Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է՝ իշխանությունների վերջին ակտիվությունը արտաքին ասպարեզում, մասնավորապես ԵՄ հետ հարաբերություններում, պայմանավորված է ոչ թե իրական հաջողություններով, այլ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքական «արդյունքների կեղծ տպավորություն» ստեղծելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ կառավարության տրամադրած խոստումներն՝ սկսած վիզայի ազատականացման հարցից, վերջացրած «միլիարդավոր» ներդրումների խոստումով, «արդյունքներ են թղթի վրա» առանց իրականություն դառնալու հնարավորության։
Դանիելյանը հիշեցնում է ԵՄ կողմից դեռ տարիներ առաջ խոստացված 2,5 միլիարդ դոլարի ներդրումներից որևէ նշույլ չկա, իսկ նույնիսկ այն գումարները, որոնք նախատեսված են տարբեր ծրագրերի համար, գործող իշխանությունը չի կարողնում իրացնի։
«Իրենց մասնագիտական կարողությունների բացակայության պատճառով շատ ծրագրերի գումարները հետ են գնում։ Նույնիսկ դպրոցաշինության ոլորտում, որտեղ բարդ տեխնոլոգիաներ պետք չեն, չեն կարողանում իրականացնել»,– ասում է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ իշխանությունների համար՞ սակայն, այսօր կարևոր է ոչ թե իրական արդյունքը, այլ դրա իմիտացիան․ հայտարարություններ, փաստաթղթեր, հանդիպումներ, որոնց նպատակը հանրության համար ստեղծել «գործընթացի առկայության» պատրանք։ Նրա խոսքով՝ գործընթացը ինքնին ոչինչ չի նշանակում։
«Թուրքիան արդեն 25–30 տարի ԵՄ մտնելու գործընթացում է, բայց արդյունք չկա։ Գործընթացը կարևոր չի, արդյունքն է կարևոր։ Իսկ այս կառավարությանը անհրաժեշտ է քաղաքական կապիտալ, ուստի արդյունքների նույնիսկ ձևական բնույթը լրիվ բավարար է»,– ընդգծում է նա։

