Իրավունքի գերակայություն. խոստումներ, իրականություն և տագնապալի միտումներ

Իրավունքի գերակայություն. խոստումներ, իրականություն և տագնապալի միտումներ


Հայաստանում իրավունքի գերակայության թեման տարիներ շարունակ եղել է քաղաքական և հասարակական քննարկումների առանցքում։  Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո թեման սկսեց դիտարկվել նաև միջազգային պարտավորությունների համատեքստում, որտեղ իրավունքի գերակայությունը հիմնարար արժեքներից մեկն է։ Որքանո՞վ  Հայաստանին հաջողվեց զարգացնել այս ինստիտուտը անկախությունից ի վեր, և արդյո՞ք միտումները եղել են կայուն, փոփոխական կամ խոցելի։ Ի՞նչ են վկայում  համաշխարհային ցուցիչները, որոնք գնահատում են տարբեր երկրների իրավական միջավայրը և իրավունքի գերակայության մակարդակը։  Այս և այլ հարցերի իր կարծիքը հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր Տարոն Սիմոնյանը։

Ցուցիչներ՝ միտումը միանշանակ դեպի դրական չի

Միջազգային ցուցիչները՝ World Justice Project-ի Rule of Law Index-ը, Freedom House-ի զեկույցները, Եվրոպայի խորհրդի գնահատականները և այլն, ցույց են տալիս ցիկլային պատկեր: Անկախության առաջին տարիներին և հատկապես 2018 թ. իշխանափոխությունից հետո որոշակի դրական տեղաշարժեր արձանագրվեցին, սակայն վերջին տարիներին նկատվում է նահանջ:

«Միտումը միանշանակ դեպի դրական չի եղել», – ընդգծում է փորձագետը: – «Կան ժամանակաշրջաններ, երբ ցուցիչները բարձրանում էին, կային ժամանակաշրջաններ՝ երբ նվազում էին: Վերջին շրջանում բացասական միտումներ են նկատվում հատկապես դատական համակարգի անկախության, իրավական որոշակիության և օրենսդրության կայունության ոլորտներում»:

Սիմոնյանը նշում է, որ օրենսդրության հաճախակի և քաղաքական նպատակներով պայմանավորված փոփոխությունները, այդ թվում՝ Սահմանադրության կասկածելի փոփոխությունները, լրջորեն խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքը:

Առանձին ուշադրություն է դարձվում իշխանությունների տարանջատմանը: Փորձագետի կարծիքով՝ վերջին տարիներին այդ սկզբունքը թուլացել է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի ու աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Ժամանակակից պետությունների զգալի մասում իշխանությունների տարանջատումը զարգանում է ոչ թե իրավունքի գերակայության ուղղությամբ, այլ՝ դեպի մեկ քաղաքական ուժի գերիշխանություն», – ասում է Սիմոնյանը:

Անաչառությունը կասկածի տակ 

Սիմոնյանը ընդգծեց, որ  պետությունների իրավունքի գերակայության վիճակը գնահատող միջազգային ինդեքսները՝ կարևոր գործիք են, բայց միայն դրանց վրա ապավինել չի կարելի։ Նրա գնահատմամբ՝ միջազգային շատ գնահատականներ ամբողջությամբ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Այս անհամապատասխանությունը հատկապես նկատելի է վերջին տարիներին՝ միջազգային իրավակարգի փոփոխությունների ֆոնին։

Փորձագետը պարզաբանեց, որ առանձին պետությունների համար որոշ ուժային կամ տնտեսական շահեր ավելի առաջնային են դարձել, քան իրավունքը.
«Պատերազմների շարքը ցույց տվեց, որ ուժի գերակայությունը շատերի համար մղվել է առաջին պլան», — ասաց նա։

Այդ պատճառով էլ իրավունքի գերակայության գնահատականներում երբեմն բարձր դիրքեր են գրավում երկրները, որոնք իրականում պետք է ունենային զրոյից ցածր միջավայր, հաշվի առնելով իրավախախտումների ծավալները։

«Մեր հարևան Ադրբեջանի օրինակով տեսնում ենք, որ ցեղասպանական գործողությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների պարագայում նրանց ցուցիչները բարձր են մնում», — ընդգծեց Սիմոնյանը։

Անկումը պետք է կանգնեցնել նաև ներքին ուժերով

Անաչառության վերաբերյան կասկածները,  չպետք է դառնան «փափուկ բարձ», որ հանդուրժենք իրավունքի գերակայության անկումը,– ընդգծում է իրավաբանը:

Սիմոնյանի գնահատմամբ միջազգային ցուցիչները չի կարելի անտեսել, նրանք պետք է ընկալվեն որպես հայելի, որով պետությունը կարող է տեսնել իրական վիճակը, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ պահանջել բարեփոխումներ:

«Դրանք շատ կարևոր գործիք են՝ առերեսվելու մեր զարգացման մակարդակին և պետական մարմիններին բերելու իրավունքի գերակայության դաշտ», – եզրափակում է նա:

Սակայն իրավունքի գերակայությունը գնահատելու համար բավարար չեն միայն միջազգային ինդեքսները. անհրաժեշտ է նաև ներքին, անկախ գնահատման համակարգ, որին կարող են մասնակցել ինչպես քաղաքացիները, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Scroll to Top