Տարածաշրջանում ձևավորվող լարվածությունը նոր փուլ է մտնում, սակայն այն դեռևս չի վերածվի լայնածավալ ռազմական բախման Իրանի և նրա հարևանների միջև։ Այս մասին նշեց իրանագետ Տիգրան Դավուդյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հարավային Փարսի գազային նախագծին։ Ի պատասխան՝ Թեհրանը սպառնաց պատասխան գործողություններով Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիաի և Քաթարի դեմ, քանի որ դրանք ունեն խոշոր նավթագազային ակտիվներ։
Դավուդյանի գնահատմամբ՝ վերջիններս, թեև որդեգրում են ավելի կոշտ դիրքորոշում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, այնուամենայնիվ չեն համարձակվի ուղիղ ռազմական գործողությունների դիմել։ Իր հերթին Իրանը նույնպես, այս ամենը հասկանալով, չի վախենում տարածաշրջանի այս երկրներից և դիտարկում է նրանց որպես ճնշման գործիք՝ ընդդեմ Միացյալ Նահանգների։ Նրա խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում կարող է հարվածել այդ ուղղություններով՝ օգտագործելով դրանք որպես լծակ Վաշինգտոնի դեմ։ Դավուդյանը հավելեց, որ ԱՄՆ ներսում արդեն իսկ աճում է դժգոհությունը գործող վարչակազմի քաղաքականության նկատմամբ։
Խոսելով հնարավոր ռազմական սցենարների մասին՝ փորձագետը նշեց, որ այս ամենի ֆոնին չի կարծում, թե Միացյալ Նահանգները լայնածավալ ցամաքային գործողություններ կսկսի տարբեր ուղղություններով։ Նրա կարծիքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու Պարսից ծոցի ռազմավարական կետերի վրա՝ հատկապես Խարկ կղզու, որտեղ տեղակայված են Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալները։
«Նպատակը ոչ թե ռմբակոծելն է, այլ վերահսկելն ու խոչընդոտելը»,— ընդգծում է Դավուդյանը՝ հավելելով, որ նման ենթակառուցվածքների ոչնչացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ և տարիներ պահանջել վերականգնման համար։
Այս փուլում, ըստ նրա Վաշինգտոնի գլխավոր նպատակը մեկ այլ ուղղությամբ է՝ ստիպել Թեհրանին վերացնել սահմանափակումները Հորմուզի նեղուցում։ Դավուդյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է տարբեր լծակներով հասնել նեղուցի ապաշրջափակմանը, քանի որ այն ունի կենսական նշանակություն համաշխարհային էներգետիկ շուկաների համար։

