Ընտրությունների մաթեմատիկան և չակտիվացված ընտրողը

Ընտրությունների մաթեմատիկան և չակտիվացված ընտրողը

Հայաստանում ընտրական գործընթացների շուրջ քննարկումները շարունակում են ակտիվանալ, և դրանց առանցքում շարունակում է մնալ ոչ միայն քաղաքական պայքարը, այլև ընտրողի վարքագծի կանխատեսումը։ 

Սոցիոլոգ Արթուր Պարոնյանի գնահատմամբ՝ երկրում գոյություն ունի ընտրողների մի շերտ, որը թեև իրականում չի աջակցում գործող իշխանությանը, բայց տարբեր հանգամանքների բերումով կարող է մասնակցել և քվեարկել նրա օգտին։

Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում վերաբերում է վարչական ռեսուրսին․ պետական համակարգում աշխատող անձինք, ունենալով պաշտոն և կախվածություն, հաճախ հայտնվում են իրավիճակում, երբ փորձում են ապահովել իրենց ենթակաների մասնակցությունն ու աջակցությունը գործող իշխանությանը։ «Կան մարդիկ, որոնք շահագրգռված են, կան մարդիկ, որոնք կարող են խաբվել կամ ինչ-որ պայմաններում ստիպված լինել այդ ընտրությունը կատարել», — նշում է նա։

Միևնույն ժամանակ, սոցիոլոգը ընդգծում է, որ նույնիսկ այս գործոնները հաշվի առնելու պարագայում պատկերը միանշանակ չէ։ Նրա խոսքով՝ սոցիոլոգիան հաշվարկում է ոչ թե վարչական ռեսուրսը, այլ իրական ընտրողին՝ այն մարդուն, ով պատրաստ է առավոտյան վեր կենալ, գնալ ընտրատեղամաս և կատարել ընտրություն։ Եվ հենց այդ տեսանկյունից, ըստ Պարոնյանի, գործող իշխանությանը պատրաստ աջակցող ընտրողների թիվը ավելի փոքր է, քան ընդդիմադիր տրամադրություն ունեցող քաղաքացիների թիվը։

Սակայն այստեղ առաջանում է երկրորդ կարևոր խնդիրը՝ ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Պարոնյանի խոսքով՝ միասնական ընդդիմության բացակայությունը բերում է նրան, որ նույնիսկ ընդդիմադիր տրամադրված ընտրողները հաճախ հայտնվում են ընտրության բարդ իրավիճակում։ «Մարդիկ ասում են՝ այդ օրը կգա, առավոտը կվեր կենամ ու նոր կորոշեմ, թե ում եմ ձայն տալու», — նշում է նա։

Այս խումբը, որը նա բնութագրում է որպես «լատենտ ընդդիմադիրներ», հաճախ չի մասնակցում կամ չի կողմնորոշվում ժամանակին։ Հետևաբար, ընտրությունների ելքը կախված է ոչ միայն ընդհանուր ակտիվությունից, այլև նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա ակտիվացնել հենց այս շերտը։

Պարոնյանը նաև առանձնացնում է գործող իշխանության ռազմավարությունը՝ նշելով, որ այն բավականին հստակ է կառուցված։ Ըստ նրա՝ իշխանությունն ունի իր «կորիզը», ինչպես նաև հարակից այն շերտը, որը կարող է աջակցել իրեն, և նախընտրական ամբողջ աշխատանքը ուղղված է հենց այդ խմբի մոբիլիզացմանը։ «Նրանք չեն փորձում դուր գալ բոլորին, այլ աշխատում են թիրախային՝ այն մարդկանց հետ, ովքեր պոտենցիալ կարող են իրենց ընտրել», — ընդգծում է նա։

Այդուհանդերձ, նրա խոսքով, սոցիոլոգիան հաշվում է ոչ թե վարչական ճնշման ներքո գտնվողներին, այլ այն իրական ընտրողին, որը պատրաստ է առավոտյան վեր կենալ և գնալ ընտրատեղամաս։

