Իրանի ճգնաժամը փոխում է հաղորդակցությունների շուրջ քննարկումները

Հայաստանը TRIPP-ի հարցում կատարողի դերում է, ոչ թե որոշում կայացնողի

TRIPP նախագծի ապագան առաջին հերթին կախված է ոչ թե Հայաստանի որոշումներից, այլ միջազգային գործընթացների զարգացումից։ Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով՝ նախագծի ճակատագիրը պայմանավորված է ԱՄՆ–Իրան հարաբերություններով, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններով, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան մրցակցության ընթացքով։

Բադալյանի համոզմամբ՝ այս համատեքստում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես ինքնուրույն որոշումներ կայացնող, այլ որպես արտաքին միջավայրի թելադրած տրամաբանությունը կատարող կողմ․

«Ըստ էության, ինչ տրամաբանություն թելադրվի արտաքին միջավայրով, Հայաստանը թերևս ձեռնամուխ է լինելու դրա կատարմանը։ Այդ պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանը հայտնել է վաղուց՝ ոչ միայն TRIPP-ի իմաստով, այլ ընդհանրապես Հայաստանի պետական քաղաքականության տեսանկյունից։ TRIPP-ը դրա դրսևորումներից մեկն է»։

Հայաստանի մոտեցումը՝ գնալ հաղթողի թելադրած ճանապարհով

Վերլուծաբանի խոսքով՝ եթե Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ներկայացվի առավել պարզեցված ձևով, ապա դրա հիմքում ընկած է աշխարհաքաղաքական ուժային հավասարակշռությանը հարմարվելու տրամաբանությունը․

«Մենք պատրաստ ենք գնալ այն ճանապարհով, որը կգծի աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում առավելություն ունեցողը կամ, այսպես ասած, հաղթողը։ Եվ TRIPP-ը, լինելով աշխարհաքաղաքական առումով առանցքային նախագծերից մեկը, այստեղ բացառություն չի լինելու»։

Բադալյանի կարծիքով՝ հենց այդ պատճառով Հայաստանը տվյալ գործընթացում ավելի շատ կատարողի դեր ունի, քան նախաձեռնողի։

«Կրկնում եմ՝ Հայաստանը այստեղ ավելի շատ կատարողի դերում է, քան ինչ-որ որոշում ներկայացնողի։ Եվ պետք է հասկանալ, թե ինչ կատարողականի շրջանակում է Հայաստանը ձեռնամուխ լինում ներպետական վավերացման գործընթացին»։

Վավերացման գործընթացը կարող է ժամանակ շահելու միջոց լինել

Միևնույն ժամանակ, Բադալյանը չի բացառում, որ իշխանությունը վավերացման գործընթացով փորձում է ձգձգել գործընթացը՝ ժամանակ շահելու նպատակով՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ կզարգանա միջազգային իրավիճակը։

«Գուցե Նիկոլ Փաշինյանն իր հերթին փորձում է որոշակի ժամանակ շահել՝ հասկանալու համար, թե ուր է գնում աշխարհաքաղաքական գործընթացը, ինչ տրամաբանությամբ, ինչ միտումներով։ Այս դեպքում ներպետական վավերացման գործընթացը կարող է լինել Հայաստանի որոշումը, բայց այն արդյունք անմիջապես չի ենթադրում։ Դա ամիսների գործընթաց է, և այդ ընթացքում Հայաստանը կարող է որոշակի իմաստով «լողալու» հնարավորություն տեսնել՝ ժամանակ շահելու առումով»։

Նրա խոսքով՝ այդ ժամանակը կարող է օգտագործվել՝ գնահատելու համար, թե ինչ զարգացումներ կլինեն մի շարք առանցքային ուղղություններով՝ ռուս-ուկրաինական պատերազմ, զարգացումներ Իրանի շուրջ։ 

Պատերազմի ավարտը դեռ չի ուրվագծվում

Սակայն, Բադալյանի գնահատմամբ՝ առայժմ տեսանելի չեն նշաններ, որոնք թույլ կտան խոսել միջազգային հակամարտությունների մոտալուտ ավարտի մասին։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ ապագայում որոշ ուղղություններով որոշումներ ընդունվեն կամ առանձին պատերազմներ ավարտվեն, սակայն ընդհանուր պատկերն այլ բան է ցույց տալիս։

«Որքան էլ տարբեր կողմեր ջանքեր են գործադրում, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ, դեռ չի ուրվագծվում համաշխարհային այս ծավալվող պատերազմի մոտալուտ ավարտը։ Այդ տեսանկյունից նաև Իրանի շուրջ իրավիճակը ցույց է տալիս, որ նույնիսկ երբ թվում է, թե կայունության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, դա տևում է ընդամենը մեկ-երկու շաբաթ, և կողմերը կրկին անցնում են ռազմական գործիքների կիրառմանը»։

Իրանի շուրջ ռազմական գործողությունները՝ ավելի մեծ ռիսկերի կառավարման միջոց

Այսպես, խոսելով Իրանի շուրջ զարգացումների մասին՝ Բադալյանը նշում է․ «Ես չէի ասի, որ Իրանի դեմ պատերազմը վերսկսվել է ամբողջ ծավալով։ Հնարավոր է, որ ռազմական գործիքի կիրառմամբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փորձում են կառավարել ավելի մեծ ռիսկերը։ Այս փոխադարձ հարվածները գուցե պայմանական իմաստով հնարք են՝ ավելի լայն ռիսկերը վերահսկելու համար։ Բայց եթե կողմերը ստիպված են այդ կերպ կառավարել իրավիճակը, դա արդեն վկայում է, որ համաշխարհային իրավիճակը շարունակում է գտնվել շատ բարձր տուրբուլենտության պայմաններում»։

Նրա գնահատմամբ՝ ներկայումս առավել տեսանելի են ոչ թե լարվածության նվազման, այլ դրա խորացման միտումները։

Ռուսաստան–Եվրոպա հնարավոր բախումը կարող է փոխել նաև Կովկասի իրավիճակը

Քաղաքական մեկնաբանը կարևոր հարց է համարում նաև Ռուսաստանի և Եվրոպայի միջև անմիջական ռազմական բախման հավանականությունը։

«Այսօր շատ արդիական հարց է, թե արդյոք կլինի Ռուսաստան–Եվրոպա անմիջական բախում։ Այսինքն՝ Ռուսաստանը կկայացնի՞ որոշում հարվածել արդեն անմիջական եվրոպական տարածքներին։ Տեսնում ենք, որ Եվրոպան հետևողականորեն բարձրացնում է լարվածությունը ուկրաինական ուղղությամբ՝ հավանաբար այն հաշվարկով, որ Ռուսաստանը ավելի շուտ կհամաձայնի իրենց պայմաններով բանակցել, քան կհարվածի իրենց»։

Բադալյանի խոսքով՝ հենց այս ուղղությամբ ընթացող էսկալացիան անխուսափելիորեն ազդեցություն է ունենալու նաև մյուս տարածաշրջանների վրա։

«Առնվազն այս ուղղությամբ տեսնում ենք, թե ինչպես է իրավիճակը գնում դեպի էսկալացիա։ Այդ էսկալացիան իր «մետաստազները» տալու է նաև այլ ուղղություններով ընթացող գործընթացներին, այդ թվում՝ Կովկասում, այդ թվում՝ Իրանի շուրջ զարգացումներին, որոնք իրենց հերթին անուղղակի ազդեցություն կունենան նաև Հարավային Կովկասի վրա»։

Scroll to Top