Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որ քաղաքական գործընթացները տեղափոխվեն փողոց։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա կարծիքով՝ դրա հիմնական պատճառը ընտրություններից հետո առաջացած լեգիտիմության խնդիրն է, որը իշխանությունը փորձում է լուծել ոչ թե քաղաքական, այլ հանրային մոբիլիզացիայի միջոցով։
Դանիելյանը նշում է, որ Հայաստանի վերջին ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները միանշանակ չեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի շնորհավորել իշխանության հաղթանակը, եվրոպական շրջանակներում ևս առկա են լուրջ վերապահումներ։ Քաղաքագետը պնդում է, որ եվրոպական որոշ պատգամավորների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցների ընթացքում լսել է խիստ քննադատական գնահատականներ ընտրական գործընթացի վերաբերյալ։ «Նույնիսկ միջազգային դիտորդական առաքելությունները նշել են, որ ընտրությունները լիարժեք մրցակցային չեն եղել։ Իսկ եթե ընտրությունը մրցակցային չէ, ապա հարց է առաջանում՝ որքանո՞վ կարելի է այն դիտարկել որպես իրական ընտրություն», — ասում է նա։
Դանիելյանի կարծիքով՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված իշխանության հետաքրքրվածությունը փողոցային գործընթացների նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. եթե ընդդիմությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, ապա պետք է կարողանա մեծաթիվ մարդկանց դուրս բերել փողոց և ապացուցել, որ իշխանության հայտարարած ընտրազանգվածը իրականում գոյություն չունի։
«Իր պատկերացմամբ, եթե ընդդիմությունը չի կարողանում ավելի շատ մարդ հավաքել, քան իշխանությունը, ապա դա պետք է դիտարկվի որպես իր լեգիտիմության ապացույց», — նշում է քաղաքագետը։
Այս համատեքստում Դանիելյանը ճիշտ է համարում ընդդիմության ներկայիս մարտավարությունը՝ չշտապել զանգվածային փողոցային ակցիաների կազմակերպման հարցում։ Նրա խոսքով՝ հասարակությունը դեռ շարունակում է մնալ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի ազդեցության տակ, բացի այդ՝ ամառային շրջանը ավանդաբար քաղաքական ակտիվության ամենաարդյունավետ ժամանակահատվածը չէ։
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ առաջիկա ամիսներին իշխանությունը կարող է բախվել լուրջ սոցիալ-տնտեսական մարտահրավերների։ Նրա գնահատմամբ՝ պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը, սոցիալական ծրագրերը, այդ թվում՝ առողջապահական ապահովագրության նախաձեռնությունները, ինչպես Ռուսաստանի սահմանափակումները կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել։
Դանիելյանը նշում է, որ հայկական գյուղատնտեսական և ալկոհոլային արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ առաջացած խնդիրների հետևանքները զգալի ազդեցություն են ունենալու տնտեսության վրա։
Քաղաքագետը չի բացառում, որ տարվա վերջում սոցիալ-տնտեսական դժգոհությունները կաճեն։ Ըստ նրա՝ հատկապես այն քաղաքացիները, որոնք հավատացել էին իշխանությունների խոստումներին կյանքի մակարդակի բարելավման և տնտեսական զարգացման վերաբերյալ, կարող են դառնալ բողոքի ալիքի հիմնական մասնակիցները։ «Կարծում եմ՝ հենց այդ մարդիկ են աշնան վերջին սկսելու պահանջել փողոցային պայքար և բողոքի ակցիաներ», — ասում է նա։
Ստեփան Դանիելյանը կարևորում է նաև միջազգային զարգացումների ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները խաղաղության օրակարգը հիմնավորում են այն հանգամանքով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում շահագրգռված են Միացյալ Նահանգները և արևմտյան դերակատարները։
Սակայն, ըստ քաղաքագետի, աշխարհաքաղաքական միջավայրը փոփոխվում է։ Նա նշում է, որ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի աճող դերակատարությունը կարող են փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Դանիելյանի համոզմամբ՝ Իրանը շարունակում է ընդգծել, որ TRIPP նախագիծը չի կարող իրականացվել իր շահերի հաշվին, իսկ Ռուսաստանը ևս հայտարարում է, որ չի ընդունի այնպիսի լուծումներ, որոնք շրջանցում են իր շահերը։
Այս ֆոնին քաղաքագետը կարծում է, որ տարածաշրջանում ձևավորվող ուժերի նոր հարաբերակցությունը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների վրա։
«Աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ես չեմ կարծում, որ գործող իշխանությունը երկար ժամանակ կմնա նույն դիրքերում», — եզրափակում է Դանիելյանը՝ հավելելով, որ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող որոշ օրենսդրական նախաձեռնություններ կարող են վկայել նաև արտահերթ քաղաքական զարգացումների հավանականության մասին։

