելիչ քայլ չձեռնարկելու համար։

Ինչո՞ւ համակարգը չի պաշտպանում երեխաներին

Երեխաների պաշտպանության փորձագետ Աննա Սաֆարյանի գնահատմամբ՝ Հայաստանում գործում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ, որի առաջին և ամենակարևոր օղակը խնամակալության և հոգաբարձության մարմիններն են։

«Այս համակարգը ժամանակին ստեղծվել է այն տրամաբանությամբ, որ այդ մարմինների անդամները լինեն համայնքի բնակիչներ, լինեն մարդկանց մոտ, տեղյակ լինեն ընտանիքներում առկա խնդիրներից և կարողանան արագ արձագանքել՝ անհրաժեշտության դեպքում միջամտելով»,- նշում է նա։

Սակայն իրականությունը, ըստ փորձագետի, այլ պատկեր է ցույց տալիս։ Թեև այդ մարմինների անդամները գտնվում են ընտանիքների անմիջական շրջապատում, շատ դեպքերում խնդիրները չեն արձանագրվում կամ չեն ստանում անհրաժեշտ արձագանք։

Ոչ մասնագիտական որոշումներ՝ ճակատագրական հետևանքներով

Խնդրի առանցքային պատճառներից մեկը, ըստ Սաֆարյանի, այն է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները հաճախ մասնագետներ չեն և աշխատում են հասարակական հիմունքներով։

«Այդ հանձնաժողովներում կարող են ընդգրկվել համայնքից  տարբեր մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել։ Այ կերպ ասած՝ մարդիկ, որոնք չունեն մասնագիտական գիտելիքներ, իրենց աշխատանքի համար չեն ստանում վարձատրություն, կայացնում են որոշումներ, որոնք անմիջականորեն ազդում են երեխաների կյանքի և առողջության վրա»,- ասում է փորձագետը։

Նա ընդգծում է նաև, որ տարիներ շարունակ իրականացվել են բազմաթիվ վերապատրաստումներ՝ համակարգը արդյունավետ դարձնելու համար, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

«Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ ներկայացվում են բոլոր փաստերը, նույնիսկ ոստիկանության դիրքորոշումը, բայց խնամակալության մարմինը կարող է ունենալ լրիվ հակառակ կարծիք նույն դեպքի վերաբերյալ»,- նշում է նա։

Երբ «ընտանիքում մնալը» դառնում է վտանգավոր

Փորձագետը կարևոր խնդիր է համարում նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության ծայրահեղ ընկալումը։ «Առաջնահերթ է համարվում, որ երեխան մնա կենսաբանական ընտանիքում՝ առանց լիարժեք գնահատելու նրա լավագույն շահը։ Սա հանգեցնում է նրան, որ երեխան ի վերջո շարունակում է մնալ վտանգավոր միջավայրում»,- ասում է Սաֆարյանը։

Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանում արդեն առկա են այլընտրանքային խնամքի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում երեխային ժամանակավորապես հեռացնել ընտանիքից և ապահովել նրա անվտանգությունը։

«Կան  դեպքեր, երբ կարելի է և պետք է երեխային հեռացնել ընտանիքից՝ թեկուզ ժամանակավորապես, մինչև ընտանիքի հետ տարվի համապատասխան աշխատանք, և միայն հետո քննարկվի վերամիավորման հարցը»,- ընդգծում է նա։

Փոքր համայնքների «լռության մշակույթը»

Ըստ փորձագետի, փոքր համայնքներում ձևավորված հարաբերությունները նույնպես խնդիր են դառնում, քանի որ հաճախ խոչընդոտում են արդյունավետ միջամտությանը։

«Շատ դեպքերում մարդիկ խուսափում են նման բարդ դեպքերին միջամտելուց, որովհետև գործում են անձնական կապերը․ բոլորը միմյանց ճանաչում են, չեն ուզում վնասել։ Սակայն նման մոտեցումը պետք է իսպառ բացառվի»,- նշում է Աննա Սաֆարյանը։

Նա ընդգծում է, որ եթե ծնողը չի կարողանում ապահովել երեխայի անվտանգությունը, այդ պարտականությունն ամբողջությամբ անցնում է պետությանը։

Բռնությունը՝ բոլորի պատասխանատվության դաշտում

Սաֆարյանի խոսքով՝ խնդիրը չի սահմանափակվում միայն մեկ օղակով կամ մեկ կառույցով։ Երեխաների նկատմամբ բռնությունը համակարգային երևույթ է, և դրա կանխարգելումը բոլոր դերակատարների պատասխանատվությունն է։

«Մասնագետների հմտությունները պետք է շարունակաբար զարգանան, նրանց պետք է ապահովել բավարար ռեսուրսներով։ Բայց կարևոր է հասկանալ, որ երբ խոսում ենք բռնության մասին, դա մի ոլորտ չէ, որտեղ պատասխանատվությունը դրված է միայն մեկ մարմնի վրա։ Սա բոլորի անելիքն է՝ պետական կառույցների, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամի»,- ընդգծում է նա։

Փորձագետի խոսքով՝ հատկապես անթույլատրելի է անտարբերությունը նման դեպքերում։

«Եթե դու ականատես ես դառնում բռնության, առավել ևս՝ անչափահասի նկատմամբ, չպետք է մտածես, որ դա միայն խնամակալության մարմնի գործն է։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պատասխանատվության շրջանակը նման իրավիճակներում»,- ասում է նա։

Վերահսկողություն՝ ոչ թե ձևական, այլ մշտական

Փորձագետի գնահատմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել արդեն ռիսկային համարվող ընտանիքներին։ Եթե ընտանիքը հայտնվել է մասնագետների տեսադաշտում, ապա այցելությունները չպետք է լինեն ձևական կամ տարին մեկ անգամ։

«Այդ ընտանիքներում աշխատանքը պետք է լինի շարունակական, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ամենօրյա։ Տարվա ընթացքում մեկ-երկու այցելությամբ հնարավոր չէ լուծել նման բարդ խնդիրներ»,- ասում է նա։

Սաֆարյանը կարևորում է նաև պատասխանատվության հստակ մեխանիզմների ներդրումը համակարգում։ «Մենք հաճախ լսում ենք, որ այս կամ այն մասնագետը չի կատարել իր պարտականությունները։ Բայց պետք է հստակ լինի՝ եթե կա բացթողում, ապա դրա համար պետք է լինի կոնկրետ պատասխանատվություն»,- նշում է նա։

Միաժամանակ փորձագետը ընդգծում է, որ համակարգում կան նաև արդյունավետ աշխատող մասնագետներ, որոնց աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում կանխել ողբերգությունները։

«Երբ մասնագետները լիարժեք օգտագործում են իրենց մասնագիտական կարողությունները և աշխատում են համագործակցված, մենք ունենում ենք շատ հաջողված դեպքեր։ Սակայն եթե համակարգում կան նաև անպատասխանատու աշխատակիցներ, ապա պետք է կիրառվեն ավելի խիստ միջոցներ»,- ասում է նա։

Նրա համոզմամբ՝ պատասխանատվության կիրառումը մեկ կամ երկու կոնկրետ դեպքերում կարող է բարձրացնել ողջ համակարգի զգոնությունն ու արդյունավետությունը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top