Ռազմագերիների հարցը դուրս մնաց Վենսի այցի օրակարգից

Ռազմագերիների հարցը դուրս մնաց Վենսի այցի օրակարգից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղղությունը՝ նախ Հայաստան, ապա Ադրբեջան, զրեյացնում է այն հույսերը, որոնք կապված էին ռազմագերիների հարցի հնարավոր լուծման հետ։ Այս մասին հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։ 

Նրա խոսքով՝ եթե այցը հակառակ ուղղությամբ լիներ գուցե  կարելի էր հույս ունենալ, որ Բաքվից Երևան գալու ճանապարհին Վենսը կարող էր որոշ հարցերի լուծման միջնորդ դառնալ։ Սակայն ներկայիս ձևաչափում այդ պատկերացումն արդեն գործնականում գոյություն չունի։

Բաքվի դատավճիռները և ճնշման հնարավորությունների փակումը

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Վենսի այցից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից հինգին։ Մարգարյանի գնահատմամբ՝ սա նպատակ ուներ փակել ցանկացած հնարավոր ճնշման լծակ՝ կապված ռազմագերիների ազատ արձակման հետ։

Նրա խոսքով՝ քանի դեռ դատավարությունները բաց էին, հնարավոր էր ավելի հեշտ միջնորդել ազատ արձակման հարցում։ Սակայն դատավճիռներից հետո Բաքուն փորձել է կանխել ցանկացած միջնորդական նախաձեռնություն՝ հիմնվելով արդեն գոյություն ունեցող դատապարտման վրա։

Սովորական ռազմագերիների հարցում Մարգարյանը ևս ընդգծում է Հայաստանի իշխանությունների դերի բացակայությունը՝ նշելով, որ առանց պաշտոնական Երևանի ակտիվ պահանջատիրության որևէ ճնշում արդյունավետ չի կարող լինել։

Ներքաղաքական շահերն ու ընտրական հաշվարկները

Մարգարյանի համոզմամբ՝ Արցախի նախկին ղեկավարության վերադարձը Հայաստան այս փուլում ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները որևէ հետաքրքրվածություն կամ ցանկություն չունեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, քանի որ այդ վերադարձը քաղաքական օգուտ չի կարող բերել վարչապետին։

Մարգարյանը նշում է, որ միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերի սովորական ռազմագերիներին, հնարավոր է իշխանությունների հետաքրքրվածություն՝ նրանց ներքաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Արցախի ղեկավարության դեպքում, սակայն, նման սցենար անհնար է, ինչի հետևանքով, նրա կարծիքով, Վենսը նույնպես չի իրականացնում և չի կարող իրականացնել էական միջնորդական ջանքեր այդ ուղղությամբ։

Scroll to Top