Եվ հենց այդ տեսանկյունից, ըստ նրա գնահատման, գործող իշխանության կայուն ընտրազանգվածը ավելի փոքր է, քան ընդդիմադիր տրամադրություն ունեցող քաղաքացիների թիվը։ Այսինքն՝ կան շատ ավելի մեծ թվով մարդիկ, որոնք որևէ պարագայում չեն ընտրի գործող իշխանությանը, և եթե նրանք մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը կտան ընդդիմադիր ուժերից որևէ մեկին՝ անկախ նրանից՝ անցողիկ է այդ ուժը, թե ոչ։ Եվ այս պարագայում գլխավոր հարցը դառնում է այս մեծ ընտրազանգվածի մասնակցությունը՝ կգան այս մարդիկ ընտրատեղամաս, թե ոչ։

Այստեղ առաջանում է մեկ այլ առանցքային խնդիր՝ ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Միասնական, դոմինանտ ընդդիմության բացակայությունը բերում է նրան, որ ընտրողը հաճախ չի կարողանում կողմնորոշվել։ Պարոնյանի խոսքով՝ շատերը բացահայտ ասում են, որ որոշումը կայացնելու են հենց ընտրության օրը՝ առավոտյան։ Այս շերտը՝ դեռևս չկողմնորոշված, բայց ընդդիմադիր տրամադրություն ունեցող քաղաքացիները, կարող են դառնալ ընտրությունների ելքը որոշող գործոն։

Խոսելով արդեն կոնկրետ թվերի լեզվով՝ սոցիոլոգը ներկայացնում է բավական հստակ պատկեր։ Նրա գնահատմամբ՝ Երևանում գործող իշխանությունը կարող է ստանալ մոտ 30-32 տոկոս, մինչդեռ ընդդիմությունը՝ 50 տոկոսից ավելի, ինչը նշանակում է ավելի քան 100 հազար ձայնի տարբերություն ընդդիմության օգտին։ Փոքր քաղաքներում պատկերը որոշ չափով հավասարակշռվում է․ այստեղ իշխանության ցուցանիշը կարող է հասնել մոտ 40 տոկոսի, սակայն նույնիսկ այդ պարագայում այն չի ապահովում առավելություն։ Իշխանությունը այս ամենը շատ լավ հասկանալով՝  խաղադրույքը կատարում է գյուղական բնակչության վրա՝ ակնկալելով այնտեղ ապահովել 50 տոկոսից ավելի արդյունք։

Նրա գնահատմամբ՝ հենց այս պատճառով է, որ իշխանության նախընտրական ռազմավարությունը կենտրոնացած է հիմնականում գյուղական համայնքների վրա։ Իշխանությունը չի փորձում ամբողջ հասարակությանը դուր գալ, այլ իր ողջ ռեսուռն ուղում է այն մարդկանց մոբիլիզացման, որոնք մեխ հավանականությամբ կարող են քվեարկել իրենց օգտին՝ գյուղական բնակչությանը և 65 տարեկանից բարձր ընտրողներին։ Գյուղերում ակտիվությունը, տարբեր ծրագրերը, վարկերի սուբսիդավորման քաղաքականությունը, ըստ սոցիոլոգի,պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

Միևնույն ժամանակ, ընդդիմության առջև դրված է ոչ պակաս բարդ խնդիր՝ աշխատել տարբեր սոցիալական և գաղափարական խմբերի հետ։ Պարոնյանը նշում է, որ այսօր գոյություն ունեն սոցիալական ընդդիմադիրներ, գաղափարական և ազգային ուղղվածություն ունեցող խմբեր, ինչպես նաև շերտեր, որոնց հետ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ չի աշխատում։ Արդյունքում, ընտրությունների ելքը կախված է ոչ միայն ընդհանուր ակտիվությունից, այլև նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա ակտիվացնել այդ «լատենտ ընդդիմադիրներին» և նրանց բերել ընտրատեղամաս։

Ձևավորվող պատկերը ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքը որոշելու են ոչ միայն և ոչ այնքան առկա հասարակական տրամադրությունները, այլ քաղաքական ուժերի իրենց ընտրազանգվածը մոբիլիզացնելու կարողությունները։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top