Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է զարգանալ 2 սցենարով

Իսրայելի կառավարությունը, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների շարունակվող լարվածության պայմաններում, հերթական անգամ վերադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությանը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և համապատասխան որոշումը ներկայացնել Քնեսեթի քննարկմանը։

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի ներկայացմամբ՝ ներկայիս նախաձեռնությունը վկայում է, որ Իսրայելը հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխում է քաղաքական-իրավական հարթություն։

Փաստաթուղթը նախատեսում է ցեղասպանության ճանաչում և ժխտման դատապարտում

Կառավարության հավանության արժանացած նախագծով առաջարկվում է ճանաչել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։

Փաստաթուղթը նաև նախատեսում է դատապարտել այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը հերքելու, նսեմացնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։ Բացի այդ, որոշման մասին պետք է պաշտոնապես տեղեկացվի Քնեսեթին, ինչպես նաև ձեռնարկվեն քայլեր՝ հարցը խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը ներկայացնելու համար։

Ըստ նրա՝ ընդունված փաստաթուղթը ներառում է ոչ միայն ճանաչման մասին դրույթ, այլև պատմական ճշմարտության պաշտպանությանն ուղղված մի շարք քաղաքական և իրավական ձևակերպումներ։ Մելքոնյանի խոսքով՝

Բացատրական հատվածում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության, հասարակական և քաղաքական գործիչների ձերբակալություններով, տեղահանություններով և սպանություններով։ Այնուհետև օսմանյան իշխանությունները սկսել են հայ բնակչության համակարգված բնաջնջումը, որի հետևանքով զոհվել է շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ Անատոլիայում ոչնչացվել է հայ ժողովրդի բազմադարյա մշակութային և պատմական ժառանգության զգալի մասը։

Նախագծում ընդգծվում է նաև, որ, չնայած առկա մեծածավալ պատմական փաստաթղթերին, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս շարունակում է լինել ժխտման և նսեմացման կազմակերպված քաղաքականության թիրախ, որն առավելապես իրականացվում է Թուրքիայի կողմից, այդ թվում՝ պատմության դասագրքերի վերաշարադրման միջոցով։ Փաստաթղթում հիշատակվում է նաև, որ ներկայում ավելի քան 30 պետություն տարբեր իրավական կամ քաղաքական ձևաչափերով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հնարավոր են իրավական զարգացման երկու սցենար

Մելքոնյանի գնահատմամբ՝ հետագա գործընթացը կարող է զարգանալ երկու հիմնական ուղղություններով։

Առաջին տարբերակի դեպքում ճանաչումը կիրականացվի ոչ թե առանձին օրենքի, այլ կառավարության որոշման և դրան հաջորդող Քնեսեթի քաղաքական հաստատման միջոցով։ Այս դեպքում ճանաչումը կդառնա Իսրայելի պաշտոնական պետական դիրքորոշումը, սակայն չի ստեղծի առանձին իրավական նորմեր և պարտավորություններ պետական մարմինների համար։ Այդպիսի որոշումն առաջին հերթին կունենա քաղաքական և դիվանագիտական նշանակություն։

Երկրորդ տարբերակի դեպքում Քնեսեթը կարող է ընդունել առանձին օրենք, որը կկարգավորի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլև հիշատակի օրվա սահմանումը, կրթական ծրագրերի իրականացումը և հուշահամալիրային միջոցառումների կազմակերպումը։ Այս սցենարի դեպքում ճանաչումը կդառնա Իսրայելի ներքին իրավունքի մաս՝ ստեղծելով պարտադիր իրավական հետևանքներ պետական մարմինների համար։ Միաժամանակ այն կլինի առավել կայուն իրավական լուծում, քանի որ հետագայում այն չեղարկելը կամ փոփոխելը զգալիորեն ավելի բարդ կլինի, քան կառավարության քաղաքական որոշումը վերանայելը։

Թե գործընթացը կսահմանափակվի կառավարության քաղաքական որոշմամբ, թե կհասնի առանձին օրենքի ընդունմանը, պարզ կդառնա արդեն Քնեսեթում սպասվող քննարկումների ընթացքում։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top