TRIPP-ի «լավագույն սցենարը»՝ տարեկան մինչև 15 միլիոն դոլար եկամուտ

TRIPP-ի «լավագույն սցենարը»՝ տարեկան մինչև 15 միլիոն դոլար եկամուտ

TRIPP ծրագիրը կամաց-կամաց սկսում է ավելի նյութական դառնալ, ծրագրի որոշ բաղադրիչներ ավելի հստակ են ուրվագծվում, սակայն այն դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ծրագրի տնտեսական արդյունավետությանը և դրա հնարավոր հետևանքներին։

Նրա խոսքով՝ եթե TRIPP-ը դիտարկվի բացառապես որպես Մեղրիի հատվածով անցնող ճանապարհ, ապա այն տնտեսական իմաստով առանձնապես նշանակալի նախագիծ չէ։ «Դա չի նշանակում, որ նախագիծը վնասաբեր է, սակայն չեմ կարծում, որ դրա տված արդյունքները կարող են էական լինել», — ընդգծեց նա՝ հավելելով, որ խնդիրը ճանապարհահատվածի չափազանց կարճ լինելու մեջ է։

Գաբրիելյանի գնահատմամբ՝ այդ կարճ հատվածից ստացվող եկամուտներն էլ համապատասխանաբար փոքր են։ Նրա հաշվարկներով՝ յուրաքանչյուր տոննա բեռից հնարավոր է ստանալ մոտ 8–10 դոլար եկամուտ։ Նույնիսկ այն դեպքում, եթե լավագույն սցենարով այդ ճանապարհով անցնեն միլիոնավոր տոննաներ,, ՀՀ ընդհանուր եկամուտը, հաշվի առնելով բաշխման  74/26 տոկոսի համաչափությունը, լավագույն դեպքում կարող է կազմել մոտ 10–15 միլիոն դոլար։

«Տնտեսական գործունեության և Հայաստանի ներկայիս տնտեսության ծավալների տեսանկյունից սա բնավ նշանակալի արդյունք չէ», — նշեց նա՝ շեշտելով, որ եթե TRIPP-ը դիտարկվում է որպես եկամտաբեր գործունեություն, որի հաշվին Հայաստանը պետք է տրանզիտից էական գումարներ ստանա, ապա այդ սպասումները չեն արդարանա։

Երկու ծայրահեղ մոտեցումների միջև

Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ այս թեմայի շուրջ մշտապես առկա են երկու ծայրահեղ մոտեցումներ։ Մեկ ծայրահեղությունը «Թուրանական միջանցքի» գաղափարն է, մյուսը՝ «Խաղաղության խաչմերուկը»։ Նրա խոսքով՝ ծայրահեղություն ասելով ինքը նկատի ունի ոչ թե քաղաքական ձևակերպումները, այլ սահմանային կետերի տրամաբանությունը։

«Թե ինչ բովանդակությամբ կլցվի այս ծրագիրը, դրանից էլ կախված կլինի՝ արդյոք այն կտա ավելի մեծ արդյունք, թե ոչ», — ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայում TRIPP-ի շուրջ քննարկումները հիմնականում սահմանափակվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների շրջանակում, մինչդեռ էական հարցը այն է, թե դրա արդյունքում արդյոք տեղի կունենա սահմանային ընդհանուր ճանապարհների իրական բացում, թե ոչ։

Թուրքիայի գործոնը՝ առանցքային

Գաբրիելյանը ընդգծեց, որ բոլորին հայտնի է Թուրքիայի մոտեցումը, ըստ որի՝ Սյունիքից բացի Հայաստանի մյուս հատվածներով երկաթուղային հաղորդակցությունը չպետք է գործի։ Նրա գնահատմամբ՝ եթե զարգացումները գնան այդ ուղղությամբ, ապա դա շատ ավելի վատ արդյունք կլինի Հայաստանի համար։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ եթե ճանապարհներն ու հաղորդակցությունները բացվեն, դա կփոխի ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի տնտեսական դինամիկան։ Այդ թվում՝ կազդի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների վրա, նաև Վրաստանի երկաթուղով իրականացվող փոխադրումների համատեքստում, որտեղ ներկայում գործում են չափազանց բարձր սակագներ։

