ՔՊ-ն հաշտ չէ. Գյումրիում գնում է ժողովրդի կամքի դեմ պայքար

ՔՊ-ն հաշտ չէ. Գյումրիում գնում է ժողովրդի կամքի դեմ պայքար

Ժողովրդի կամարտահայտությունը եղե է շատ հստակ՝ Գյումրին չպետք է կառավարվի այս իշխանության կողմից։ Ուստի ընդդիմադիրները պետք է այդ հանձնառությամբ ընտրեն իրենց համայնքի ընդդիմադիր անդամներից որևէ մեկին՝ կատարելու համայնքի ավագանու ղեկավարի պարտականությունները, որպեսզի թույլ չտան, որ այս իշխանությունը ապօրինի միջամտությունների արդյունքում վերահսկի քաղաքը։ Այս մասին հայտարարել է սահմանադրագետ և իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ներխուժել է Գյումրու համայնքապետարան: Ըստ ստացված տեղեկությունների՝ բերման են ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը և ևս յոթ անձ: Իրավապաշտպան Գոհար Մելոյանը, մեկնաբանելով այս իրադարձությունները, նշել է, որ նման գործողությունները սպասելի էին: «Սա մեր հերթական «արտասովոր սովորական» առավոտներից է: Արդեն տարիներ շարունակ ապրում ենք աննորմալ իրավիճակում, երբ արթնանում ես և, օրինակ, 12 հոգևորական են առևանգում իրավապահները, և ժամերով չենք կարողանում գտնել նրանց», — ասել է նա:

Մելոյանը, ով եղել է Գյումրու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Խորհրդարանական զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ընդգծել է, որ Գյումրու ընտրություններում իշխանությունների պարտությունը ցավալի էր նրանց համար: Նա նշել է, որ իշխանությունները կենտրոնացրել էին համապետական ռեսուրսները՝ ճնշումներ գործադրելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների վրա: Այնուամենայնիվ, գյումրեցիների և հանրության հետևողականության շնորհիվ իշխանությունները չկարողացան հասնել ցանկալի հաղթանակի:

Գոհար Մելոյանը կարծում է, որ Վարդան Ղուկասյանի բերման ենթարկելն ու ազատազրկման գործընթացի մեկնարկը միտված է Գյումրու ընտրված համայնքի ղեկավարին մեկուսացնելուն: «Սա անձի խնդիր չէ, սա ինստիտուցիոնալ խնդիր է: Եթե դու ժողովրդավար պետություն ես, ժողովուրդը իր քվեն տվել է այդ անձին, և նորմալ պետությունում իշխանությունները հաշտվում են այդ իրականության հետ», — ասել է նա: Նա ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր ընտրված համայնքի ղեկավարը ենթարկվում է իրավական հետապնդումների: Նման օրինակներ են եղել Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանի, Մասիսում՝ Դավիթ Համբարձումյանի, և Գորիսում:

Մելոյանը խստորեն քննադատել է ԱԱԾ-ի գործողությունները՝ նշելով, որ դրանք նման են «մասքի շոուի» և ահաբեկում են համայնքապետարանի աշխատակիցներին: «Առավոտվանից ահազանգեր եմ ստանում համայնքապետարանի աշխատակիցներից: Կանայք լացում են, հուզված են, ահաբեկված են, կարծես գնացել են միջազգային մասշտաբի ահաբեկիչ բացահայտելու», — ասել է նա: Նա կոչ է արել հանրությանը և միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այս իրավիճակին, քանի որ իշխանությունները, որոնք իրենց հայտարարել են ժողովրդավարության ջատագով, բացահայտ խախտում են ժողովրդավարության սկզբունքները:

Իրավապաշտպանը նշել է, որ Ազգային ժողովի ամբիոնից իշխանական պատգամավորի կողմից Վարդան Ղուկասյանի դեմ հնչեցված հայտարարությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ «ԱԱԾ-ն դրանով կզբաղվի», վկայում են քաղաքական հաշվեհարդարի մասին: «Սա առաջին անգամը չէ, երբ Ազգային ժողովում իշխանության թիմակիցների հաղորդակցումը հանգեցնում է մարդկանց ապօրինի հետապնդումների և ազատազրկումների», — ասել է Մելոյանը: Նա ընդգծել է, որ իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակությունը չեն հաշտվում նման գործողությունների հետ, ներառյալ այնպիսի դեպքերը, ինչպիսիք են բարերար Սամվել Կարապետյանի կամ նահատակված հերոսների ծնողների ապօրինի կալանքները:

Գոհար Մելոյանը կոչ է արել Գյումրու համայնքի ավագանու ընդդիմադիր անդամներին ստանձնել ժողովրդի կամքը պաշտպանելու պարտավորությունը: Նա ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է ընտրի իր անդամներից մեկին՝ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու համար, որպեսզի կանխվի իշխանությունների կողմից քաղաքի վերահսկողության ապօրինի գրավումը: «Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և ասի, որ մեր համբերությունը սպառվել է», — հայտարարել է նա:

Scroll to Top