Խնդիրը սահմանադրական համակարգը չէ, այլ մարդիկ

Խնդիրը սահմանադրական համակարգը չէ, այլ մարդիկ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները սխալ ուղղությամբ են գնում։ Քաղաքական ուժերի մեծ մասը փորձում է խնդիրը ներկայացնել որպես կառավարման համակարգի թերություն՝ պնդելով, թե կիսանախագահական մոդելը կարող է լուծել երկրի կառավարման ճգնաժամը։ Իրականում խնդիրը ոչ թե սահմանադրական կառուցվածքն է, այլ այն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձնական կամ քաղաքական շահերի համար խախտել սահմանադրությունը։ Նման կարծիքի է ահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ 

Նրա խոսքով՝ կատարյալ սահմանադրություն գոյություն չունի․ կան լավ և վատ սահմանադրություններ։ Լավ սահմանադրությունն այն է, որտեղ իշխանությունների բաժանումն ու հակակշիռները գործում են մեխանիզմների մակարդակով։ Վատ սահմանադրությունն այն է, որտեղ իրավականորեն ամեն ինչ կենտրոնացվում է մեկ մարդու ձեռքում։

1995 թվական՝ սուպերնախագահական համակարգ

Պողոսյան գնահատմամբ՝ հատկապես վտանգավոր է 1995 թվականի սահմանադրության նկատմամբ առաջացած «կարոտախտը»։  Նա ն՛եց, որ այն ժամանակ ընդունված փաստաթուղթը ձևականորեն ներկայացվում է որպես կիսանախագահական, սակայն իրականում ստեղծում էր սուպերնախագահական համակարգ։

Հանրապետության նախագահը համարվում էր երեք իշխանությունների գործունեության երաշխավոր և ուներ ուղղակի լծակներ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանությունների նկատմամբ։ Նախագահը կարող էր գրեթե առանց սահմանափակումների լուծարել Ազգային ժողովը, նշանակել և ազատել կառավարությանը, ինչպես նաև վերահսկել դատական համակարգը։

Դատական համակարգում ստեղծված էր փակ շրջան․ նախագահը ղեկավարում էր արդարադատության խորհուրդը, որը հենց իրեն էր առաջարկում դատավորների թեկնածությունները։ Նույն անձը առաջարկում էր և նույն անձը հաստատում։

Այս պայմաններում անկախ դատական իշխանության գոյությունը գործնականում անհնար էր։ Քաջ դատավորները դառնում էին բացառություն, ոչ թե համակարգի արդյունք։

2005 թվականի սահմանադրական փոփոխությունները որոշ չափով մեղմեցին նախագահի լիազորությունները, սակայն դատական իշխանության կախվածությունը պահպանվեց։

Դատավորների նշանակման մեխանիզմի պատրանքը

Գործող սահմանադրությունը նախատեսում է երեք հինգերորդ մեծամասնություն դատավորների նշանակման համար։ «Գործող սահմանադրությամբ սևով սպիտակի վրա գրված է, որ դատավորների նշանակման համար պահանջվում է երեք հինգերորդ մեծամասնություն։ Վճռաբեկի մասով՝ ընտրությունը ԱԺ-ն է կատարում, իսկ այլ դատավորների դեպքում՝ նախագահն է նշանակում, բայց երեք հինգերորդի առաջարկությամբ», — ասաց նա։

Նպատակը պարզ է՝ քաղաքական ուժերի միջև որոշակի կոնսենսուս ապահովել։ Սակայն այսօր այդ կոնսենսուսը չկա, որովհետև իշխող ուժը փաստացի ունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանում է շրջանցել քաղաքական հավասարակշռության գաղափարը։ Այդ առումով Պողոսյանը ընդունում է՝ խնդիրը կա։

Բայց առաջարկվող այլ տարբերակը, ըստ որի խմբակցությունների կեսից ավելին համաձայնություն տա, ավելի վատն է։ «Այս պարագայում կարող ենք հասնել իրավիճակի, որ ընդհանրապես դատավոր չենք ունենալու», — նշեց նա՝ հավելելով, որ ⅗-ը հնարավոր է լավագույն լուծումը չէ, բայց այնուամենայնիվ ստեղծում է ողջամիտ հավասարակշռություն։

Միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրության պատրանքը

Պողոսյանը նաև հակադարձում է այն թեզին, թե պետք է սահմանադրություն, որը կբացառի միանձնյա իշխանությունը։ Նրա խոսքով՝ նման սահմանադրություններ չեն եղել անցյալում, այսօր չկան և երբևէ չեն լինելու, որովհետև սահմանադրությունը գործադրվում է մարդկանց միջոցով։

Եթե սահմանադրությունը ստեղծել է հավասարակշռված մեխանիզմներ (առնվազն 2005 կամ 2015 թվականի մակարդակով), մնացածը կախված է իշխանությունը գործադրող մարդկանցից։

Միևնույն ժամանակ, ժողովրդավարության կանոնը մեծամասնության կանոնն է։ Եթե ընտրություններում որևէ ուժ ստանում է մեծամասնություն և այդ մեծամասնությունը հլու հնազանդ հետևում է իր ղեկավարին, ապա անկախ համակարգից՝ նախագահական, կիսանախագահական թե պառլամենտական, հակակշիռները չեն աշխատելու։

Կիսանախագահական համակարգի վտանգավոր իդեալականացումը

Այս համատեքստում, Պողոսյանը ընդգծում է կիսանախագահական համակարգի վտանգավորությունը։ Այս համակարգը, ըստ նրա,  չի պատասխանում գլխավոր  հարցին՝ ով է երկրի քաղաքականությունը որոշողը որպես գործադիր։

Մի կողմից կա նախագահ, որին ժողովուրդն է ընտրում՝ այսինքն ուղղակի լեգիտիմություն ունեցող մարմին։ Մյուս կողմից կա խորհրդարան, որը նույնպես ուղղակիորեն է ընտրվում ժողովրդի կողմից։ Սակայն որևէ երաշխիք չկա, որ այդ երկու լեգիտիմություն ունեցող մարմինների քաղաքական կամքը համընկնելու է։

Արդյունքում հնարավոր է իրավիճակ, երբ խորհրդարանական մեծամասնությունն ունի մեկ քաղաքական ուղղություն, իսկ հանրապետության նախագահը՝ լրիվ այլ։ Այդ հակասությունը կիսանախագահական համակարգում կառուցվածքային է։

Պողոսյանը հիշեցնում է, որ տարբեր երկրներ տարբեր ձևերով են փորձել լուծել այս խնդիրը, սակայն որևէ երկիր երբևէ չի կարողացել այն վերջնականապես կարգավորել։

Ֆրանսիան համարվում է կիսանախագահական համակարգի «հայրենիքը», սակայն նույնիսկ այնտեղ նախագահ–վարչապետ հակամարտությունները դարձել են համակարգային։ Երբ մեծամասնությունները չեն համընկել, սկսվել են բաց քաղաքական պատերազմներ նախագահի և կառավարության միջև։ Նույնիսկ եղել են իրավիճակներ, երբ երկիրը չի կարողացել համաձայնության գալ, թե միջազգային գագաթնաժողովներին ով պետք է ներկայացնի պետությունը՝ նախագահը, թե վարչապետը։

Այդ հակասությունները ստիպել են ֆրանսիացիներին փոխել ընտրական օրացույցը՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները մոտեցնելով միմյանց ժամանակագրորեն, որպեսզի մեծամասնությունները համընկնեն։ Բայց հենց այստեղ է, ըստ Պողոսյանի, առաջանում հաջորդ խնդիրը․ երբ մեծամասնությունները համընկնում են, նախագահը փաստացի ստանում է ամբողջ գործադիր իշխանությունը՝ վարչապետի և խորհրդարանի միջոցով։

Այսինքն համակարգը գործում է երկու ծայրահեղությամբ՝ կամ անարխիկ կառավարում, կամ բացարձակ կենտրոնացում։

Scroll to Top