2021 թվականի խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը ստացել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 26 տոկոսի ձայները, և սա չի կարող դիտարկվել որպես իրական հաղթանակ։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է ճիշտ ձևակերպել․ իշխանությունը չի հաղթել, պարզապես պարտվել է ընդդիմությունը, քանի որ քաղաքացիների զգալի հատվածը չի մասնակցել ընտրություններին։ Թորոսյանի գնահատմամբ՝ իշխանությունների «լեգիտիմության» մասին հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը՝ այդ բառի իմաստը հաճախ սխալ է ընկալվում։ «Այո, նրանք ընտրվել են ընտրությունների արդյունքներով, բայց Հայաստանի քաղաքացիների երեք քառորդի հավանությանը չեն արժանացել։ Իրականում նրանք իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից», — ասաց նա։
«Միավորման» միֆը և ընտրությունների իրական տրամաբանությունը
Անդրադառնալով ընդդիմության հասցեին հաճախ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը նշեց, որ «միավորվելու» պահանջը իրականության հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ նման բան ոչ մի երկրում չի եղել և չի լինում։
«Ասում են՝ պետք է միավորվեն։ Սա լավ ցանկություն է, բայց իրականության հետ կապ չունի։ Ընտրությունները հենց դրանով են հետաքրքիր, որ տարբեր ուժեր են մասնակցում», — ասաց նա՝ հավելելով, որ «միավորման» թեման հաճախ շահարկվում է իշխանությունների կողմից՝ ցույց տալու համար, թե ընդդիմությունը պառակտված է։
Թորոսյանի գնահատմամբ՝ կա մի հիմնարար խնդիր, որի ուղղությամբ ընդդիմությունը կամ թերացել է, կամ որոշ ուժեր պարզապես չեն հասցրել անցնել այդ ճանապարհը։ Այդ խնդիրը հասարակության հետ ակտիվ աշխատանքն է։
Նրա խոսքով՝ չի կարելի դժգոհել, որ քաղաքացին չի գալիս ընտրության։ Արդեն իսկ այն հանգամանքը, որ նա չի պաշտպանում իշխանությանը, ինքնին քաղաքական քայլ է, որը պետք է ունենա համապատասխան արձագանք։
«Այս մարդուն պետք է համոզել, որ կա հնարավորություն խուսափելու այն բոլոր աղետներից, որոնք արդեն տեղի են ունեցել, գոնե դրանց մի մասը շտկելու և ունենալու արժանապատիվ պետություն», — ընդգծեց նա։
Ձայների «փոշիացման» թեման և նոր ուժերի դերը
Անդրադառնալով ձայների «փոշիացման» մասին մտահոգություններին՝ Թորոսյանը նշեց, որ ընդդիմության մեջ այնքան շատ էական ուժեր չկան, որոնք կարող են զգալի ձայներ հավաքել, բայց չանցնել խորհրդարան։ Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է հիմնականում այն փոքր կուսակցություններին, որոնց նպատակը հենց ձայների փոշիացումն է։
Նա հիշեցրեց, 2021 թվականին այս խնդիրը եղավ, բայց իրենց այս առաքելությունը՝ «ձայների փոշիացումը» ապահովելուց հետո այդ ուժեը ստեղծոցին ։ Արտախորհրդարանական խորհուրդ, որը պարբերաբար հանդիպում էր իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այժմ այդ ուժերի ազդեցությունը ավելի նվազ նծանակություն կունենա։ Եթե այս փոքր կուսակցություններից յուրաքանչյուրը հավաքում է մոտ 1000–2000 ձայն, և եթե նման ուժեր մոտ տասը են, ապա ընդհանուր՝ 20–30 հազար ձայն է բաշխվում այսպես կոչված «փոշիացման» արդյունքում։
Միաժամանակ, այն ուժերը, որոնք 2021-ին չեն մասնակցել ընտրություններին, բայց հիմա մասնակցում են, կրկնակի ազդեցություն են ունենում ընդդիմության վրա։ Մի կողմից ավելանում են ընդդիմությանը տրված ձայները, մյուս կողմից՝ ընդհանուր քվեարկածների թիվը մեծանում է, ինչի արդյունքում իշխանության բաժինը նվազում է։
Այսինքն՝ նոր ընտրողների և նոր քաղաքական ուժերի մասնակցությունը ստեղծում է երկակի ազդեցություն՝ ի նպաստ ընդդիմության։ Այս հարցում կարևոր է ճիշտ հաշվի առնել երկու բաղադրիչը՝ թե՛ ձայների կուտակումը, թե՛ ընդհանուր քվեարկածների թվի փոփոխությունը, ասաց նա։

