Իրանում բողոքների քաղաքականացման ռիսկերը աճում են

Իրանում բողոքների քաղաքականացման ռիսկերը աճում են

Իրանում դեկտեմբերի 28–29-ից մեկնարկած բողոքի ակցիաները, որոնք սկզբնական փուլում պայմանավորված էին ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ և գների աճով, արագորեն ստացան ավելի լայն քաղաքական երանգ և տարածվեցին երկրի տարբեր հատվածներում։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ տեղի ունեցած զարգացումները որոշակի առումով անակնկալ էին, քանի որ վերջին տարիներին Իրանում, չնայած կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներին, զանգվածային բողոքի ալիքներ կանխատեսելի չէին։

«2025 թվականի հունիսին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողություններից հետո, արտաքին ճնշումների ֆոնին, հասարակության ներսում հակառակ միտում էր նկատվում․ ներքին համախմբում արտաքին ագրեսիայի դեմ։ Այդ փուլում անգամ սոցիալական լուրջ խնդիրները՝ ջրի մատակարարման խափանումները, էլեկտրաէներգիայի պակասը, օդի աղտոտումը, չէին հանգեցրել բողոքի լայնամասշտաբ գործողությունների»,– նշում է Պետրոսյանը։

Ինքնաբուխ սկիզբ, բայց ուղղորդման փորձեր

Փորձագետի գնահատմամբ՝ դեկտեմբերի վերջին սկսված բողոքները սկզբնական փուլում եղել են ինքնաբուխ և ունեցել են հստակ տնտեսական հիմք։ Սակայն դրանց տարածման և խորացման հետ մեկտեղ նկատվում են նաև ուղղորդման փորձեր, հատկապես Իրանի արտաքին հակառակորդների կողմից։

«Տնտեսական բնույթի բողոքները արագորեն տարածվեցին շուրջ 26 նահանգներում՝ ընդգրկելով հարյուրավոր բնակավայրեր։ Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր փորձում են այդ դժգոհությունը տեղափոխել իշխանափոխության օրակարգ»,– ընդգծում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ առանձնահատուկ միտում է այն, որ ակտիվությունը առավել ընդգծված է այն շրջաններում, որտեղ բնակվում են էթնիկ ոչ ֆարսի խմբեր՝ քրդական և բելուջական բնակավայրերում, որոնք ավանդաբար համարվում են արտաքին ազդեցությունների նկատմամբ առավել խոցելի։

Իշխանությունների զգուշավոր արձագանքը

Ի տարբերություն նախորդ բողոքի ալիքների՝ այս անգամ Իրանի իշխանությունների արձագանքը համեմատաբար զուսպ և կառուցողական է։ ն Պետրոսյանի խոսքով՝ թե՛ նախագահի, թե՛ հոգևոր առաջնորդի մակարդակով հնչել են ուղերձներ, ըստ որոնց՝ տնտեսական դժգոհությունները պետք է լսել և դրանց լուծում տալ պետական համակարգի շրջանակում։

«Կենտրոնական բանկի ղեկավարի փոփոխությունը, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանությունները փորձում են որոշակիորեն մեղմել իրավիճակը և չգնալ կտրուկ ճնշումների»,– ասում է փորձագետը։

Ինչու է փոխվել ուժի կիրառման տրամաբանությունը

Պետրոսյանը հիշեցնում է, որ նախորդ նմանատիպ դեպքերում՝ 2019 թվականին վառելիքի գների աճի, ինչպես նաև 2022 թվականին կանանց իրավունքների շուրջ բողոքների ժամանակ, իշխանությունները գործել են շատ կոշտ մեթոդներով՝ ուժի լայն կիրառմամբ։

Այս անգամ, նրա գնահատմամբ, այդ մոտեցման փոփոխությունը պայմանավորված է երկու հիմնական գործոնով։ Առաջինը՝ արտաքին միջամտության իրական վտանգն է, որը հատկապես սրվեց Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հնչեցված ուղիղ և անուղղակի սպառնալիքներն են։

«Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հրապարակային կերպով անդրադարձել է Իրանում տեղի ունեցողին՝ ակնարկելով հնարավոր ամերիկյան միջամտության մասին, եթե ցուցարարների դեմ կիրառվի բիրտ ուժ։ Իսրայելում նույնպես բացահայտ աջակցություն է հայտարարվել ցուցարարներին»,– նշում է փորձագետը։

Նա նաև ընդգծում է, որ տարբեր վերլուծական աղբյուրների համաձայն՝ բողոքի գործողությունների ընթացքում նկատվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալների ակտիվություն, ինչը կարող է հանգեցնել բախումների սրման և իրավիճակի անկանխատեսելի զարգացման։

Զարգացումների ռիսկային հեռանկարը

Ըստ Պետրոսյանի՝ վերջին ութ օրերի ընթացքում արդեն արձանագրվել են զոհեր և հարյուրավոր վիրավորներ, ինչը վկայում է, որ իրավիճակը հեռու է կայունացումից։

«Այս պահին բողոքի ալիքը ունի ընդլայնման միտումներ, և զարգացումները կարող են մտնել ավելի վտանգավոր փուլ, եթե սոցիալ-տնտեսական դժգոհությունները ամբողջությամբ քաղաքականացվեն կամ վերածվեն արտաքին միջամտության գործիքի»,– եզրափակում է փորձագետը։


Կատեգորիա
👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top