Վերջին օրերին կառավարության կողմից հրապարակած 13 փաստաթղթերը Հայտնվեցին քաղաքական դիսկուրսի կենտրոնում։ Խոսքը Արցախյան կարգավորման գործընթացին վերաբերող փաստաթղթերի մասին է, որոնց հրապարակումը խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, մեկնաբանելով իշխանության այս քայլը, նշում է՝ աղմուկի հիմնական պատճառը ոչ այնքան փաստաթղթերի բուն բովանդակությունն է, քանի որ նրանց մեծ մասը հայտնի էին հանրությանը, այլ հրապարակման ժամանակը և դրա քաղաքական նպատակը։
Նախընտրական «վակցինացիա»
«Փաստաթղթերի մեծ մասը, որոնք մինչև 2019 թվականն են, հայտնի էին հանրությանը կամ մասնագիտական ոլորտին։ Առանձնապես նորություն չի եղել։ Նույնիսկ 2019-ի հունիսի փաստաթղթից, չնայած այն առաջին անգամ էր հրապարակվում, այնքան էր խոսվել, որ արդեն դարձել էր ընդդիմության և Փաշինյանի հիմնական բանավեճի հիմքը։ Հիշենք՝ վարչապետը սկզբում հայտարարում էր, որ նման փաստաթուղթ չկա, հետո ընդունեց, բայց նշեց, որ իրեն չէր ուղղված։ Դա մանկամիտ մոտեցում էր ու նախատեսված էր նույնքան մանկամիտ լսարանի համար», — նշում է նա։
Հակոբյանը հիշեցնում է, որ հենց այս փուլում նման կարևոր փաստաթղթերի հրապարակումը ունի հստակ ռազմավարություն․
«Կարծում եմ՝ Փաշինյանը հասկանում էր, որ ընտրություններին մոտ, հատկապես նախընտրական փուլում, Արցախի թեման լինելու է ընդդիմության հիմնական գործիքը։ Նրան կասեն՝ ինչու չօգտագործեց 2019-ի հնարավորությունը, ինչու երկիրը հասցվեց պատերազմի։ Հետևաբար նա նախապես փորձում է խաղի կանոններ փոխել»։
Քաղտեխնոլոգը դա անվանում է «վակցինացիա»․ «Քաղաքական տեխնոլոգներում կա մեխանիզմ՝ վտանգավոր թեման շուտ դնել շրջանառության մեջ, գոլոշի բաց թողնել, որպեսզի ամենաթեժ պահին՝ ընտրություններին, այն այլևս լինի սպառված և մեծ ազդեծություն չունենա»։
Փաշինյանի այս քայլը, հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ վարչապետի ապագա մանիպուլյացիաները և մեսիջները ուղղված է հիմնականում իր ընտրազանգվածին և գուցե որոշ չափով 50-55% չկողմնորոշված ընտրողներին:
Ինչ էին տալիս 2019-ի առաջարկները և ինչ մենք կորցրինք
Հակոբյանը շեշտում է, որ 2019-ի բանակցային տարբերակը համարվում էր պատերազմի հետաձգման և հնարավոր իրավիճակի պահպանման միջոց․
«Եթե Հայաստանը գնաց 2019-ի առաջարկով, առնվազն ժամանակ կշահեր։ Յուրաքանչյուր շրջանի հանձնում ուներ ենթակետեր, այդ գործընթացը կարող էր տարիներ տևել։ Իսկ տարիները արժեք էին՝ հնարավոր էր պահպանել մինչպատերազմյան ստատուս քվոն կամ գոնե ունենալ նոր մեկնարկված, բայց դեռ չավարտված կարգավորող գործընթաց»։
Նա ընդգծում է, որ այս փաստը դեռ երկար է ազդելու հանրային ընկալումների վրա, հատկապես այն հատվածում, որը արդեն քննադատում է իշխանությանը։

