Հայաստանում շրջանառվող այն տեսակետը, թե հնարավոր է Ռուսաստանի հետ կառուցողական և փոխշահավետ հարաբերությունների միջոցով հասնել արտաքին քաղաքական հավասարակշռության, իրական հիմքեր չունի։ Նման կարծիքի է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ «բալանսավորման» մասին քննարկումները հիմնված են այն ենթադրության վրա, որ Մոսկվայի հետ հնարավոր է արդյունավետ և կոնստրուկտիվ համագործակցություն կառուցել, մինչդեռ այդ մոտեցումը պատրանք է, այլ ոչ թե իրական քաղաքական հաշվարկ։ Ըստ նրա՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու հարցում «կողմնորոշվելու» և «հանրաքվե անցկացնելու» Ռուսաստանի պահանջները դրա վառ ապացույցն են։ Քաղաքագետն ընդգծել է, որ հանրաքվեների անցկացումը Հայաստանի ներքին գործն է, և որևէ երկիր իրավունք չունի միջամտել այդ հարցին։
Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդի իր ընտրած ուղղությունը և անհրաժեշտության դեպքում ներգրավի եվրոպական ու ամերիկյան խորհրդատվական ռեսուրսներ՝ պետական կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների և որոշումների մշակման համար։ Նրա պատկերացմամբ՝ պետական համակարգի աշխատանքը պետք է հիշեցնի լավ կազմակերպված նվագախմբի գործունեություն, որտեղ յուրաքանչյուր գերատեսչություն հստակ գիտի իր դերը և գործում է միասնական ռազմավարության շրջանակում։
Հայաստանի համար ստեղծվել է Ռուսաստանից հեռանալու նպաստավոր պահ
Քաղաքագետը համոզված է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը հնարավորություն ունի վերանայելու իր կախվածությունը Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ հաճախ հնչող մտավախությունները, թե Մոսկվան կարող է Հայաստանի նկատմամբ կիրառել այնպիսի սցենարներ, ինչպիսիք նախկինում կիրառվել են Վրաստանի կամ Ուկրաինայի նկատմամբ, չպետք է դառնան որոշումների կայացման խոչընդոտ։
Մեհրաբյանը պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշման մեխանիզմներ կիրառել է նաև այն ժամանակ, երբ Երևանը նույնիսկ չէր քննարկում եվրոպական ինտեգրման հեռանկարները։ Նա Ռուսաստանին է վերագրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի հայաթափման գործընթացների անմիջական ներգրավվածությունը։ «Մենք հոգնել ենք վախենալուց, բավական է մարդկանց վախեցնել», — ասում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր ռազմական, տնտեսական և քաղաքական հնարավորությունները։ Նա որպես օրինակ մատնանշում է Ղրիմում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ թերակղզին բախվում է լոգիստիկ և անվտանգության լուրջ խնդիրների։
Ռուսաստանը չունի նոր ռազմական արկածախնդրությունների ռեսուրս
Մեհրաբյանի համոզմամբ՝ Ռուսաստանն այլևս չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք թույլ կտային միաժամանակ նոր ռազմական ճակատներ բացել կամ նոր լայնածավալ գործողություններ նախաձեռնել այլ ուղղություններով։ Նա հիշեցնում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը և 2014 թվականից սկսված ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ նշելով, որ ներկայումս Մոսկվայի հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են։ Քաղաքագետը նաև ընդգծում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, ինչը, նրա կարծիքով, լրացուցիչ սահմանափակում է Մոսկվայի ռազմական ազդեցության հնարավորությունները։
Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային՝ Մեհրաբյանը պնդում է, որ դրա միջոցով ուժային սցենարի իրականացումը գործնականում անհնար է։ Նրա խոսքով՝ նման փորձի դեպքում հայկական իրավապահ համակարգը կկարողանա արագ արձագանքել և չեզոքացնել ցանկացած ապօրինի գործողություն։
Միաժամանակ նա զգուշացնում է, որ չպետք է անտեսել դիվերսիոն կամ հիբրիդային սպառնալիքների հնարավորությունը, որոնք Ռուսաստանը նախկինում կիրառել է տարբեր երկրներում։ Սակայն, ըստ նրա, հայկական հասարակության, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների ներկայիս պատրաստվածությունը բավարար է նման ռիսկերը կանխելու համար։
Մեհրաբյանը պնդում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի վախի վրա հիմնված քաղաքականությունից, արագացնի ռազմավարական որոշումների իրականացումը և հետևողականորեն զարգացնի այն ուղղությունները, որոնք կարող են ամրապնդել երկրի ինքնիշխանությունն ու արտաքին քաղաքական անկախությունը։

