Թեև իշխող թիմը հաղթել է ԱԺ ընտրություններում, սակայն չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ինչը կարող է բարդացնել սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Այս հանգամանքը կարևոր է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, քանի որ Բաքուն շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ կկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը առանց նոր Սահմանադրության ընդունման ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի գործընթացը։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության թեման Բաքվի համար իրավական կամ տեխնիկական հարց չէ։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումը չէ, այլ Հայաստանի նկատմամբ քաղաքական և հոգեբանական ճնշման ուժեղացումը։
Հայրապետյանը նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ցույց տալ, թե կարող է թելադրել, թե ինչպիսի Սահմանադրություն պետք է ունենա Հայաստանը։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները գործող իշխանությանը մանդատ չեն տվել, որպեսզի երկրի հիմնարար օրենքի ճակատագիրը որոշվի արտաքին պահանջներով։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Սահմանադրության փոփոխության թեման որպես բանակցային օրակարգի մաս, ստեղծել է լրացուցիչ խնդիրներ հենց իր համար։ Ադրբեջանը հիմա կարող է հիշեցնել նախկին պայմանավորվածությունների մասին և պահանջել դրանց իրականացումը, մինչդեռ Հայաստանի ներսում այդ օրակարգը, ինչպես պնդում է Հայրապետյանը, հասարակական լայն աջակցություն չունի։
Ադրբեջանագետը նաև համոզված է, որ հասարակության զգալի մասը չի ընդունում այն քաղաքական օրակարգը, որը ներառում է թե՛ Սահմանադրության փոփոխության հարցը, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը ձևավորում է լուրջ քաղաքական մարտահրավեր իշխանության համար։
«Իրավիճակը կարող է փակուղային դառնալ հենց Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի համար, եթե ընդդիմությունը կարողանա խելացի և արդյունավետ աշխատել», — նշում է Հայրապետյանը։

