Հայ-ամերիկյան միջուկային «սենսացիա»՝ ծուխ առանց կրակի

Հայ-ամերիկյան միջուկային «սենսացիա». ծուխ առանց կրակի

2026 թվականի փետրվարի 9-ին, Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին 123-րդ բաժնի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Նոր էջ էներգետիկ ոլորտում, թե՞ միլիարդների պարտավորություն. ո՞վ է շահում ամերիկյան միջուկային համաձայնագրից:

«123 համաձայնագրի»  շուրջ թյուրըմբռնումները

Փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ «123»-ը ինքնին չի ենթադրում, որ Հայաստանը պարտավորվում է կառուցել ամերիկյան միջուկային կայան՝ անկախ դրա տեսակից։ Փաստաթուղթը որևէ նման ուղիղ կամ անուղղակի պարտադրանք չի պարունակում։

Ըստ Արթուր Ավետիսյանի՝ «123» համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ստեղծում են իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ, որի շրջանակում հնարավոր է դառնում խաղաղ միջուկային ոլորտում տեղեկատվության, տեխնոլոգիաների և փորձի փոխանցում։ Մինչ այդ համաձայնագրի ստորագրումը նման փոխանցումներ պարզապես հնարավոր չէին իրավական սահմանափակումների պատճառով։

Միաժամանակ, խոսքը միայն արտաքին գործընթացի մասին չէ։ Հայաստանը պետք է անցնի նաև ներպետական ընթացակարգեր, որոնք կարող են ժամանակատար լինել՝ նույնիսկ մոտ մեկ տարի։ Այսինքն՝ գործընթացը դեռ ավարտված չէ, բայց կարևոր բանակցային փուլը փաստացի հաղթահարված է։

Միջազգային համատեքստ 

Փորձագետը հիշեցնում է, որ «123» համաձայնագրերին միացել են ոչ միայն ԱՄՆ-ի փոքր գործընկերները, այլև խոշոր դերակատարներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Ավելին, Ռուսաստանը մինչև այսօր հանդիսանում է ԱՄՆ-ի ամենախոշոր միջուկային վառելիքի մատակարարներից մեկը՝ անկախ քաղաքական հակասություններից։

Այս հանգամանքը, ըստ Ավետիսյանի, ցույց է տալիս, որ «123»-ը քաղաքական ճամբարների բաժանման փաստաթուղթ չէ, այլ տեխնոլոգիական և իրավական համագործակցության գործիք։

 Ավետիսյանի գնահատմամբ, Հայաստանի համար խնդիրը այլ տեղում է։ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտը մոտենում է, սակայն մինչ օրս հստակ չէ, թե ինչ տեխնոլոգիական լուծում է ընտրելու Հայաստանը հետագա փուլում։

«Մենք ունենք ատոմակայան, բայց չունենք հստակ որոշում՝ ինչ ռեակտոր է փոխարինելու Մեծամորին։ Սա է առանցքային հարցը», – ընդգծում է փորձագետը։

Եթե խոսքը գնում է դասական, տարիներով փորձարկված միջուկային տեխնոլոգիաների մասին, ապա դրանց նախագծումն ու շահագործման հանձնումը միջինում տևում է մոտ 10 տարի՝ մեկ-երկու տարվա շեղումով։ Փոքր մոդուլային ռեակտորների դեպքում իրավիճակն ավելի բարդ է․ դրանք դեռևս նոր են քաղաքացիական կիրառության տեսանկյունից և չունեն լայն շահագործման փորձ։

Ավետիսյանը նշում է, որ ամերիկյան ամենահեռանկարային համարվող NuScale տեխնոլոգիան ի վերջո փակվեց՝ չափազանց բարձր արժեքի պատճառով։ Ներկայում ԱՄՆ-ում նոր նախագծեր են մեկնարկում Westing House-ի հիմքով, սակայն դրանք դեռևս գործնական փուլում չեն։

Ռուսաստանը ունի 2020 թվականից շահագործվող լողացող փոքր մոդուլային կայան՝ 70 մեգավատ հզորությամբ, սակայն ցամաքային, ՄԱԳԱՏԷ-ի կողմից լիցենզավորված կայան դեռ չունի։ Չինաստանը, հակառակը, արդեն ունի 2023 թվականից շահագործվող փոքր մոդուլային կայան և 2026 թվականի առաջին կեսին նախատեսում է շահագործման հանձնել ևս մեկ՝ 125 մեգավատ հզորությամբ ռեակտոր, որն արդեն ունի ՄԱԳԱՏԷ-ի լիցենզիա։

Շահավե՞տ է արդյոք «123»-ը Հայաստանի համար

Փորձագետի գնահատմամբ՝ եթե հարցը դիտարկվում է որպես փաստաթղթին միանալու գործընթաց, ապա դա միանշանակ դրական և շահավետ է Հայաստանի համար։ Սակայն սխալ է այն ընկալումը, թե դա պարտավորություն է կոնկրետ ամերիկյան կամ մոդուլային միջուկային կայան կառուցելու համար։

«123»-ը, ըստ Ավետիսյանի, ավելի շուտ բանակցությունների արդյունք է, ոչ թե պարտադրանք։ Այն բացում է դաշտը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում ավելի խորը համագործակցության համար։

Ավետիսյանը շեշտեց, որ խաղաղ միջուկային էներգետիկան չի սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Այն ներառում է բժշկություն, արդյունաբերություն, գիտահետազոտական ոլորտ և մի շարք այլ ուղղություններ։

«Ով է ասել, որ «123»-ին միանալը նշանակում է միայն կայան կառուցել։ Սա շատ ավելի լայն և ռազմավարական համագործակցության մասին է», – եզրափակում է փորձագետը։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top