Տեխնիկական հարցը վերածվում է տարածաշրջանային ազդեցության պայքարի

Տեխնիկական հարցը վերածվում է տարածաշրջանային ազդեցության պայքարի

Ռուսաստանի կողմից հայտարարված պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող երկաթուղային որոշ հատվածներ, էապես փոխում է խաղի կանոնները և խաթարում էր հայկական կողմի նախնական քաղաքական հաշվարկները: Այս ,մասին նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ վերլուծելով տարածաշրջանային երկաթուղային կոմունիկացիաների շուրջ ընթացող գործընթացները։

«Ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստ է հնարավորինս շուտ սկսել այդ հատվածների վերականգնումը, ինչը ենթադրաբար չի արդարացրել Հայաստանի իշխանությունների ակնկալիքները», — ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հայկական իշխանությունները նախկինում հույս ունեին, որ Հարավկովկասյան երկաթուղիները ֆինանսական ծանր վիճակի պատճառով չեն կարողանա կատարել անհրաժեշտ ներդրումները: Այդ դեպքում կոնցեսիան կարող էր հետ վերցվել, և խնդիրը կստանար ավելի լայն՝ այլընտրանքային քաղաքական լուծումներ:

«Բնականաբար այստեղ կար քաղաքական նպատակ այն հաշվարկով, որ քանի որ Հարավկովկասյան երկաթուղիները բավականին մեծ պարտքեր ունեն, ի վիճակի չեն լինի այսպիսի ներդրումներ կատարել, հետևաբար խնդիր կառաջանա, որպեսզի հետ կհանչվի կոնցեսիան», — բացատրում է քաղաքագետը:

Սակայն Ռուսաստանի կողմից ցուցաբերված պատրաստակամությունը՝ ֆինանսավորել և իրականացնել վերականգնման աշխատանքները, այժմ տեղափոխում է հարցը մաքուր քաղաքական դաշտ: Իրավական հիմքերով կոնցեսիան չեղարկելու հնարավորությունը սպառվում է, քանի որ ընկերությունը հայտարարում է պատրաստակամության մասին:

Պողոսյանը նաև ուշադրություն է հրավիրում ավելի լայն համատեքստին: Նա հիշեցնում է Ադրբեջանի նախագահի Մյունխենյան ելույթը, որտեղ Ադրբեջանը մեղադրել էր Ռուսաստանին Ուկրաինայում ադրբեջանական դեսպանատանը «ուղիղ թիրախավորելու» մեջ՝ առնվազն երկու անգամ:

«Համադրելու համար պետք է նայենք ինչպիսին էր նաև ադրբեջանի նախագահի խոսույթը, օրինակ Մյունխենում», — նշում է նա:

Քաղաքագետի գնահատմամբ՝ երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ առաջացած խնդիրները ոչ միայն հայկական կողմի շահագրգռվածությունն են արտացոլում: Այստեղ ներգրավված են նաև ադրբեջանական, թուրքական և ամերիկյան շահերը՝ բոլորն էլ ուղղված են նրան, որ Ռուսաստանը կորցնի ներկայությունն այս հատվածում:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն հայկական կողմի շահագրգռվածությունը, այլև թե ադրբեջանական, թե թուրքական և թե ամերիկյան կողմերի նպատակն է, որպեսզի ռուսական կողմը չունենա այստեղ ներկայություն», — ընդգծում է Արա Պողոսյանը:

Այսպիսով, այն, ինչ սկզբում թվում էր տեխնիկական կամ ֆինանսական հարց, վերածվում է տարածաշրջանային ազդեցության պայքարի կարևոր դրվագի, որտեղ ռուսական ներկայության պահպանումը դառնում է առանցքային խնդիր:

Հիշեցնենք, որ Փաշինյանը առաջարկել է, որ Ռուսաստանը վաճառի կոնցեսիոն կառավարման իրավունքը որևէ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ ՌԴ-ի հետ (օրինակ՝ Ղազախստան, ԱՄԷ, Կատար): Նրա կարծիքով՝ ռուսական ներկայությունը ստեղծում է «մրցակցային կորուստներ» Հայաստանի համար, հատկապես TRIPP («Թրամփի ուղի») նախաձեռնության համատեքստում, որտեղ որոշ ուժեր առաջարկում են շրջանցել Հայաստանը՝ հենց ռուսական կառավարման պատճառով:

Scroll to Top