Հայաստանը վտանգավոր խաչմերուկում է. ինչպես չկորցնել հնարավորությունը

Հայաստանի ժամանակը գալիս է, բայց դա տեղի կունենա աստիճանաբար, զգույշ և համբերատար արտաքին քաղաքականության շնորհիվ, նշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագետ Ռոբերտ Ինգլիշը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը պահանջում է զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում՝ հաշվի առնելով միաժամանակ Ռուսաստանի շարունակվող ազդեցությունը և Արևմուտքի սահմանափակ ներգրավվածությունը։ Սիվիլնեթի եթերում Ինգլիշը նշել է, որ Երևանը բավականին հաջող մանևրային քաղաքականություն է վարում, որն ուղղված է երկկողմ ճնշումների մեղմացմանը։
Հայաստանի պաշտպանունակությունը դեռևս հնարավոր չէ կարճաժամկետում վերակառուցել առանց ռուսական բաղադրիչի

Քաղաքագետը շեշտել է, որ Ռուսաստանը, չնայած պուտինյան քաղաքականության հետևանքով շարունակական անկման միտում ունի, դեռ երկար ժամանակ կմնա ազդեցիկ ուժ, իսկ Հայաստանի պաշտպանունակությունը դեռևս հնարավոր չէ կարճաժամկետում վերակառուցել առանց ռուսական բաղադրիչի։ Նա զգուշացրել է՝ չափից դուրս սադրիչ քայլերը կարող են հակադարձ հետևանքներ ունենալ։ Որպես օրինակ, նա նշել է Վրաստանի նախկին սխալները՝ գերակշռող արևմտամետ դիրքորոշման հարցում։

Ինգլիշը նշել է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը, չնայած որոշակի սադրիչ բնույթին, դեռ չի հատել Մոսկվայի «կարմիր գիծը»։ Ըստ նրա, կարևոր է շարունակել աստիճանական հեռացումը, առանց կտրուկ քայլերի կամ ռազմական համագործակցության հրապարակային նախաձեռնությունների՝ Արեւմուտքի հետ։

⚠️ Փոքր պետությունները, ինչպես Հայաստանը, պետք է պատրաստ լինեն նոր աշխարհաքաղաքական իրողություններին

Նա նաև խոսել է Ուկրաինայի պատերազմից բխող հնարավոր արդյունքների մասին՝ կանխատեսելով, որ հակամարտությունը կարող է ավարտվել առանց էական տարածքային վերականգնումների։ Այդ համատեքստում Ինգլիշը զգուշացրել է՝ փոքր պետությունները, ինչպես Հայաստանը, պետք է պատրաստ լինեն նոր աշխարհաքաղաքական իրողություններին, որոնք կձեւավորվեն պատերազմից հետո։

⚠️ ՀՀ չպետք է գերագնահատի ռազմավարական գործընկերության նշանակությունը ԱՄՆ-ի հետ

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, Ինգլիշը կոչ է արել չգերագնահատել ռազմավարական գործընկերության նշանակությունը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունները հաճախ պայմանավորված են ավելի գլոբալ շահերով։ Նա զգուշացրել է, որ Հարավային Կովկասը կարող է կրկին դուրս մնալ Վաշինգտոնի ուշադրությունից, հատկապես եթե իշխանության գա Դոնալդ Թրամփը։

Scroll to Top