Ռազմավարական շահ, թե «խաղաղությունը խնամելու» Հայաստանի պարտավորություն

Հավասարակշռում Վաշինգտոնի և Թեհրանի միջև

Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, ըստ որի Թեհրանում ակնկալում են Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում հայ–իրանական ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրում, ինքնին կարևոր ազդակ է։  Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ 

Նա հիշեցնում է, որ այդ փաստաթղթի մշակման մասին ամիսներ առաջ խոսել էր նաև Իրանի նախկին դեսպան Սոբհանին, ինչն արդեն իսկ վկայում էր գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ Բադալյանը ուշադրություն է հրավիրում հակասական մի հանգամանքի վրա։ Նրա խոսքով՝ շաբաթներ առաջ Իրանի նոր դեսպանը բավական կոշտ ձևակերպմամբ հայտարարել էր, թե Իրանում մտածում են, որ Հայաստանը կարող է դառնալ հակաիրանական ուժերի կենտրոն։ Սակայն օրեր առաջ, Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, նույն դեսպանը խոսել է երկու երկրների ղեկավարների միջև փոխվստահության մասին։

«Սա պարզապես արարողակարգային խոսք էր, թե՞ կարելի է ենթադրել, որ այդ կասկածները փարատվել են», — հարցադրում է անում քաղաքական մեկնաբանը՝ ընդգծելով, որ հայ–իրանական հարաբերությունների համար վստահության մթնոլորտը առանցքային նշանակություն ունի, հատկապես տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Բադալյանի գնահատմամբ՝ այս համատեքստում կարևոր կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցը Իրան։ Թեև այցի ժամկետները դեռ չեն հստակեցվել, նա կարծում է, որ նման այցը կարող է դառնալ կարևոր բալանսավորման քայլ։

«ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցից հետո դա կարող է լինել ազդակ Թեհրանին, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները որևէ կերպ չեն վտանգում հայ–իրանական հարաբերությունների հեռանկարը և կայուն զարգացումը», — նշում է նա։ Քաղաքական մեկնաբանը հիշեցնում է նաև, որ նախորդ տարվա վերջին Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Վիլայաթին բավական կոշտ էր արտահայտվել Թրամփի ուղու վերաբերյալ՝ Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով. «Թեհրանի համար տարբերություն չկա դրա և Զանգեզուրյան միջանցքի միջև»։

Բադալյանը ուշադրություն է հրավիրում ևս մեկ կարևոր հանգամանքի վրա։ Իրանի շուրջ լարված իրավիճակի պայմաններում Թեհրանը վերջին շրջանում ակտիվ շփումների մեջ էր իր հարևան երկրների մեծ մասի հետ, սակայն Հայաստանի հետ այդպիսի շփումներ չարձանագրվեցին։ «Սա վստահության ցուցի՞չ է, թե՞ հակառակը», — հարց է բարձրացնում նա՝ նշելով, որ այս լռությունն ինքնին պետք է դառնա վերլուծության առարկա։

Նրա համոզմամբ՝ հայ–իրանական հարաբերությունների ապագան մեծապես կախված է ոչ միայն հայտարարություններից, այլ կոնկրետ քայլերից և այն բանից, թե որքան հետևողական ու հավասարակշռված կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բարդ իրողությունների պայմաններում։

Scroll to Top