Հայաստանի Սահմանադրությունը՝ արտաքին ճնշումների կենտրոնում

ՀՀ Սահմանադրությունը՝ արտաքին ճնշումների կենտրոնում

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կողմից գաղտնազերծված 2026 թվականի «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցը ցույց է տալիս, թե ինչ տրամաբանությամբ է Վաշինգտոնը գնահատում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին նշում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով զեկույցի հիմնական շեշտադրումներին։

Դանիելյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը կառուցված է «չոր հաշվարկների» վրա՝ առանց համարժեք իրավական գնահատականների, ինչը, նրա խոսքով, արտացոլում է միջազգային իրավունքի դերի նվազեցման միտումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ։ ԱՄՆ զեկույցում նշվում է, որ խաղաղության համաձայնագրի ճանապարհին դեռևս առկա են խոչընդոտներ, և այդ պահանջի իրականացումը ենթադրում է հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ։

Դանիելյանը շեշտում է՝ ԱՄՆ-ին մտահոգում է ոչ թե այն, որ նման պահանջը կարող է խաթարել Հայաստանի ինքնիշխանությունը, այլ այն, որ հանրաքվեն կարող է չկայանալ կամ չապահովել անհրաժեշտ արդյունք։

Նա հիշեցնում է, որ Հայաստանի ներկա քաղաքական իրողություններում հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ մասնակցության շեմը ապահովելը բարդ խնդիր է։ Որպես օրինակ նշվում է, որ նույնիսկ ընտրություններին մասնակցությունը հաճախ չի հասնում պահանջվող մակարդակին․ մասնավորապես՝ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 28,4 տոկոս։

Պրոֆեսորը նաև անդրադառնում է «Անկախության մասին» հռչակագրի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով երկու առանցքային հանգամանք։ Առաջինը՝ հռչակագիրը չի պարունակում տարածքային պահանջներ, այլ վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։ Երկրորդը՝ Սահմանադրության նախաբանը հիմնվում է ոչ թե հռչակագրի բոլոր կետերի, այլ այնտեղ ամրագրված պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։

Դանիելյանի գնահատմամբ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը նշված հիմքով կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ։ Ավելին՝ նա այն դիտարկում է որպես «փակուղի տանող ճանապարհ»՝ նշելով, որ հանրաքվեի ձախողման դեպքում կարող է ստեղծվել վտանգավոր իրավական իրավիճակ, երբ Հայաստանը փաստացի կհաստատի տարածքային հավակնությունների վերաբերյալ մեղադրանքները՝ դրանից բխող բացասական հետևանքներով։

Նա նաև կասկածի տակ է դնում ընտրողների ցուցակների վերանայման միջոցով խնդրի լուծման հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման քայլերը դժվար թե արդյունավետ լինեն։ Դանիելյանը կոչ է անում լրջորեն վերանայել մոտեցումները՝ նշելով, որ իրավիճակը դեռ հնարավոր է շտկել, սակայն ժամանակը սահմանափակ է։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top