Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները արդեն տնտեսական պատժամիջոցների բնույթ ունեն 

Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր» միջազգային զորավարժությունների վերաբերյալ Ռուսաստանի քննադատական արձագանքները ռազմական տրամաբանության տեսանկյունից որևէ հիմնավորում չունեն։ Այս կարծիքն է հայտնել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին Մոսկվայից հնչող հայտարարություններին։

Փորձագետի խոսքով՝ այն պնդումները, թե Հայաստանի կողմից նման զորավարժությունների անցկացումը կարող է դիտարկվել որպես Ռուսաստանի նկատմամբ թշնամական քայլ, չեն դիմանում քննադատության։

«Բավական է բացել քարտեզը և տեսնել, թե որտեղ են գտնվում Հայաստանը և Ռուսաստանը, որպեսզի հասկանալի դառնա՝ խոսակցությունները Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասին պարզապես անհեթեթ են։ Դա անհնար է թե՛ ռեսուրսների, թե՛ աշխարհագրական տեսանկյունից։ Երկու երկրները նույնիսկ ընդհանուր սահման չունեն», – նշել է Ներսիսյանը։ Նրա գնահատմամբ՝ այս թեմայի շուրջ ռուսական արձագանքներն ավելի շատ քաղաքական և քարոզչական բնույթ ունեն, քան ռազմական կամ անվտանգային։

Անդրադառնալով հենց զորավարժություններին՝ փորձագետը հիշեցրել է, որ «Արծիվ գործընկեր» ձևաչափը նոր նախաձեռնություն չէ և անցկացվում է արդեն երրորդ անգամ։ «Խոսքը խաղաղապահ ուղղվածություն ունեցող սովորական զորավարժությունների մասին է։ Այստեղ որևէ սենսացիոն կամ արտառոց բան չկա։ Միակ ուշագրավ հանգամանքն այն է, որ այս անգամ մասնակցել են նաև Հունաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, այսինքն՝ ձևաչափը որոշակիորեն ընդլայնվել է», – ասել է նա։ Ներսիսյանի կարծիքով՝ դրական է այն փաստը, որ Հայաստանի ամենաակտիվ արևմտյան գործընկերները ներգրավված են նման համատեղ միջոցառումներում։

Փորձագետն անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման պատճառով քվեարկության իրավունքի հնարավոր սահմանափակման մասին Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը։ Նրա գնահատմամբ՝ նման որոշումը գործնական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, քանի որ Երևանն արդեն իսկ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը։ «Եթե Հայաստանը չի մասնակցում հանդիպումներին և չի մասնակցում քվեարկություններին, ապա աշխատանքային մարմիններում քվեարկության իրավունքի սահմանափակումը որևէ իրական հետևանք չի ունենա», – նշել է Ներսիսյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին քննարկումներին՝ փորձագետը հիշեցրել է, որ կազմակերպության գործող կանոնակարգերի համաձայն նման որոշում ընդունելը չափազանց բարդ գործընթաց է։ Նրա խոսքով՝ իրավական առումով Հայաստանը կազմակերպությունից հեռացնելու համար անհրաժեշտ կլինեն այնպիսի ընթացակարգեր, որոնց իրականացումն առանց Հայաստանի մասնակցության իրավական տեսանկյունից  անհնար է։

Միաժամանակ Ներսիսյանը կարծում է, որ նույնիսկ եթե գտնվել լծակներ ՀՀ-ին կազմակերպությունից դուրս հրավիրելու, Հայաստանի համար իրավիճակը արմատապես չի փոխվի, քանի որ երկրի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ ակտիվ գործունեությանը վերադառնալու մտադրություն չունի։ Փորձագետի կարծիքով՝ նման քայլն ավելի մեծ հարված կարող է լինել հենց կազմակերպության հեղինակությանը։ «Եթե ՀԱՊԿ-ը սեփական կանոնները շրջանցելով հեռացնի անդամ երկրին, ապա դա առաջին հերթին հարված կլինի հենց կառույցի նկատմամբ վստահությանը», – նշել է նա։

Ներսիսյանը, սակայն, ավելի մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ վերջին շրջանում ռուսական քաղաքական և տեղեկատվական դաշտում ավելի հաճախ են հնչում Հայաստանին որպես թշնամական երկիր ներկայացնող գնահատականներ։ Նրա խոսքով՝ այդ միտումների ֆոնին արդեն իսկ տեսանելի են որոշակի տնտեսական ճնշման գործիքներ։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ արդեն կիրառվում են տնտեսական սահմանափակումներ, որոնք արդեն տնտեսական պատժամիջոցների բնույթ ունեն։ Խոսքը ոչ միայն ռուսական շուկա արտահանման, այլև Ռուսաստանի տարածքով դեպի այլ ԵԱՏՄ երկրներ իրականացվող տարանցման խնդիրների մասին է։ Սա փաստացի տնտեսական ճնշման միջոց է», – նշել է փորձագետը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հարաբերությունների ամբողջական խզման մասին խոսելը դեռ վաղ է։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, գործում են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Սակայն, ըստ Ներսիսյանի, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է բացասական միտում։ «Տեսանելի է հարաբերությունների աստիճանական վատթարացման գործընթաց։ Եթե այս միտումը շարունակվի, ապա երկու երկրներին կապող տարբեր մեխանիզմներ և համագործակցության ձևաչափեր կարող են հերթով կորցնել իրենց նշանակությունը», – ասել է նա։

Փորձագետը չի բացառում, որ Մոսկվան փորձում է ճնշման միջոցով ազդել Հայաստանի քաղաքական ընտրությունների վրա, սակայն նման քաղաքականությունը, նրա համոզմամբ, սովորաբար հակառակ արդյունքն է տալիս։ «Ռուսաստանը նախկինում ևս փորձել է տարբեր երկրների նկատմամբ նման մեթոդներ կիրառել՝ ակնկալելով փոխել հասարակության կամ իշխանությունների դիրքորոշումը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման ճնշումները հաճախ բերում են հակառակ արդյունքի և խորացնում են առկա տարաձայնությունները», – եզրափակել է Լեոնիդ Ներսիսյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top