2026-ը՝ վերջին գիծ. մինչև ընտրություններ չենք հասնի՞

2026-ը՝ վերջին գիծ. ընտրություններին չենք հասնի՞

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի համար ոչ միայն ընտրական, այլև խոր քաղաքական շրջադարձի պահ։ Նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Ըստ նրա՝ ներկայումս արդեն ակնհայտ են իշխող ուժի լճացման նշանները, իսկ ընտրություններին մոտենալուն զուգահեռ չեն բացառվում անգամ արտահերթ զարգացումներ։

Իշխանությունը «կտրվել է իրականությունից»

Բալասանյանը նշում է, որ այս պահին իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ ակնհայտորեն կտրվել են իրականությունից։ Նրա խոսքով՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իշխանությունը փորձում է կրկնել նախկին իշխող ուժերի սխալները՝ համոզված լինելով, թե երկար տարիներ անփոփոխ կմնա պետության ղեկին։

«Մենք արդեն ունեցել ենք մի փուլ, երբ բոլորը վստահ էին, որ իշխանությունը մինչև 2030-ականներ չի փոխվելու, հիշում ենք նաև հայտնի հայտարարությունները, որ բոլոր ճանապարհները հայտնի փողոցով էին անցնելու։ Բայց տեսանք, որ այդպես չեղավ»,- նշում է նա։

Բալասանյանը հատուկ շեշտում է ընտրություններին քաղաքացիների լայն մասնակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ ակտիվ մասնակցությունը  թույլ չի տա ներկայիս իշխող ուժին ընտրական տարբեր տեխնոլոգիաների միջոցով ձևավորել կեղծ մեծամասնություն կամ արբանյակ ուժերի օգնությամբ կրկին վերարտադրվել։

«Ժողովրդին պետք է ուղղակի կոչ անել գնալ ընտրությունների։ Մասնակիցների մեծ թիվը կփակի մանիպուլյացիաների ճանապարհը»,- ասում է նա։

Արտահերթ զարգացումների սցենարը չի կարելի բացառել

Միևնույն ժամանակ միջազգայնագետը չի բացառում անակնկալ սցենարներ, ներառյալ այն, որ գործընթացները կարող են նույնիսկ չհասնել հերթական խորհրդարանական ընտրություններին։

Բալասանյանի գնահատմամբ՝ հնարավոր են այնպիսի ժողովրդական շարժումներ և ներքաղաքական հուզումներ, որոնք կարող են հանգեցնել ոչ թե պարզապես արտահերթ ընտրությունների, այլ ժամանակավոր ճգնաժամային կառավարման մարմնի ձևավորման, որն էլ հետագայում կկազմակերպի ընտրությունները։

«Այս սցենարը նույնպես չի կարելի բացառել՝ կախված գործընթացների զարգացումից»,- նշում է նա։

Սահմանադրական փոփոխությունների հարցը

Բալասանյանի  համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը ևս կախված է լինելու ինչպես ներքաղաքական զարգացումներից, այնպես էլ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Միջազգայնագետի եզրակացմամբ՝ 2026 թվականը հանգիստ տարի չի լինելու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հենց այդ տարի աշխարհը կանգնի նոր բաժանարար գծերի առաջ՝ ըստ ազդեցության գոտիների։

«Նրանից, թե Հայաստանը որ ազդեցության գոտում կհայտնվի, կախված կլինի նաև՝ կլինեն արդյոք սահմանադրական փոփոխություններ և ինչ ճանապարհով կընթանան քաղաքական գործընթացները»,- եզրափակում է Գրիգոր Բալասանյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top