Գաբրիելյանի խոսքով՝ այդ սակագները կարող են իջնել, ինչի հետևանքով բեռների տեղափոխումը կկազմակերպվի այլ տրամաբանությամբ։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կգործարկվեն տարածաշրջանային ճանապարհները, հատկապես Թուրքիայի հետ հաղորդակցությունները, և հատկապես՝ կշարունակվի՞ արդյոք երկաթուղին Երևանից դեպի Գյումրի և Գյումրիից դեպի Կարս։

Տարբեր սցենարներ՝ առանց հստակությունների

Նախկին փոխվարչապետը կարևորեց նաև արևելյան հատվածի ճանապարհների վիճակը՝ Իջևանից սկսած, ինչպես նաև Հայաստանի երկաթուղու գործարկման ծավալներն ու տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ այս բոլոր գործոններից կախված կարող են ձևավորվել էապես տարբեր սցենարներ։

«Եթե այդ սցենարների շրջանակում Հայաստանը ամբողջովին ընդգրկվի հաղորդակցման ուղիների քարտեզի մեջ և ունենա իրական մասնակցություն տարանցիկ ճանապարհներին, ապա տնտեսական շահերը կարող են լինել զգալիորեն ավելի մեծ», — ասաց նա։

Սակայն, ինչպես ընդգծեց Գաբրիելյանը, այս պահին այդ տնտեսական շահերի վերաբերյալ որևէ առարկայական հստակություն գոյություն չունի։ Նրա խոսքով՝ դրանք կախված են ոչ այնքան Ադրբեջանից, որքան Թուրքիայից, որը ներկայում չի բացում փակագծերը և հստակ չի ներկայացնում իր մոտեցումները։

Նա նաև նշեց, որ թուրքական ներքին խոսույթում շրջանառվում են ծրագրեր՝ մոտ 3–4 միլիարդ դոլարի ներդրումներով Կարսից դեպի Նախիջևան զուգահեռ երկաթուղի կառուցելու վերաբերյալ։ Այդ սցենարը, նրա գնահատմամբ, կբերի բոլորովին այլ արդյունքի, քան այն դեպքում, եթե երկաթուղին գործարկվի Գյումրիով դեպի Կարս։

Ներդրումներ, տեխնոլոգիաներ և Մեղրիի ազդեցությունը

Գաբրիելյանի խոսքով՝ եթե TRIPP-ը դիտարկվի առանձին, այն ներդրումների տեսանկյունից կարող է բերել մոտ 200–300 միլիոն դոլար, լավագույն դեպքում՝ մինչև 500 միլիոն դոլարի ներդրում։ Սակայն այդ ներդրումները լինելու են բավականին սպեցիֆիկ, հիմնականում չեն հիմնվելու տեղական նյութերի և ռեսուրսների օգտագործման վրա և կունենան սահմանափակ տնտեսական ազդեցություն։

Նա նաև նշեց, որ նախատեսվում է սահմանային անցակետերում նոր տեխնոլոգիաների ներդրում, որպեսզի բեռների տեղաշարժը հնարավորինս իրականացվի առանց ստուգման կամ նվազագույն ստուգմամբ։

Ինչ վերաբերում է Մեղրիի վրա ազդեցությանը, ապա Գաբրիելյանը զգուշավոր գնահատական տվեց։ Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե արդյոք Մեղրին կսկսի «փթել», քանի որ տվյալ հատվածը չափազանց փոքր է, և որպես կանոն կանգառներ չեն նախատեսվում։ Չի բացառվում, որ որոշ կանգառներ լինեն, սակայն մեծամասամբ խոսքը կլինի պարզապես տարանցիկ անցման մասին։

Ամբողջական պատկերի բացակայություն

Վաչե Գաբրիելյանը եզրափակեց, որ առանց Հարավային Կովկասի հաղորդակցային ուղիների ամբողջական պատկերացման և հստակ հասկանալու, թե Հայաստանը կդառնա՞ արդյոք լիարժեք տարանցիկ երկիր, վերջնական գնահատական տալը չափազանց դժվար է։

«Եթե TRIPP-ը դիտարկվում է ինքնին, որպես առանձին նախագիծ, ապա դրա տնտեսական ազդեցությունը էական չէ։ Եթե այն դիտարկվում է «խաղաղության խաչմերուկի» տրամաբանության մեջ՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների մաս, ապա ազդեցությունը կարող է մեծ լինել։ Իսկ եթե այն ընկալվում է որպես «թուրանական միջանցք», ապա դրա ազդեցությունը կլինի մինիմալ», — ընդգծեց նա։

Scroll to Top