Արցախյան խնդրի շուրջ փաստաթղթերի հրապարակումը նախընտրական «վակցինացիա» է

Խաղաղության օրակարգ = շահերի բալա՞նս․ ԱՄՆ նոր խաղը Հարավային Կովկասում


Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարտց, որ ԱՄՆ պետքարտուղար նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Թրամփի ձևակերպմամբ՝ այցերի օրակարգը միտված է խաղաղությանը, սակայն միևնույն ժամանակ ընդգծվել են մի շարք չափազանց կոնկրետ ուղղություններ՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների վաճառք Բաքվին, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության շուրջ «հիանալի համաձայնագրի» կնքում։

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն քաղաքական և բիզնես տրամաբանության մեջ։ Մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ շրջանառվում էր տեղեկություն, որ ԱՄՆ փոխնախագահի կամ բարձր մակարդակի ներկայացուցչի այցը նախատեսվում էր միայն Հայաստան։ Սա շատերի մոտ զարմանք էր առաջացրել, քանի որ նման այցերը սովորաբար ունեն տարածաշրջանային բնույթ։ Սակայն, ըստ վերլուծաբանի, հետագայում, ամենայն հավանականությամբ, որոշակի համաձայնություն է ձեռք բերվել նաև Ադրբեջանի հետ։

Թրամփի բիզնես-մոտեցումը և Ադրբեջանի հետ համագործակցությունը

«Փաստ է, որ ամերիկյան ներկայացուցչի Ադրբեջան այցի մասին որոշումը ըստ էության ընդունվեց Թրամփի և Ալիևի հանդիպումից հետո։ Այսինքն՝ ձևավորվեցին օրակարգեր», — նշում է Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե Հայաստանի հետ կապված Թրամփի մոտ ինչ-որ օրակարգեր արդեն իսկ նշմարվում էին, ապա Ադրբեջանի դեպքում խոսքը շատ ավելի ակնհայտ բիզնեսային շահերի մասին է։

Հակոբյանը հիշեցնում է, որ Թրամփը բիզնեսմեն է և քաղաքականության մեջ նույնպես առաջնորդվում է բիզնես-մտածելակերպով։ Նա ժամանակ և ռեսուրս է ներդնում հանդիպումների կամ իր ներկայացուցիչների աշխատանքի մեջ միայն այն դեպքում, երբ առկա է հստակ, չափելի շահ՝ հիմնականում արտահայտված դոլարով։ Այս տրամաբանությամբ էլ, վերլուծաբանի կարծիքով, պետք է ընկալել Ադրբեջանի հետ կապված օրակարգը։

«Տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ խոսքը զենքի, սպառազինության վաճառքի մասին է։ Թե կոնկրետ ինչ տեսակների մասին է խոսքը, ամբողջությամբ դեռևս պարզ չէ, բայց ակնհայտ է, որ այստեղ լուծվում են բիզնեսային հարցեր», — ընդգծում է նա։ 

Բիզնեսը չի կարող չունենալ քաղաքական բաղադրիչ

Միաժամանակ Հակոբյանը նշում է, որ այդ բիզնեսը չի կարող զերծ լինել քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչից։

Ըստ նրա՝ դժվար է պնդել, որ Ադրբեջանը զինվում է բացառապես Հայաստանի հետ պատերազմի համար։ Ավելի հավանական է, որ սա ունի տարածաշրջանային նշանակություն և կարող է կապ ունենալ նաև Իրանի շուրջ հնարավոր զարգացումների հետ։ «Ցանկացած ռազմական համագործակցություն նախ և առաջ ունի քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական բաղադրիչներ, և Թրամփի դեպքում սա առավել ակնհայտ է», — ասում է վերլուծաբանը։

Հայաստանի ուղղությամբ օրակարգը․ տեխնոլոգիաներ և ներդրումներ

Ինչ վերաբերում է Հայաստանին, Հակոբյանի խոսքով՝ այստեղ օրակարգը այլ բնույթի է։ Թեև կարող են քննարկվել որոշ նյուանսներ, որոնք առնչվում են «TRIPP ծրագրին», սակայն Թրամփը շատ կոնկրետ նշել է համագործակցության ուղղությունները։ Խոսքը վերաբերում է տեխնոլոգիական համաձայնագրերին՝ հատկապես արհեստական ինտելեկտի, NVIDIA-ի հետ կապվող նախագծերի և AI տվյալների կենտրոնների ստեղծման մասին։

Վերլուծաբանը հիշեցնում է, որ այս ծրագրի շուրջ արդեն երկար ժամանակ խոսվում է, և ներդրումների ծավալը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է նաև միջուկային տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ համագործակցության մասին, այսինքն՝ միջուկային էներգետիկայի ոլորտում։

Մոդուլային ատոմակայանները ուղղակիորեն կապված են NVIDIA-ի հետ

Հակոբյանը ենթադրում է, որ այս դեպքում խոսքը պարտադիր չէ, որ վերաբերի գործող հայկական ատոմակայանին։ Ավելի հավանական է, որ նկատի ունեն մոդուլային ատոմակայանները, որոնց մասին վերջին շրջանում ակտիվորեն քննարկումներ են ընթանում միջազգային մակարդակով։ Նրա կարծիքով՝ մեծ հավանականություն կա, որ այս մոդուլային կայանները կարող են ուղղակիորեն կապված լինել NVIDIA-ի և տվյալների կենտրոնների նախագծերի հետ։

«AI տվյալների կենտրոնները հսկայական էներգիա են պահանջում։ Հետևաբար տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանում մոդուլային ատոմային էլեկտրակայանների տեղադրումը կարող է հենց այդ նախագծի սպասարկման նպատակ ունենալ», — նշում է նա։ Վերլուծաբանի խոսքով՝ գոնե է-ին փուլում կարելի է ենթադրել, որ միջուկային համագործակցության հիմնական նպատակը տվյալ տեխնոլոգիական նախագծի էներգետիկ ապահովումն է։

Հակոբյանը ընդգծում է, որ Միացյալ Նահանգները տարածաշրջաններում հիմնականում գործում է պարիտետային սկզբունքով, ինչպես դա բնորոշ է գերտերություններին։ Այս տրամաբանությամբ էլ ԱՄՆ-ը գտել է իրեն հետաքրքրող կոնկրետ թեմաներ ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում՝ համապատասխանեցնելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։

Scroll to Top