ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի իրական նպատակը Իրանի դեմ ուղղված ռազմաքաղաքական ճնշման նոր փուլն է, որտեղ Հարավային Կովկասը աստիճանաբար վերածվում է պրոքսի պատերազմի հարթակի։ Այդ սխեմայում առանցքային դեր է տրված Ադրբեջանին, իսկ Հայաստանը հայտնվում է սպասարկող կողմի դիրքում։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ նման այցելությունների ժամանակ միշտ հնչում են այսպես կոչված «բանալի արտահայտություններ», որոնք բացում են այցի ողջ քաղաքական ենթատեքստը։ Այդպիսի արտահայտություն Վենսը արեց հենց Բաքվում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը եզակի երկիր է, որը միաժամանակ լավ հարաբերությունների մեջ է գտնվում թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։
Քաղաքագետի համոզմամբ՝ Վենսի մնացած բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս արտահայտության տեսանկյունից։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում առկա խոր հակասությունների ֆոնին Ադրբեջանը հանդես է գալիս որպես միակ ընդհանուր գործընկեր, որը միառժամանակ գտնվում է անմիջապես Իրանի հյուսիսում։ Սա, ըստ Դանիելյանի, Ադրբեջանին դարձնում է հիմնական պլատֆորմ Իրանի դեմ հնարավոր գործողություններ իրականացնելու համար։
Նույն տրամաբանության մեջ են տեղավորվում Միացյալ Նահանգների ավիակիրների տեղաշարժերը, զորքերի կենտրոնացումը Իրանի սահմանների շուրջ և Բաքվի հետ խորացվող ռազմական ու տնտեսական համագործակցությունը։ Քաղաքագետի ձևակերպմամբ՝ ամբողջ այս շղթան ուղղված է բացառապես Իրանի դեմ, իսկ Ադրբեջանը ընտրված է որպես գլխավոր պրոքսի։
Այս համատեքստում Հայաստանը հայտնվում է երկրորդական, սպասարկող դերում։ Դանիելյանը ուշադրություն է հրավիրում կարևոր հանգամանքի վրա՝ Հայաստանին հետախուզական անօդաչու թռչող սարքեր են տրամադրվել։ Սովորաբար Ադրբեջանը միշտ արձագանքում է, երբ Հայաստանին զենք են տալիս։ Այս անգամ որևէ բողոք չեղավ։ Դանիելյանը հարց է բարձրացնում՝ եթե դրանք ուղղված չեն Ադրբեջանի, Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, ապա ո՞ւմ դեմ են նախատեսված։ Քաղաքագետի գնահատմամբ՝ պատասխանը ակնհայտ է․ այդ հետախուզությունը ուղղված է Իրանի դեմ, և Հայաստանը փաստացի ներգրավվում է այդ գործողությունների մեջ։
Քաղաքագետը կարևորում է նաև ժամանակային գործոնը։ Մի քանի ամսից ԱՄՆ-ում սպասվում են միջանկյալ ընտրություններ Կոնգրեսում և Սենատում։ Մինչ այդ նախագահը դեռ չունի օրենսդիր սահմանափակումներ և կարող է արագ որոշումներ ընդունել։ Դանիելյանի կարծիքով՝ հենց այս պատճառով էլ Իրանի ուղղությամբ հիմնական քայլերը պետք է արվեն ընտրություններից առաջ՝ որոշակի արդյունք ցույց տալու նպատակով։
Նրա կանխատեսմամբ՝ հիմնական զարգացումները հնարավոր են հունիս–հուլիս ամիսներին։ Դանիելյանը ընդգծում է, որ Վենսի այցը վերաբերում էր ոչ թե տարածաշրջանային համագործակցությանը, այլ Հարավային Կովկասի օգտագործմանը Իրանի դեմ պատերազմի կամ ճնշման համար։

