Վերջին 100 տարիների ընթացքում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Մերձավոր Արևելքում մեկն է՝ վերահսկել աշխարհի նավթային պաշարները։ Այս մասին նշեց ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։
Ըստ նրա՝ ներկայիս լարվածությունը Իրանի շուրջ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը, իրականում ուղղակի օգուտ է բերում ԱՄՆ-ին։ Վաշինգտոնը, ունենալով սեփական նավթի հսկայական պաշարներ և վերահսկելով Վենեսուելայի ու Իրաքի նավթը, այսօր փորձում է վերջին հարվածը հասցնել Իրանի նավթային արդյունահանմանը՝ դառնալով գլոբալ «նավթային հեգեմոն»։
Փորձագետը հիշեցրեց, որ կես տարի առաջ Վենեսուելայի դեմ ամերիկյան ճնշումները հասան գագաթնակետին՝ տեղի ունեցավ նավատորմի կուտակում, նախագահ Նիկոլաս Մադուրոյի փաստացի «առևանգում»։ «Իշխանափոխություն, դեմոկրատիա… բոլոր այդ խոսքերը սուտ էին։ Իրականում նույն համակարգի մարդիկ են մնացել իշխանության։ Բայց կարևորը դա չէր, կարևորը Վենեսուելայի նավթն էր»,- նշում է Վարդանովը՝ փաստելով, որ Վենեսուելայի ծանր նավթը հայտնվեց ԱՄՆ վերահսկողության տակ։
ԱՄՆ-ն արդեն վերահսկում է Իրաքի նավթը , Վենեսուելայի նավթը և այժմ թիրախավորել է Իրանը։ Աշխարհի նավթի մոտ 20%-ը արտադրում է ԱՄՆ-ն, մոտ նույնքանը նախկինում Վենեսուելան և Իրաքը։ Իրանը ևս կարող էր արտադրել զգալի ծավալներ, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն փորձում է նույն սցենարը առաջ տանել Իրանի դեպքում։
Այս ամենի ֆոնին Հորմուզի նեղուցի շրջափակումը այս փուլում ԱՄՆ-ին ձեռնտու է։ Վարդանովը նշում է, որ այսօր նավթային հոսքերի մեծ մասը տարբեր ձևերով սահմանափակած է․ Ռուսաստանը բախվում էսահմանափակումների՝ տանկերների ձերբակալման, պատժամիջոցների և գնորդ երկրների վրա ճնշման պատճառով, նավթ արտահանող մի մասը ռմբակոծվում է, մյուս մասը խոչընդոտվում է Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում։
Նույնիսկ այլընտրանքային ուղիների դեպքում ռիսկերը պահպանվում են։ Օրինակ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հուսիթների գործոնը կարող է խոչընդոտել նավթատար նավերի անցմանը։ Իսկ Սուեզի ջրանցքը, լինելով Եգիպտոսի վերահսկողության տակ (որը սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ), ևս ամբողջությամբ անկախ միջանցք չէ։
Այսպիսով, նավթի մատակարարման գլոբալ շղթաները հայտնվում են ԱՄՆ-ի վերահսկման և քաղաքական ազդեցության տակ։ Արդյունքում ձևավորվում է իրավիճակ, որտեղ շուկան ավելի կենտրոնացված է դառնում, և Վաշինգտոնը ստանում է էական առավելություն՝ մոտենալով մենաշնորհային դիրքի։

