Հայաստանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության V-BAT տիպի հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 11 միլիոն դոլար։
Սակայն ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանի գնահատմամբ՝ այս գնումը ռազմավարական նշանակության ձեռքբերում չէ։ Քերոբյանը հիշեցնում է, որ նման համագործակցությունը նոր չէ։ Դեռ 2000-ականների սկզբին Հայաստանին տրամադրվել էին ռազմական ռադիոկապի միջոցներ, որոնք գործում էին սահմանափակումներով և մինչև այսօր էլ կիրառվում են նույն տրամաբանությամբ։
Դատելով նախորդ տարի այլ երկրներին վաճառված համակարգերի արժեքից՝ կարելի է ենթադրել, որ խոսքը երեք կամ չորս սարքի մասին է։ Տեխնիկական բնութագրերով դրանք շատ քիչ են գերազանցում հայկական տեղական արտադրողների հնարավորությունները։ V-BAT-ի հիմնական առանձնահատկությունը ներքին այրման շարժիչով ուղղաձիգ թռիչք և վայրէջք իրականացնելու կարողությունն է։ Սակայն Քերոբյանը նշում է, որ տեղական ընկերությունները վաղուց արդեն յուրացրել են այն բոլոր կարևոր տեխնոլոգիաները, որոնք ներկայացվում են որպես այս համակարգի առավելություն։
Ավելին՝ այդ անօդաչուները դեռ լիարժեք չեն ներդրվել նույնիսկ արտադրող երկրի զինված ուժերի կողմից։ Դրանք հիմնականում ներկայացվում են որպես հաջող կիրառված այլ հակամարտության գոտիներում, մասնավորապես Ուկրաինայում։
Քերոբյանի խոսքով՝ այս գործարքը Հայաստանին ներկայացվում է որպես բարեկամության կամ բարյացակամության նշան, սակայն ռազմական արդյունավետության տեսանկյունից նույն 11 միլիոն դոլարը հնարավոր էր օգտագործել շատ ավելի նպատակային, քանի որ հայկական ռազմաարդյունաբերական ընկերությունները արդեն արտադրում են բավարար քանակությամբ հետախուզական անօդաչուներ և անհրաժեշտության դեպքում կարող են արագ մեծացնել արտադրության ծավալները։
Տեղական արտադրության հիմնական առավելությունը այն է, որ սարքերը ստեղծվում են տեղում։ Ընկերությունները կարող են աշխատել երեք հերթափոխով, իսկ վերանորոգումն ու շարք վերադարձնելը իրականացվում է արագ և արդյունավետ։ Սա, նրա խոսքով, իրական ռազմավարական առավելություն է։
Քերոբյանը նաև նշում է, որ 10–14 ժամ օդում մնալու հնարավորությունը վաղուց նորություն չէ հայկական արտադրողների համար։ Կան ընկերություններ, որոնց անօդաչուները արդեն անցել են այդ շեմը։ Կան նաև էլեկտրական մոդելներ՝ ուղղաձիգ թռիչքով, որոնք կարող են գործել շատ փոքր տարածքներից և ավտոմատ վայրէջք կատարել։
Հետախուզության արդյունավետությունը մեծապես կախված է տեսադիտարկման սարքավորումներից։ Սակայն նախկին պաշտոնյան վստահ է, որ Հայաստանին մատակարարվող համակարգերը չեն ստանալու այն որակի սենսորները, որոնք օգտագործվում են արտադրող երկրի սեփական ուժերի կողմից։
Նրա խոսքով՝ նման տեխնիկան ոչ դաշնակից երկրներին միշտ տրամադրվում է ծրագրային և ֆունկցիոնալ սահմանափակումներով։ Նախկինում տրամադրված ռադիոկապի միջոցները նույնիսկ սենսորային մակարդակում վերահսկում էին օգտագործման աշխարհագրությունը։ Քերոբյանը չի բացառում, որ մարտական առաջադրանքի ժամանակ կարող է պարզվել՝ անօդաչուն պարզապես չի աշխատում Հայաստանի տարածքից դուրս։
Այդ ֆոնին նա հիշեցնում է, որ հայկական անօդաչուները փաստացի կարողանում են իրականացնել խորքային հետախուզություն սահմաններից դուրս, աշխատել GPS-ի խլացման պայմաններում, թռչել գիշերը և փոխանցել տվյալները սեփական ծածկագրված կապով։ Այսինքն Հայաստանը արդեն ունի այնպիսի հետախուզական կարողություններ, որոնք նոր ձեռք բերված համակարգերը իրականում չեն ավելացնում։

