Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Türk-ին տված հարցազրույցում անդրադարձել է միջուկային զենքի թեմային՝ կապված Իրանի հետ։ Նա հայտարարել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, ապա դա կխախտի տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը և կարող է հանգեցնել միջուկային մրցավազքի, որին Թուրքիան «անխուսափելիորեն ստիպված կլինի միանալ»։ Ֆիդանը նշել է, որ Անկարան չի ցանկանում խախտել տարածաշրջանային հավասարակշռությունը, սակայն Իրանի միջուկայնացումը կստեղծի ճնշում հարևան երկրների վրա, և «այլ երկրների համար անտարբեր մնալը հնարավոր չի լինի»։
Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Թուրքիան ունի հստակ ձևակերպված, առնվազն մեկդարյա քաղաքական ռազմավարություն, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ շրջանառվել է նաև միջուկային զենք ունենալու գաղափարը։ Թեպետ այդ թեման երբեք բացահայտ չի հնչեցվել պետական մակարդակով, տարբեր փուլերում՝ հատկապես պատերազմի կամ լարվածության սպառնալիքի պայմաններում, այս հարցը հայտնվել է քաղաքական «շշուկների» տիրույթում։
Լոքմագյոզյանի խոսքով՝ այսօր իրավիճակը փոխվում է․ Թուրքիայում կառուցվում է առաջին ատոմային էլեկտրակայանը՝ ռուսական կողմի մասնակցությամբ։ Միջուկային էներգետիկ ենթակառուցվածքի առկայությունը, ըստ մասնագետի, տեսականորեն ստեղծում է նաև միջուկային զենքի կամ այսպես կոչված «կեղտոտ ռումբի» հնարավորության նախադրյալներ, քանի որ ատոմակայան ունեցող երկրները կարող են տեխնոլոգիական հիմք ձեռք բերել նման հավակնությունների համար։
Միրնույն ժամանակ թուրքագետը շեշտում է․ այս գործընթացը խիստ վերահսկվող է։ Եթե կայանի շահագործման և վառելիքի մատակարարման ամբողջ շղթան մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ միջուկային թափոնները դուրս են բերվում երկրից, ապա Թուրքիայի գործնական հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են։ Այդ դեպքում Անկարան կարող է ունենալ միայն տեսական գիտելիք կամ հավակնություն, բայց ոչ լիարժեք հնարավորություն։
Անդրադառնալով միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման աղբյուրներին՝ Լոքմագյոզյանը նշում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Իսրայելը, ոչ էլ Միացյալ Նահանգները նման քայլի չեն դիմի։ Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին առավել ուշագրավ է Թուրքիայի և Պակիստանի միջև ձևավորվող սերտ համագործակցությունը։ Պակիստանը, ունենալով միջուկային զենք և լինելով ավելի ճկուն նման հարցերում, կարող է դիտարկվել որպես հնարավոր գործընկեր՝ ֆինանսական և քաղաքական պայմանավորվածություններից ելնելով։
Թուրքագետի գնահատմամբ՝ այստեղ դեր կարող են խաղալ նաև վերջին տարիներին ակտիվորեն քննարկվող պանթուրքական ինտեգրացիոն գաղափարները։ Թեև Պակիստանը ոչ թուրքալեզու, ոչ էլ թուրքական պետություն է, այդուհանդերձ նա շահագրգռված է այս ձևաչափին ներգրավվելու հարցում։ Թուրքիան, իր հերթին, ունի տեխնոլոգիական, տնտեսական և քաղաքական ռեսուրսներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Իսլամաբադին։
Արդյունքում, Լոքմագյոզյանի խոսքով, թեև Թուրքիայի միջուկային զինանոց ունենալու հարցը մնում է տեսական և քաղաքական քննարկումների մակարդակում, այն տեղավորվում է երկրի երկարաժամկետ ռազմավարական մտածողության շրջանակում և պահանջում է տարածաշրջանային ու միջազգային լուրջ ուշադրություն։

