Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Ուխտերթի» ավարտին արված հայտարարությունը, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հատում է այն սահմանագիծը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ գծված է աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև։
Նա նշում է, որ «եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են» ձևակերպումը չի կարող ընկալվել որպես հուզական կամ խորհրդանշական արտահայտություն։ Նրա գնահատմամբ՝ սա քաղաքական բովանդակությամբ հայտարարություն է, որը կասկածի տակ է դնում աշխարհիկ պետության հիմնարար սկզբունքը։
«Աշխարհիկ պետությունը չի նշանակում հակաեկեղեցական դիրքավորում։ Այն նշանակում է պետական իշխանության ինստիտուցիոնալ չեզոքություն և եկեղեցու ներքին կյանքին, կառավարմանը ու ծիսական կարգին չմիջամտելու պարտավորություն»,– ընդգծում է Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով՝ այդ սկզբունքը խախտվում է այն պահից, երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կոչ է անում հավատացյալներին միջամտել պատարագների ընթացքին, ազդել հոգևոր սպասավորների վարքագծի վրա և եկեղեցական միջավայրում առաջ մղել քաղաքական օրակարգից բխող պահանջներ։
«Այստեղ այլևս խոսքը քաղաքական կարծիքի արտահայտման մասին չէ։ Սա պետության կողմից կրոնական ինստիտուտի վրա ուղղակի ազդեցության փորձ է»,– նշում է նա։
Սուրեն Սուրենյանցը հատկապես վտանգավոր է համարում հայտարարության իրավական բաղադրիչը։ Նրա խոսքով՝ կազմակերպված կերպով եկեղեցու ծեսերի վրա ազդեցություն գործադրելու կոչը հատում է իրավական թույլատրելիության սահմանը և մտնում այն դաշտ, որը քրեական օրենսգրքով դիտարկվում է որպես կրոնական կազմակերպության գործունեությանը կամ ծեսերի իրականացմանը խոչընդոտում։
«Երբ նման կոչը հնչում է երկրի վարչապետի շուրթերով, դա դառնում է լուրջ նախադեպ, որը փաստացի լեգիտիմացնում է իրավական առումով խնդրահարույց վարքագիծը»,– ընդգծում է քաղաքագետը։
Մեկ այլ խնդիր, ըստ Սուրենյանցի, Փաշինյանի այն պնդումն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին «օգտագործվում է որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար»։
«Առանց որևէ կոնկրետ փաստի, երկրի կամ ապացույցի մատնանշման՝ նման ձևակերպումները չեն համապատասխանում պետական խոսքի նվազագույն չափանիշներին։ Պետության ղեկավարը չի կարող գործել ենթադրությունների և անանուն մեղադրանքների լեզվով, հատկապես՝ ազգային հիմնարար ինստիտուտի հասցեին»,– ասում է նա։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև այս խոսույթի արտաքին քաղաքական ենթատեքստին։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը եվրոպական քաղաքական շրջանակների առաջ փորձում է հակաեկեղեցական գիծը ներկայացնել որպես «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար»՝ շրջանառության մեջ դնելով թեզ, թե Հայ Առաքելական Եկեղեցին իբր արտաքին կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի ազդեցության գործիք է։
«Այս թեզը ոչ միայն փաստարկված չէ, այլև վտանգավոր է պետական շահի տեսանկյունից։ Ազգային ինստիտուտների վարկաբեկումը չի կարող փոխհատուցվել արտաքին քաղաքական հավաստիացումների դիմաց»,– ընդգծում է Սուրենյանցը։

