Vence-Pashinyan

Վենսի այցի հետևանքները․ Հայաստանը նոր տնտեսական մոդելի ձևավորման շեմին

Ամերիկյան փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կարող է Հայաստանի համար դառնալ երկարաժամկետ տնտեսական վերադասավորումների սկիզբ։ Խոսքը միաժամանակ մի քանի խոշոր նախագծերի մասին է, որոնց ընդհանուր ծավալը կարող է հասնել մինչև 9 միլիարդ դոլարի։ Այս մասին նշում է տնտեսագետ Հայկ ֆանյանը։

Նրա խոսքով՝ թեև այս փուլում քննարկումները դեռևս գտնվում են հայտարարությունների և խոստումների մակարդակում, այդ հայտարարությունները հիմնված են կոնկրետ հաշվարկների վրա և ենթադրում են ռազմավարական պլանավորում՝ առնվազն տասնամյակների հորիզոնով։
Ատոմային էներգաբլոկներ․ 5 միլիարդ դոլարի նախագիծ

Քննարկվող նախագծերից առաջինը և ծավալով ամենախոշորը վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցմանը։ Նախնական հաշվարկներով՝ ռեակտորների արժեքը կարող է կազմել շուրջ 5 միլիարդ դոլար, ասաց Ֆանյանը։

Նման նախագիծը, շարունակում է նա, ունի երկակի բնույթ։ Մի կողմից այն հանդիսանում է տեխնոլոգիա մատակարարող երկրի համար արտահանում, քանի որ սարքավորումները և միջուկային տեխնոլոգիաները արտադրվում և դուրս են բերվում տվյալ երկրի տարածքից։ Մյուս կողմից՝ ընդունող երկրի համար այն դիտարկվում է որպես ներդրում՝ կախված գործարքի կառուցվածքից։

Տնըեսագետը նշում է, որ միջազգային պրակտիկայում ռազմավարական ենթակառուցվածքային նման ծրագրերում հիմնական ֆինանսավորողը սովորաբար հենց այն երկիրն է, որը բերում է տեխնոլոգիաները։ «Ֆինանսավորումը կարող է իրականացվել տարբեր գործիքներով՝ պարտքային կամ բաժնեմասնակցային, սակայն էականը կառուցվածքն է։ Ամենայն հավանականությամբ կձևավորվի համատեղ կառավարման մոդել՝ պետական-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ, և այդ պարագայում ներդրումները կդասակարգվեն որպես օտարերկրյա ուղղակի ներդրում՝ անկախ նրանից, թե ինչ ֆինանսական գործիքներով են փոխանցվում միջոցները», — նշում է Ֆանյանը։

Նրա խոսքով՝ ընդունող երկիրը կարող է մասնակցել ֆինանսավորմանը, սակայն առանցքային դերակատարությունը մնում է տեխնոլոգիան բերող կողմի մոտ։ Սա միջազգային պրակտիկա է և չի վերաբերում միայն Հայաստանին։ Նման մոդելները կիրառվել են տարբեր երկրներում՝ անկախ տարածաշրջանից կամ քաղաքական կոնյունկտուրայից։

Փակ ոլորտ և սուվերենության հարցը

Մեկնաբամելով, թե արդյոք նման համագործակցության դեպքում Հայաստանը չի փոխարինում մեկ կախվածությունը մեկ այլ տերությունից  կախվածությամբ՝ Ֆանյանը նշեց, որ միջուկային էներգետիկան փակ ոլորտ է՝ խիստ կարգավորումներով և սահմանափակումներով, այն չի գործում ազատ շուկայական տրամաբանությամբ, և միջուկային տեխնոլոգիաները հնարավոր չէ պարզապես գնել ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Նա հավելեց, որ մուտքը այս ոլորտ պայմանավորված է քաղաքական, անվտանգային և ռազմավարական գործոններով։

Այս համատեքստում, շարունակեց Ֆանյանը, փոքր և միջին տնտեսությունները գրեթե երբեք չեն կարող ամբողջությամբ ինքնուրույն իրականացնել նման ծավալի նախագծեր։ Այդ պատճառով հարցը հաճախ ձևակերպվում է ոչ թե կախվածությունից խուսափելու, այլ կախվածության ուղղությունը ընտրելու տրամաբանությամբ։

Բարձր տեխնոլոգիաներ․ ևս 4 միլիարդ դոլար

Քննարկվող երկրորդ խոշոր ուղղությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների տեղակայմանը՝ շուրջ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծավալով։ Խոսքը տասնյակ հազարավոր GPU հզորությունների մասին է, որոնք իրենցից ներկայացնում են խոշոր էներգասպառող համակարգ։

Ֆանյանը նշեց, որ նախնական հաշվարկներով՝ նման ենթակառուցվածքը տարեկան կարող է սպառել մոտ 800 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր սպառման մոտ 8–10 տոկոսը։ Սա, ըստ տնտեսագետի, չափազանց մեծ ցուցանիշ է մեկ նախագծի համար և պահանջում է կայուն, երկարաժամկետ և կանխատեսելի էներգամատակարարում։

Այս պատճառով, համոզված է փորձագետը, ատոմային էներգաբլոկների կառուցումն ու բարձր տեխնոլոգիական հզորությունների տեղակայումը դիտարկվում են որպես փոխկապակցված շղթայի մասեր։ «Արտադրվող էլեկտրաէներգիան կարող է ուղղվել հենց այդ համակարգերի սպասարկմանը՝ ապահովելով նախագծերի տնտեսական կենսունակությունը», — նշում է նա։

Տնտեսական շահից մինչև քաղաքական ազդեցություն

Բազմամիլիարդանոց նման նախագծերը ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ, ընդգծում է Ֆանյանը։ Տեխնոլոգիաների փոխանցումը և երկարաժամկետ ֆինանսավորումը ենթադրում են ազդեցություն ընդունող երկրի վրա, նշեց փորձագետը՝հավելելով, որ սա վերաբերում է ցանկացած տեխնոլոգիա մատակարարող պետության և ցանկացած տարածաշրջանի։

Այդ ազդեցությունը, պնդում է նա,  կարող է արտահայտվել տնտեսական կապերի խորացմամբ, էներգետիկ համակարգի վերաձևավորմամբ և ռազմավարական գործընկերության ամրապնդմամբ։ Այս տեսանկյունից այցի հնարավոր արդյունքները պետք է դիտարկել ոչ թե մեկ կամ երկու ծրագրի շրջանակում, այլ որպես ամբողջական տնտեսական վերադասավորում՝ առնվազն առաջիկա տասնամյակի համար, ասց Ֆանյանը։

Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը կհայտնվի նոր տնտեսական մոդելի ձևավորման առաջ՝ համատեղելով էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը և բարձր տեխնոլոգիական ներդրումների ներգրավումը։

Scroll to Top